Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստան այցելության մասին մեր այս վերջին հրապարակման մեջ միայն առանձին հետաքրքրական անրամասներ, դիտ

Դեկտեմբեր 22,2001 00:00

ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ «ԶՐԻՑՆԵՐ» Լեհաստան այցելության մասին մեր այս վերջին հրապարակման մեջ միայն առանձին հետաքրքրական անրամասներ, դիտարկումներ են՝ առանց թեմատիկ որեւէ ընդհանրության։ Խաչ հանելը մեղք է Վարշավայի «Երեք խաչեր» հրապարակով անցնելու ընթացքում մեր պատվիրակության անդամներից մեկը հիշատակեց, թե մեր գլխավոր հրապարակում էլ խաչ կար, որ տեղադրել էինք Քրիստոնեության 1700-ամյակը նշելու նպատակով, բայց վերջերս հանեցինք։ Մեր ուղեկից լեհի աչքերը զարմանքից կլորացան. «Մեզ մոտ խաչը հանելը մեծ սկանդալ կլիներ։ Աջերը երբ եկան մեր խորհրդարան՝ սեյմ, խաչ կախեցին մուտքի վերեւը։ Բայց հետո էլ, երբ փոխվեց ուժերի հարաբերակցությունը, որեւէ մեկը, անգամ կոմունիստները, ձեռք չտվեցին այդ խաչին, այլապես դա խիստ կանդրադառնար իրենց վարկանիշի վրա»։ Մեր մարշալը Ի դեպ, լեհական սեյմի խոսնակն անվանվում է մարշալ։ Այ թե կսազեր այդ կոչումը մեր Արմեն Խաչատրյանին։ Լեհական խորհրդարանի նիստերին ներկա լինելու իրավունք ունեն նաեւ շարքային քաղաքացիները, ճիշտ է՝ նախապես զանգելուց եւ գրանցվելուց հետո։ Եվ նրանք լիուլի օգտվում են այդ հնարավորությունից՝ դեռ իրենց հատկացված օթյակային տեղերից թռուցիկներ էլ են նետում 460 պատգամավորների վրա։ «Իրենց տեսակետը հայտնելու իրավունքն է»,- ձեռքերը տարածում էին սեյմի աշխատակիցները։ Նույն ճակատագիրը Ընդհանրապես, հայկական իրականության հետ բազմաթիվ զուգահեռների առիթ էին տալիս Լեհաստանի պատմության որոշ փաստեր։ Ասենք, անհնար էր մեր ՀՀՇ-ն չմտաբերել, լսելով լեհ ժողովրդավարական պայքարի առաջամարտիկի՝ իր շարքերում նախկինում 10 մլն-ի միավորած «Սոլիդարնոստի» մասին, որն այժմ մնացել է միայն իբրեւ արհմիություն եւ ընդհանրապես չի զբաղվում գործնական քաղաքականությամբ։ Կամ հնարավոր չէր աղերսներ չտանել Տեր-Պետրոսյանի եւ Լեհաստանի նախկին նախագահ Վալենսայի քաղաքական ճակատագրերի միջեւ։ Նա իշխանավարության սկզբում վայելելով ահռելի հեղինակություն՝ ընդամենը 5 տարում լիովին կորցրեց այն եւ վերջին ընտրություններում ստացավ հազիվ կես տոկոս ձայներ։ Ի դեպ, հետին թվով պարզվել էր, որ ներկայիս նախագահը՝ Կվասնեւսկին, չունի բարձրագույն կրթություն, ինչպես ներկայացվել էր ընտրողներին։ Իհարկե, լեհերն այժմ ըմբռնում են, որ միայն Վալենսայի վրա բարդեցին անցումային շրջանի դժվարությունների ողջ պատասխանատվությունը, ընդունում, որ նա շատ բան էր արել Լեհաստանի համար, եւ նրա անունը պիտի մնա դասագրքերում։ Իմիջիայլոց, «Սոլիդարնոստի» նախկին պաշտոնաթերթը՝ «Gazeta wyborcza»-ն այժմ էլ ամենամեծ տպաքանակն ունի, թեեւ լույս է տեսնում իբրեւ անկախ պարբերական։ Լեհական մամուլը Գործընկերներիս բավական զվարճացնում էր, թե ամեն անգամ ինչպես էի ես նախանձով հոգոց հանում՝ պարզելով այս կամ այն թերթի տպաքանակը։ Իրոք նախանձելի էր՝ այստեղ առանձին լրատվամիջոցների տպաքանակները տատանվում են 700 հազարից 1 մլն-ի միջեւ։ Եվ գոյություն ունի հատուկ մարմին, որը վերահսկում է, որպեսզի տպաքանակները ճիշտ նշվեն թերթերում, եւ չփորձեն գովազդատուներին գցել թյուրիմացության մեջ։ Իսկ նման մեծ տպաքանակ ունեցող թերթերը գործում են բացառապես ինքնաֆինանսավորման սկզբունքով՝ գովազդից եւ վաճառքից ստացված եկամուտների հաշվին։ Ամբողջովին գունավոր են տպագրվում, էջերի քանակը հասնում է 100-ի, լույս են տեսնում ե՛ւ հատուկ մայրաքաղաքի, ե՛ւ Լեհաստանի այլ բնակավայրերի համար նախատեսված տարբերակներով։ Սրանք իրո՛ք ազատ թերթեր են՝ զերծ քաղաքական որեւէ ուղղվածությունից։ Նրանք չեն հաղորդում պաշտոնական լրատվություն, քանի որ ընթերցողին առանձնապես չի հետաքրքրում, թե ինչ ասաց նախագահը կամ ում հետ զրուցեց։ Համաշխարհային իրադարձություններին էլ անդրադառնում են զուտ տեղական դիտանկյունից։ Ասենք, ԱՄՆ-ի դեմ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին, ինչպես մեզ պատմեցին, գրվում էր առավել հաճախ այսպես, թե այսինչ փողոցում ապրող Օզալսկիի հորեղբոր տղան, հնարավոր է, որ Նյու Յորքում իրականացված ահաբեկչության զոհ է դարձել։ Իհարկե, կան նաեւ կուսակցական պաշտոնաթերթեր, բայց դրանք միայն լուսանցքային (մարգինալ) բնույթ ունեն։ Լեհական բանակը Միայն «Polska Zb rojna» զինվորական ամսագիրը 50 հազար տպաքանակ ունի, եւ լեհական 180 հազարանոց բանակն է հիմնականում այս ամսագրի ընթերցողը։ Ամսագրի մեկնաբանը՝ Թադեուշ Վրուբելը, մեր հանդիպման ժամանակ այնպիսի մանրամասներ պատմեց, որ էլի ստիպեցին նախանձով լցվել։ Ասենք, թե ինչպես է մամուլն ազատորեն անդրադառնում բանակի ոչ ճիշտ մատակարարման ու զինվորական նավերի վրա ալկոհոլի մաքսանենգության դեպքերին։ Կամ թե ինչպես էր զինվորներից մեկն իր բջջայինով զանգել ուղիղ եթեր ու պատմել մեկ այլ զինվորի ինքնասպանության մասին, թեեւ հրամանատարներն այդ տեղեկությունը փորձել էին թաքցնել։ Նոր սերունդ Ինչն իրոք զարմացրեց՝ պետական տարբեր կառույցներում, ղեկավար պաշտոններում երիտասարդների առատությունն էր։ Չէ որ մենք սովորել ենք համարել, որ երիտասարդները բավականաչափ փորձառություն չունեն՝ քաղաքական եւ մասնագիտական առումներով, դե, մարդկայնորեն էլ վերջնականապես ձեւավորված չեն։ Իսկ այստեղ հանկարծ հանդիպում էիր, ասենք, 30 տարեկան մեկի, որ նաեւ հատուկ ծառայությունների համար վերլուծություններ պատրաստող կենտրոնի փոխտնօրեն է։ Լեհաստանում չափանիշներն ու նպատակադրումները փոխվել են։ Այստեղ հին կաղապարները ջարդելու ձգտումն արտահայտվում է նաեւ սերնդափոխությամբ՝ քաղաքականություն են եկել երիտասարդները, որոնք իրենց կենսափորձը ձեռք են բերել Լեհաստանում խորհրդային կարգերի տապալումից՝ 1989-ից հետո։ Եվ նաեւ թարմ մտածողությունը պետական մակարդակի բարձրացնելով է Լեհաստանը փորձում հաստատագրել իր տեղը եվրոպական արժեքային համակարգում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Վարշավա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել