Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհական «Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի» 2001-ի մայիսի

Դեկտեմբեր 20,2001 00:00

Կռիվներ «տեղական լսարանի» առջեւ Լեհական «Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի» 2001-ի մայիսի զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերին։ Բայց մինչ դրանցից հատվածներ ներկայացնելը՝ նշենք, որ երեկվա մեր համարում տեղ էր գտել թարգմանական սխալ։ ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության շրջանն այս պետական կենտրոնի վերլուծաբանները բնորոշել են ոչ իբրեւ ամբողջատիրական (տոտալիտար), ինչպես նշել էինք, այլ ավտորիտար։ Հավելենք, որ ըստ այս եզրակացության, այն առավել ավտորիտար էր, քան եղել է երբեւէ։ Անդրադառնանք ներկա արտաքին քաղաքականության վերաբերյալ զեկույցում առկա գնահատականներին։ «Երեւանի արտաքին քաղաքականության գերակայությունը եղել է եւ կլինի (հատկապես Մոսկվայի եւ Ադրբեջանի՝ Հայաստանի հակառակորդի միջեւ հարաբերությունների փոքրիկ, բայց հրաշալի ջերմացումից հետո) Ռուսաստանի հետ բարեկամությունը»,- կոմպլեմենտար քաղաքականություն վարելու շուրջ մեր բազմակի հավաստիացումները լեհ վերլուծաբանների կողմից լուրջ չընդունվելու այս վկայությանը հավելենք Լեհաստանի ամենատարբեր շրջանակների հետ հանդիպումներից մեր ստացած այն տպավորությունը, որ նրանք հայերին համարում են ուղղակի անհուսալի ռուսամետ։ Եվ բավական թերահավատությամբ էին ընկալվում մեր պատվիրակության անդամների հավաստիացումները, թե մեր երկրում նաեւ եվրոպական արժեքների ջատագովներ կան։ «Հայաստանի մուտքը (Ադրբեջանի հետ միասին) Եվրախորհուրդ փաստացի չի լավացնի հարգանքը մարդու իրավունքների հանդեպ։ Վրաստանի օրինակը, որ ԵԽ անդամ դարձավ 1999-ին, վկայում է այդ մասին»,- Հայաստանի համար մութ ապագա են կանխատեսում այս վերլուծության հեղինակները։ Նշվում է, թե մեր անվտանգության ամենակարեւոր հարցը շարունակում է մնալ Ղարաբաղը. «Ճիշտն ասած, երկու երկրների ղեկավարների հանդիպումները չեն փոխարինում կարգավորման բնականոն գործընթացը, սակայն զույգ առաջնորդների ուժեղ դիրքերը ազերի եւ հայ հանրության համար առավել հեշտացնում են բանակցությունների արդյունք ցանկացա՛ծ որոշման ընդունում»։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ 2001-ի մարտին փարիզյան հանդիպումից հետո Ալիեւի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի հասարակությունը ցանկանում է այս խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, եւ դրան հետեւած Սերժ Սարգսյանի հակահարվածին, թե Հայաստանը լավ նախապատրաստված է պատերազմին. «Ամենայն հավանականությամբ, այս երկու հայտարարություններն էլ նախատեսված էին, առաջին հերթին, տեղական լսարանի համար եւ այս ձեւով փորձ էր արվում պարզել, թե երկու երկրների հասարակական կարծիքն ինչպես կարձագանքի հնարավոր զիջումներին»։ Լեհ վերլուծաբանները գրեթե հնարավոր չեն համարում առաջիկայում որեւէ արմատական փոփոխություն եւ մասնավորապես՝ պատերազմական գործողությունների վերսկսում. «Հայաստանը հակված չէ պատերազմի, քանի որ առավել հարմար է գտնում ստատուս-քվոյի պահպանումը»։ Լեհաստանի «Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի» փորձագետներն այս առնչությամբ առանձնակի շեշտադրել են Ստեփանակերտի գործոնը. «Լեռնային Ղարաբաղը թեեւ ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, ուժեղ պետություն է, որի տրամադրության տակ է տարածաշրջանի ամենաարդյունավետ բանակը, եւ չի պատրաստվում կուրորեն ենթարկվել Երեւանին։ Սրա ապացույցն այն փաստն է, որ Քի Ուեսթում բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո Ղարաբաղում սկսվեցին զինվորական զորավարժություններ»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31