Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի

Դեկտեմբեր 14,2001 00:00

«Նրանք հյուր չեն, նրանք մեզ հարազատ մարդիկ են» Սպիտակի քաղաքապետ Համլետ Սարդարյանն այսպիսի ջերմ գնահատական տվեց ամերիկացի բարերարներ Ալան Ռուբիկին եւ Դոն Գուդրոուին, որոնք առաջին տարին չէ, որ այցելում են Սպիտակ եւ ջերմ խոսքեր շատ են լսել։ Սպիտակը եւ ԱՄՆ Թաուզենդ Օկսը, արդեն 10 տարուց ավելի է, քույր քաղաքներ են եւ քաղաքների հանձնախումբը միշտ օգնել է Սպիտակին։ Դեռեւս Սպիտակի նախկին քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի օրոք սկսված այս բարեկամությունը շարունակվում է մինչ օրս։ Այս անգամ հանձնախմբի նախագահ, ամերիկահայ կոմպոզիտոր Ալան Ռուբիկը եւ հանձնախմբի ամենաակտիվ անդամը՝ ամերիկացի Դոն Գուդրոուն, Սպիտակ էին այցելել քաղաքի դպրոցներին եւ հրշեջ ծառայությանը նվերներ տալու նպատակով։ Դոն Գուդրոուն, որը, չնայած 70-նն անց է արդեն, բայց շատ առույգ եւ ուրախ մարդ է ու սպիտակցիների սիրելին, Սպիտակի պատվավոր քաղաքացի։ Քաղաքապետ Համլետ Սարդարյանը վստահ էր, որ Ալան Ռուբիկին էլ շուտով նման պատվի պետք է արժանացնեն։ Սպիտակում 9 դպրոց եւ 3 մանկապարտեզ կա։ Սպիտակի բոլոր աշակերտներին ամերիկացի բարերարները մոտ 3300 հատ դպրոցական պայուսակ էին նվեր բերել, ընդ որում՝ տարրական դասարանցիների համար նաեւ գրենական պիտույքներ, իսկ մանկապարտեզների սաների համար՝ խաղալիքներ։ Արդեն քանի տարի է, Սպիտակի հրշեջ ծառայությանը քույր քաղաքների հանձնախումբը իր հովանավորության տակ է առել։ Ծառայության պետ Արկադի Բաբայանը հպարտությամբ պատմում է, որ իրենց հրշեջ կայանը լավագույնն է տարածաշրջանում։ Այն ապահովված է ռադիոկապով, 3 մեքենա ունի։ Միայն շենքի խնդիր ունեն, որը հուսով են լուծել իրենց բարեկամների աջակցությամբ։ Այս անգամ ամերիկացի բարերարները հրշեջ կայանի համար փողրակներ, 2 համակարգիչ, օդափոխիչ սարք եւ մասնագիտական համազգեստ էին բերել։ Բացի այդ, նրանք 25 զույգ հենակներ էին բերել Սպիտակի հաշմանդամների համար։ Օրերս, հանձնախմբի ֆինանսավորմամբ՝ կրակմարիչներ են գնվել Սպիտակի բոլոր դպրոցների համար։ Դրանք կտեղադրվեն երեխաների համար անհասանելի տեղում, քանի որ նախորդ փորձը տխուր ավարտ էր ունեցել. երեխաները մեկ օրում դատարկել էին բոլոր կրակմարիչները՝ սպիտակ փրփուրով պատելով դասասենյակները։ Ալան Ռուբիկն ու Դոն Գուդրոուն՝ տեսնելով, թե ինչ ոգեւորությամբ են նվերներն ընդունում, հուզված ասում էին, որ ինչ կարող են՝ կանեն քաղաքի համար։ Ի դեպ, Դոնը հայերին շատ է սիրում եւ գուցե նրա համար, որ կինը հայուհի է։ Իսկ Ալանը ցանկանում է հայ երաժիշտների հետ աշխատել, քանի որ գտնում է, որ նրանք շատ տաղանդավոր են։ Սպիտակի քաղաքապետի խոսքերով՝ 2 մեծ պրոբլեմ ունեն. բնակարանների պակասը եւ գործազրկությունը։ Քաղաքում գործարաններ ու ֆաբրիկաներ կան, սակայն վերջիններիս ղեկավարները ամերիկացի հյուրերին պատմում էին, որ պատվիրատուի կարիք ունեն, որպեսզի ապրանքը կարողանան սպառել։ Ալանը, որի երաժշտությունը մեծ պահանջարկ ունի հատկապես ճապոնական շուկայում, խոստացավ ամեն ինչ անել, որ ճապոնացի գործարարները հետաքրքրվեն Սպիտակի գործարաններով։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31