Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբերի

Դեկտեմբեր 11,2001 00:00

Դու ո՞ւմ շունն ես Դեկտեմբերի 8-ին, Խուլ-համրերի մշակութային կենտրոնում տեղի ունեցավ շների ցուցահանդես-մրցույթ, որը կրում էր «Ցեղատեսակների ցուցադրություն-2001» անվանումը։ Միջոցառումը կազմակերպել էր «Արագիլ» կենդանիների պաշտպանության ընկերությունը։ Հովանավորը «Բարս» ֆիրման էր, որը հայտնի է իբրեւ «Մարս», «Սնիկերս» շոկոլադների ներմուծող։ Այս ֆիրման ներկրում է նաեւ շների «Պեդիգրի» կեր։ Մրցույթին մասնակցում էին տարբեր ցեղատեսակի շներ, որոնք անհամբեր հաչում էին, թռչկոտում՝ սպասելով, թե երբ են հարթակ դուրս գալու եւ իրենց գեղեցկությամբ հանդիսատեսին գրավելու։ Մրցույթն ընթանում էր առանց նախնական փորձերի։ Մրցույթի մեկնարկից մի քանի ժամ առաջ շները բերվում են հանդիսասրահ՝ միջավայրին ընտելանալու համար։ Այս մրցույթում էլ գործում են նույն կանոնները, ինչ գեղեցկուհիների մրցույթներում (հաշվի են առնվում քաշը, հասակը, քայլվածքը եւ այլն)։ Թեեւ ընտրությունը, կարծես, ավելի արդար էր կատարվում։ Դատավորը՝ Եվգենի Կուկլյաուսկասը, ժամանել էր Մոսկվայից։ Նա աշխատում է Կինոլոգների (շնաբանների) միջազգային ասոցիացիայում եւ միջազգային կարգի մրցավար է։ Քանի որ «Արագիլ» ակումբի նախագահ Վիոլետա Գաբրիելյանը զբաղված էր շներին հարթակ հրավիրելով, «Առավոտը» որոշեց հարցերն ուղղել ակումբի մանկապատանեկան սեկցիայի նախագահ Սերգեյ Գաբրիելյանին։ Պրն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանում գոյություն են ունեցել կենդանիների պաշտպանության 7 ակումբ, այժմ մնացել են 6-ը («Արալեզ» հայտնի ակումբը, որը նախորդ տարիներին կազմակերպել է այսօրինակ ցուցահանդես-մրցույթներ եւ որը նախագահի մահից հետո լուծարվել է)։ Ըստ պրն Գաբրիելյանի, Հայաստանում գրանցված են շների բավական մեծ թվով ցեղատեսակներ, սակայն ստույգ թիվը դժվար է նշել։ Կան ցեղատեսակներ, որոնցից Հայաստանում ընդամենը մի քանիսն են։ Օրինակ, «Շարպե» տեսակի շները 3-ն են, «Չաո-չաոն»՝ 10-12-ը. վերջիններիս բազմացումով հենց «Արագիլ» ակումբն է զբաղվում։ Կա լեգենդ, թե ով հանդիպում է սպիտակ «Չաո-չաո»-ի եւ ցանկություն է պահում՝ կատարվում է։ Հայաստանում կա նաեւ Իսպանիայից բերված «Կադեւու» ցեղատեսակի մեկ որձ շուն։ Պրն Գաբրիելյանն ասաց, որ, առանց արքայի համաձայնության, այդ ցեղատեսակի շանը Իսպանիայից հանել չի թույլատրվում, իսկ էգ «Կադեւուին» երկրից հանելն արգելված է ընդհանրապես։ Թե Հայաստանում գտնվող «Կադեւու» շունն ում է պատկանում, պրն Գաբրիելյանը խուսանավեց պատասխանել. «Քիչ հարուստ մարդ կա՞»։ Նրանց, ում հետաքրքրում է, թե ինչպես շուն ձեռք բերել, ընտրել, խնամել եւ այլն, խորհուրդներ է տալիս «Արագիլը»։ Նա հետաքրքրվում է, թե ինչ պայմաններ ունի գնորդը՝ արդյոք տունը սեփակա՞ն է, թե՞ ոչ, քանի՞ սենյակ կա եւ նման այլ հարցեր, որից հետո խորհուրդ է տալիս, թե որ ցեղատեսակի շուն վերցնեն։ Հետո, իհարկե, բացատրում է, թե ինչպես պետք է խնամել, երբ պետք է ներարկումներ կատարել եւ այլն։ Իսկ «Ցեղատեսակների ցուցադրություն-2001» մրցույթում, անկախ հաղթող ճանաչվելու հանգամանքից, մասնակից շները նվերներ էին ստանում։ Մասնավորապես առաջին մրցանակ շահած «Տաքսա» շունը ստացավ ոսկե մեդալ, ձայնագրիչ եւ մի մեծ պարկ «Պեդիգրի»։ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել