Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹԸ» ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է

Դեկտեմբեր 15,2001 00:00

«ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹԸ» ԶԱՐՄԱՑՆՈՒՄ Է Ավարտվող տարվա շոգ ամռան վերջին «Աշտարակ-կաթ» ֆիրմայի պաղպաղակների սիրահարներին կամ մշտական գնորդներին վաճառողները հանձնում էին հատուկ հարցաթերթիկներ, որոնք լրացնելուց հետո պետք է մասնակցեին մրցույթին եւ շահեին ուղեգրեր Կիպրոս, համակարգիչ կամ բջջային հեռախոս, հեռուստացույց եւ այլ խիստ ցանկալի իրեր։ Ո՞վ չի գայթակղվի նման անվանացանկից, հատկապես, որ պահանջվում էր ընդամենը ուտել որքան կարելի է շատ պաղպաղակ եւ դրանց փաթեթները կամ դատարկ տուփերը մինչեւ սեպտեմբերի 30-ը հանձնել ֆիրմայի գրասենյակ։ Սկսվեց մրցավազք, շատերը միայն «Աշտարակ-կաթի» պաղպաղակներ էին գնում։ Մրցույթի վերջին օրերին ֆիրմայի գրասենյակում դժվար էր տեղ գտնել ոչ միայն մարդկանց, այլեւ փաթեթներով լի տոպրակների համար։ Եկել էին նաեւ մերձակա քաղաքներից եւ մարզերից։ Ֆիրմայի աշխատակցուհի Ասոնան մեծ սիրով հատուկ մատյանում գրանցում էր մրցույթի մասնակիցների բոլոր տվյալները եւ հայտնում հերթական համարը։ Հետո հայտնեցին, որ մրցույթը հետաձգվել է մեկ ամսով եւ կանցկացվի նոյեմբերի առաջին օրերին, կհեռարձակվի հեռուստատեսությամբ եւ նախօրոք կլինի լրացուցիչ հայտարարություն։ Նշված ժամկետից անցել է 1 ամսից ավելի, սակայն պարզ չէ, թե ով կգնա Կիպրոս կամ թանկարժեք իրերի տեր կդառնա։ Ուզում ենք բարեկամաբար հարցնել «Աշտարակ-կաթին», թե ինչո՞ւ չկայացավ այդքան երկար սպասված մրցույթը։ Չէ՞ որ կրկին շոգ կլինի, մարդիկ պաղպաղակ ուտելու ցանկություն կունենան, բայց չեն մոռանա, որ «Աշտարակ-կաթը» արդեն կորցրել է մի շատ թանկ բան՝ իր հեղինակությունը (չկատարելով խոստումը) եւ իր երկրպագուների հավատը։ ՄԵԼՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել