Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԱ-ի

Դեկտեմբեր 19,2001 00:00

ԳԵՂԱՄՅԱՆԸ ՓՈՐՁԵՑ «ՍԽԱԼ ՀԱՆԵԼ» ՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԱԱ-ի հյուրը երեկ «ԱՄ»-ի նախագահն էր Արտաշես Գեղամյանը նախագահ Քոչարյանի 40 հազարանոց խոստումը օրեր առաջ «առասպել» էր անվանել, երեկ արդեն այդ խոստումը ավելին չէր, քան՝ «դարակազմիկ բլեֆ»։ Թեկուզ մենք թվեր չենք սիրում, բայց ստիպված ենք թվերով խոսել։ Հիմնականում դրանք շատ ավելի խոսուն են, քան ցանկացած «առասպելաբանություն»։ Այսպիսով, ըստ Արտաշես Գեղամյանի, պաշտոնական տեղեկագրում ասվում է, որ «2001թ. հունվար-սեպտեմբերին իրական հատվածում ներդրումների ծավալը կազմել է 88 մլն 447 հազար 600 դոլար, որից ուղղակի ներդրումները 63 մլն 320 հազար են։ 2000թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ ներդրումների ծավալը նվազել է 37,1%-ով, այդ թվում՝ ուղղակի ներդրումների ծավալը՝ 36,5%-ով»։ Ա.Գեղամյանի ասելով, զգալիորեն նվազել են նաեւ առեւտրային բանկերի ներդրումները. «Մինչդեռ հանրապետության նախագահը պնդում է լրիվ հակառակը, որ ներդրումներն ավելացել են։ Այսպես՝ 2001թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին առեւտրային բանկերի վարկային ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 5%-ով կամ 5 մլրդ 72 մլն դրամով, այդ թվում երկարաժամկետ վարկային ներդրումները 2001թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին նվազել են 23,5%-ով կամ 15 մլրդ դրամով»։ Պրն Գեղամյանն իր ընդդիմախոսների գործը թեթեւացնելու համար նշում էր նաեւ տեղեկագրի այն էջը, որտեղից արվում էր մեջբերումը։ Արտաշես Գեղամյանի պնդմամբ, երբ նախագահն իր ասուլիսի ժամանակ ասաց, թե եկամտահարկը չի, որ բնութագրում է նոր աշխատատեղերի ստեղծումը, այլ՝ փողի զանգվածի աճը, որը 30 մլրդ-ով ավելին է եղել, քան նախորդ տարի, ապա ոչ ճիշտ ցուցանիշ ներկայացրեց. «Այդպիսի ցուցանիշ չկա, հավանաբար ով հուշել է մեր հարգարժան նախագահին, նկատի է ունեցել տնտեսության մոնետիզացիայի մակարդակը, որը աշխատատեղերի հետ ոչ մի առնչություն չունի»։ Գեղամյանը հաշվարկել է դրամական զանգվածի աճը, որ 2001-ին կազմել է 5,5%, պետք է զգալիորեն ավելի լինի այսօր եղածից։ Բացատրելով «մակրոտնտեսության համար տարրական» գաղափարները, որպես առողջ ընդդիմություն, Գեղամյանը սրտի ցավով ասաց. «Գոնե հուշեին, ճիշտ ասեր նախագահը, որովհետեւ անհարմար էր զգում ասել, որ ապատեղեկատվություն է, անհարմար էր զգում ասել, որ մակրոտնտեսության հետ առնչություն չունեցող պնդումներ են»։ Եթե Ա.Գեղամյանը այս ամենը փորձում է պրոֆեսիոնալ ձեւով մերժել, ապա պատահական չէ, որ ժողովուրդը այս ամենը զգում է բնազդով եւ իր կենցաղով. «Զգալով այս ամենը կենցաղով, 108 հազար մեր ազգաբնակչության ներկայացուցիչներից, ում մենք դիմել էինք նախագահի պաշտոնանկությունը պահանջող փաստաթղթի տակ ստորագրելու համար, 102 հազարը ստորագրեցին»։ Գեղամյանը գտնում է, որ եթե իր երկու ելույթներին (40 հազարանոց խոստումը «սխալ հանելու» թեմայով) ոչ մի քաղաքական ուժ չի ընդդիմախոսել, «կառավարության ոչ մի անդամ կասկածանքի տակ չառավ իմ կողմից բերված որեւէ ցուցանիշ, ավելին, չհերքեց այն, գալիս է ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ ներկայիս վարչակազմը 2001-ին ապրեց խոր ֆիասկո»։ Սա «ընդդիմադիր ուժերին չի ուրախացնում», որովհետեւ եթե «վարչակազմն ապրում է ֆիասկո, դա խիստ բացասական է անդրադառնում ընդհանուր առմամբ բնակչության կենսամակարդակի վրա»։ Ա.Գեղամյանը շարունակ կրկնում էր, որ իր ներկայացրած թվերը ավելին չեն, քան պաշտոնական տվյալները եւ, որ ինքը հոգ է տանում պետության ղեկավարների մասին եւ ասում է, որ «հեռախոսային տեղեկատվությունը պետք է դնել մի կողմ, երբ պետության բախտը բնութագրող թվերի մասին է խոսվում»։ «Առավոտը» հիշեցրեց Արտաշես Գեղամյանին, որ իր ներկայացրած պաշտոնական թվերը ոչ ոք չժխտեց նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ. «Միանգամայն ճիշտ եք, սիրելի Մարգարիտ, բայց, եթե սա չլիներ, բնականաբար, ես այդքան չէի ծանրանա»։ Եվ որպես իր «ծանրանալու» հերթական ապացույց, Արտաշես Գեղամյանը կարդաց «ՀՀ»-ում տպագրված նախագահի ասուլիսի այն հատվածը, որտեղ նախագահն ասում է, որ ինքը «չգիտի, թե որտեղից է վերցվել այդ 163 հազարը, պատգամավորը պետք է փորձեր խորանալ եւ հասկանալ, թե վիճակագրական ծառայության երբվա՞ եւ ի՞նչ հաշվետվություններից է օգտվում»։ Իր ասելով, Ա. Գեղամյանը հետեւել է «մեր հարգարժան նախագահի խորհրդին, հերթական անգամ խորացա եւ համոզվեցի, որ ես չէի սխալվել»։ «Դարակազմիկ բլեֆ» որակելով 44 հազար 48 աշխատատեղերի ստեղծումը, Արտաշես Գեղամյանը հռետորական հարց հնչեցրեց այն մասին, թե ո՞վ է խանգարում հանրապետության նախագահին, որպեսզի «կոտրի օլիգարխների հանցավոր հանգույցը։ Ի՞նչ, անունները չգիտի՞։ Չափազանց լավ գիտի։ Հասցեները չգիտի՞։ Չափազանց լավ գիտի»։ Իսկ սահմանադրական փոփոխությունները որակվեցին որպես ուշադրությունը շեղող. «Թող մեկ առ մեկ ասի՝ գործող Սահմանադրության մեջ ո՞ր կետերն են խոչընդոտում այս աղաղակող հանցագործությունների առաջն առնել»։ Արտաշես Գեղամյանը վերջում ամփոփելով ասաց, թե գործող նախագահը «ոչ թե բանականությամբ է ուզում առաջնորդվել, այլ ուզում է ցույց տալ, որ բռնի ուժն իրենն է»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել