Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու հայն իրավունք չունի իրեն մարդ զգալու

Դեկտեմբեր 18,2001 00:00

ԵՐԿՈՒ ԳԻՇԵՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԻ ՄՈՏ Ինչու հայն իրավունք չունի իրեն մարդ զգալու ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, խոսելով բանակի մասին, չի մոռանում անդրադառնալ բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման մասին: Բանակն, ինչ խոսք, զինված բանդայից տարբերվում է նաեւ այդ հատկանիշով: Սակայն, պարոն նախարարին խնդրենք թույլ տալ մեզ կասկածելու իր խոսքերի անկեղծության մեջ, գոնե այդ առումով: Նման անհարգալից վերաբերմունքը հարգելի նախարարի խոսքերի նկատմամբ ծագել է երկու գիշեր Կենտրոնական զինվորական հավաքակայանում (ժողովրդի մոտ ավելի հայտնի է «սբոռնի պունկտ» անունով) հերթապահելով: Այստեղ, դիտավորյալ թե անգիտությամբ (վերջինս կասկածելի է), ամեն ինչ արվում է այնպես, որպեսզի հավաքված զանգվածն իրեն հանկարծ մարդկային հանրության մաս չզգա: Չէ, ներողություն ենք խնդրում, դա ընդամենը հետեւանք է սովորական մի երեւույթի, որ առեւտուր է կոչվում: Տարածքում տեղադրված մեկ տասնյակի հասնող քյաբաբնոցների ու խորովածանոցների արտադրանքը վաճառելու համար (օղին էլ հետը)՝ ի՞նչ է մնում. եթե ոչ՝ ժողովրդին ժամերով սպասեցնել տալ: Ձմեռային ցրտից դրսում տաքանալու ուրիշ ի՞նչ միջոց` եթե ոչ՝ օղին, օղուն էլ ի՞նչ վերադիր` եթե ոչ՝ «մի կտոր հացը»: Չար լեզուններն էլ ասում են, որ սննդի այդ բոլոր «տոչկեքը» պատկանում են զինվորական ղեկավարությանը: Չնայած, չար լեզուներն էլ չլինեին, էլ ու՞մ պետք է պատկանեին հավաքակայանի մոտ գտնվող ադ «համեղ պատառները», ո՞վ ռիսկ կաներ այդտեղ «օբյեկտ» դնել: Այն, որ մարդկանց իսկապես սպասեցնում են անտեղի (այդ մարդկանց, սակայն ոչ առեւտրականների եւ զինվորական մեկ կամ երկու հրամանատարների տեսակետից), հաստատվում է այն հանգամանքով, որ նախորդ օրը հավաքակայան բերված զինակոչիկների ծառայության վայրը սովորաբար հայտնի է դառնում հաջորդ օրվա կեսօրից անմիջապես հետո: Սակայն խեղճուկրակ ծնողները, պարզ է, սպասում են պաշտոնական հայտարարություններին, որ կատարվում են ժամը 20-ից հետո: Ընդ որում, առեւտրական նույն նպատակին է ծառայում նաեւ առաջին օրը մարդկանց մինչեւ 9-10-ը սպասեցնել տալը, մինչ այն պահը, երբ վերջանում է այսինչ զորակոչիկին այնինչ զորամաս տանելու մասին ազդը: Կարելի էր, չէ՞, անմիջապես հայտարարել, որ այսինչ տեղից բերված զորակոչիկներն առաջին գիշերը մնալու են հավաքակայանում: Ինչպես ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիքի: Այդ «օբյեկտները» կերակրում են առնվազն տաս-տասնհինգ ընտանիք. սրանք աշխատատեղեր են, չէ՞, որ գալիս են լրացնելու այդքան չարչրկված 40 հազարը: Ոչինչ, որ արանքում մարդիկ սառչում են, հայհոյում նման կարգեր ստեղծողներին, ազգին ի վերջո: Հետո էլ կռիվ ու տուրուդմփոց են սարքում, ինչը հաջորդ օրը հերթապահելու համար ոստիկանություն կանչելու անհրաժեշտություն է ծնում: Եվ այս ամենի հետեւանքով ծնողների մոտ համապատասխան վերաբերմունք է ծնվում բանակի նկատմամբ, որը, բնականաբար, փոխանցվում է ներկա եւ ապագա զինակոչիկներին ու զինվորներին: Իսկ պարոն Սերժ Սարգսյանը խոսում է բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման մասին: ՎԱԽԹԱՆԳ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել