Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու շաբաթ առաջ իրականություն դարձավ մարդկային արարածի կլոնավորումը՝ թեկուզեւ բջջային մակարդակով։

Դեկտեմբեր 18,2001 00:00

Մարդու կլոնավորումն այլեւս իրականություն է Երկու շաբաթ առաջ իրականություն դարձավ մարդկային արարածի կլոնավորումը՝ թեկուզեւ բջջային մակարդակով։ Գիտնականները շտապեցին հայտարարել, որ չեն խրախուսում մարդու կլոնավորման ցանկացած եւ բոլոր տիպերը, այլ իրենք հակված են, այսպես կոչված, թերապեւտիկական կլոնավորմանը, որը, ասենք, կօգնի բուժելու շաքարախտը կամ վերականգնելու վնասված ողնուղեղը՝ օգտագործելով պացիենտի սեփական բջիջների գենետիկ նյութը։ Այս կարգի կլոնավորումը տարբերվում է վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) կլոնավորումից, որի նպատակն է՝ կնոջ արգանդ ներմուծել կլոնավորված էմբրիոնը՝ սաղմը, եւ հետեւել դրան՝ մինչեւ կլոնավորված երեխայի ծնունդը։ «Scientitie American»-ում տպագրված հոդվածում գիտնականները բացատրում են, որ վերարտադրողական կլոնավորումը եւ մոր, եւ պտղի համար պոտենցիալ վտանգ է կրում իր մեջ եւ որ իրենք կողմ են վերարտադրողական կլոնավորման սահմանափակմանը, մինչեւ չլուծվեն անվտանգության եւ այս հարցում էթիկայի հետ կապված խնդիրները։ ԱՄՆ կառավարությունը Բուշի գլխավորությամբ հաստատեց Կոնգրեսի ավելի վաղ կայացրած որոշումը, որը սահմանում է, որ ցանկացած մարդկային կլոնավորում եւ անբարոյական է, եւ անօրինական, եթե նույնիսկ այն օգտագործվում է հիմնական բջիջների ուսումնասիրության համար՝ հետագայում միլիոնավոր մարդկանց կյանքեր փրկելու նպատակով։ Գիտնականներին թույլ է տրվել օգտագործել հիմնական բջիջների սահմանափակ քանակ՝ ուսումնասիրելու համար այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք Պարկինսոնի եւ Այլցհամերի հիվանդություններն են, սակայն Կոնգրեսը զգուշացրել է, որ դրանցից ոչ մեկը չպետք է հետագայում աճեցվի կլոնավորման որեւէ տեսակի համար։ Ամերիկայում այժմ կրոնական ֆունդամենտալիզմով ներծծված խոսքուզրույցների թեման այն է, որ մարդկային որեւէ կյանքի ստեղծումը՝ այն սպանելու կամ մանիպուլյացիայի ենթարկելու նկատառումով, անբարոյական է եւ չպետք է թույլատրվի։ Իրավական եւ էթիկական տեսակետից էլ պետք է դիտարկել կլոնավորման հնարավոր չարաշահումները։ Հոլիվուդն արդեն բավարար չափով ֆիլմեր է արտադրել, որոնք նկարագրում են, թե ինչ աղետալի պատմությունների մեջ կարող է մարդկությանը գցել կլոնավորումը։ Ի՜նչ հնացած կարող է թվալ Արարման գաղափարն ընդհանրապես, եթե մարդկային համատարած կլոնավորումը իրականություն դառնա։ Էլ չենք ասում այն մասին, որ վերարտադրության հետեւանքով կինն ու տղամարդը կարող են այլեւս իրար կարիք չզգալ։ Իրատես լինելու համար պետք է նշել՝ ջինը շշից դուրս է եկել։ Անկախ նրանից, թե ամերիկյան Կոնգրեսն ինչ կորոշի, մարդու կլոնավորումը հաջորդ 10-20 տարում իրականություն կդառնա։ Եթե նույնիսկ ամերիկյան կամպանիաներին արգելեն դրանով զբաղվել, եվրոպականները կամ ասիականները կանեն դա. օգուտը, որ այդպիսի ուսումնասիրությունից կարելի է քաղել, ամերիկյան կազմակերպություններին էլ կստիպի հետ նվաճել այդ իրավունքը։ Ինչպես միջուկային տեխնոլոգիաները, այնպես էլ մարդու կլոնավորման հարցերը մարտահրավեր են մարդկային երեւակայությանը։ Նոր տեխնոլոգիաներից վախենալու փոխարեն պետք է ընդունել դրանք եւ գտնել դրանց օգտագործման լավագույն եղանակները։ Մարդիկ այնպիսի սարսափելի հիվանդություններից են տառապում, որ անմարդկային կլինի չընդունել դրանց բուժման հնարավորությունները տվող կլոնավորումը։ ՔՐԻՍՏՈՖԵՐ ԱԴԱՄՅԱՆ Նյու Յորք, «Առավոտի» համար (Տպագրվում է թարգմանաբար՝ կրճատումներով)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել