Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետականամետ»՝

Դեկտեմբեր 15,2001 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՔ ՉԵՆ «Պետականամետ»՝ այսօրվա Հայաստանում նշանակում է «պնակալեզ» Պետությունը քաղցր բան է: Հարյուրավոր ազգեր մարդկության ողջ պատմության ընթացքում երազել են պետություն ունենալ, նրանցից շատերը այդպես էլ չունեցան պետականություն կամ կորցրին այն, եւ հետո իրենք էլ կորան, կամ էլ շարունակում են գոյատեւել որպես էթնոս, բայց դա առանձնապես երեւելի գոյություն չէ: Մենք, հայերս, նույնպես հարյուրամյակներ շարունակ պետություն չենք ունեցել, հարմարվել ենք օտար լծին, կամ ընդվզել ենք դրա դեմ, բայց տարել ենք զուտ բարոյական հաղթանակներ: Վերջապես, 20-րդ դարում ճակատագիրը մեզ տվեց պետություն ունենալու հնարավորություն, եւ մեր ժողովրդի լավագույն զավակների ջանքերով ու արյամբ մենք ունեցանք Առաջին (անկախ), Երկրորդ (ոչ անկախ) եւ Երրորդ (դարձյալ անկախ) հանրապետությունները: Բնականաբար, ցանկացած հայի (առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացու) պարտքն է պահել, փայփայել, հզորացնել Հայոց պետությունը: Բայց այդ սուրբ հասկացությունը պետք է սահմանազատել, հեռու պահել այն քաղաքական գործիչներից, որոնք իրենց «պետականամետ» են անվանում: Այսօր բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերցնել թուրքական «Դուռու» օճառը եւ մտնել Ռոբերտ Քոչարյանի գրպանը (կոպիտ բառեր չօգտագործենք), իրենց իրավունք են վերապահում շահարկել «պետություն» բառը: Նրանք վստահ են, որ Քոչարյանի, պայմանականորեն ասած՝ գրպանը հենց այն տեղն է, որտեղ պետք է պետություն կառուցել: Իրենց բնութագրելով որպես «պետականամետ», այդ բազմաթիվ գործիչներն ու կուսակցությունները փորձում են կոծկել սեփական ստորին բնազդները: Այդ բոլոր «պետականամետների» նպատակը մեկն է՝ օգտվել իշխանության սեղանի բարիքներից: Իսկ այդ սեղանի բարիքները բաշխում են երկու հոգի՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Ընդ որում, սպասելիքներն ու ախորժակները, իհարկե, տարբեր են: Օրինակ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին կամ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանին ամենօրյա մի աման խաշը իր թաշախուստով լիովին բավարար է այս կյանքում լիակատար երջանիկ լինելու համար: Կան ավելի քաղաքականացված «պետականամետներ», ասենք, Դաշնակցությունը, որի հավակնություններն ավելի մեծ են՝ նրանց պետք է, ասենք, երեք աման խաշ: Ռամկավարներն ակնկալում են մոժոժ, «Արժանապատիվ ապագան» հավակնում է «փորի», «Նորացված» կոմկուսը կբավարարվի սխտորով եւ բողկով եւ այլն, եւ այլն: Սեղանից օգտվողների կամ օգտվել ցանկացողների միջեւ որակական տարբերություն չկա: Անշնորհակալ գործ է պայքարել պալատական պնակալեզների դեմ՝ դրանք եղել են, կան եւ կլինեն: Պարզապես մի բան է, երբ քաղաքական գործիչները խոսում են Շվարցի հեքիաթների հերոսների լեզվով՝ «ձերդ մեծություն, թույլ տվեք պարզ, առանց սեթեւեթելու խոստովանել՝ դուք հանճար եք»: Այլ բան է, երբ նույն քծնողական բովանդակության ներբողների մեջ հյուսվում է «պետություն» բառը, երբ քծնողները ընդվզում են «իշխանամետ» բնութագրման դեմ, եւ իրենց «պետականամետ» են ներկայացնում: Հետաքրքիր է իմանալ, իսկ որքանո՞վ է պետականամետ (այս անգամ՝ առանց չակերտների) ձեր պաշտամունքի առարկան: Այն նախագահը, որը պետության ղեկավար է դարձել՝ այդ պետության օրենքները կոպտորեն ոտնահարելով: Որքանո՞վ էր պետականանպաստ երկրի վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի սպանությունը: Լսեք, թե ինչ է հիմա դատարանում ասում մարդասպանը. իր հանցագործությամբ նա, իբր, կանխեց երկրի գլխին կախված աղետը, թույլ չտվեց, որ Հայաստանը կործանվի (նա էլ է, երեւի, «պետականամետ»), իսկ ահաբեկչությունից հետո երկիրն, իբր, սկսեց զարգանալ: Դա ամբաստանյալի «պաշտպանական տակտիկա» չէ, դա ակնհայտ քարոզչություն է: Իսկ թե ում օգտին, կռահեք ինքներդ: Պետությանը օգո՞ւտ է, թե՞ վնաս բոլոր եկամտաբեր բիզնեսները կենտրոնացնել 3-4 հոգու ձեռքում, պետության օգտի՞ն է նրանցից ստանալ անձնական «ստալինսկի պայոկը» եւ թույլ տալ հարկ չվճարել պետական բյուջե, կամ չմուծել էլեկտրաէներգիայի եւ գազի դիմաց: Պետականամե՞տ է դրա փոխարեն չոքել մանր եւ միջին բիզնեսմենների վզին՝ ստիպելով նրանց բռնել գաղթի ճանապարհը: Պետականամե՞տ է, վերջապես, մի կողմից՝ բանակցել ազերիների հետ Մեղրիի վերաբերյալ, մյուս կողմից՝ տուրք տալ 19-րդ դարի ցնորամտություններին՝ արյան վրեժին, պահանջատիրությանը, Հայ Դատին: 8230Ախ հա, մոռացա: Կա մի հիմնավոր պատճառ «պետականամետ» լինելու համար՝ 40 հազար աշխատատեղը: Այդ առիթով մի առաջարկ ունեմ բոլոր «պետականամետ» գործիչներին եւ մտավորականներին: Դուք ուզում էիք Քոչարյանին առաջարկել Նոբելյան խաղաղության մրցանակին: Չի ստացվում: Այսինքն՝ չի ստացվում խաղաղություն հաստատել, եւ ձեր նախագահը, կարծես թե, դրա համար չի էլ տանջվում: Փոխարենը նա հանճարեղ ինքնուս տնտեսագետ է՝ պոլիտեխնիկական կրթությամբ: Ուստի նա միանգամայն արժանի է նույն մրցանակին, բայց տնտեսագիտության բնագավառում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել