Լրահոս
Օրվա լրահոսը

Կոպերֆիլդի մանկական հնարքները

Դեկտեմբեր 22,2001 00:00

Էներգետիկ բուրժուազիայի համեստ հմայքը Կոպերֆիլդի մանկական հնարքները Աճպարար Դավիթ Կոպերֆիլդը վաստակում է տարբեր հնարքներ բեմադրելով: Նրան մի անգամ հաջողվեց բազմահազար հանդիսականների ներկայությամբ անհետացնել ինքնաթիռ: Այս աճպարարն իր հնարքները բանեցնում է վկաների ներկայությամբ: Այդ պատճառով էլ նա հանրահայտ է: Էներգետիկայի ոլորտի մի քանի տասնյակ ղեկավարների արդեն մի քանի տարի հաջողվում է կորցնել (անհայտացնել) այնքան էլեկտրաէներգիա, որքան բավարար կլիներ Երեւանի մեծության եւս մեկ քաղաքի համար: Ընդ որում, այդ հոսանքը կարելի կլիներ այդ քաղաքին մատակարարել անվճար: Որովհետեւ դրա համար վճարել են մյուս սպառողները: Կորուստները ներառված են 25 դրամանոց սակագնի մեջ: Տեխնիկատնտեսական բոլոր հնարավոր տրամաբանական բացատրությունների համաձայն, մեր համակարգում կորուստները պիտի կազմեն 12-14 տոկոս: Առավելագույնը: Մինչդեռ Հայաստանում վերջին հաշվով տարեկան կորչում է արտադրված էլեկտրաէներգիայի առնվազն մեկ երրորդը: Օրինակ, 1998թ. կորչել է 1 մլրդ 764 մլն կվտ հոսանք: Սա այն դեպքում, երբ նույն տարի արդյունաբերությունը օգտագործել է 1 մլրդ 100 մլն կվտ, գյուղատնտեսությունը՝ 342 մլն կվտ, տրանսպորտը՝ 151 մլն կվտ: Կորուստները նկարագրող գրաֆիկում տարօրինակ կարելի է համարել 1997թ. ցուցանիշը: Կորուստների ցուցանիշը ռեկորդային ցածր է՝ ընդամենը 21%: Էներգետիկայի նախարարության միջին օղակի ղեկավարներից մեկը (վարչության պետ) իր անունը չնշելու պայմանով այսպիսի բացատրություն տվեց. 1997թ. Հայաստանի վարչապետ էր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը: Մարդ, որի հետ էներգահամակարգի ղեկավարությունը այդ պահին շփումներ չուներ: Չկան շփումներ՝ կորուստները քիչ են: Իսկ հաջորդ տարվանից կորուստների թիվը վերադառնում է 30 տոկոսի ցուցանիշների մակարդակ: Ի դեպ, պաշտոնական տվյալներով բնակչությունը համարյա ամբողջությամբ մուծում է օգտագործած հոսանքի վարձը (առնվազն 80-90 տոկոս): Եվ այս համակարգում «կորցրած» յուրաքանչյուր մեկ տոկոսի արժեքը 3 մլն դոլար է: Էներգետիկները շրջանառության մեջ են դրել «գերնորմատիվային կորուստ» հասկացությունը: Այն ընդհանուր կորուստների առնվազն կեսն է: Այսինքն՝ տարեկան 15 անգամ 3 մլն դոլար: Շուկայական տնտեսությունը մեզ ուսուցանեց. «Ինչ չի կարելի անել փողով, կարելի է անել ավելի շատ փողով»: Սա էներգահամակարգի գործունեության կարգախոսն է: Արդեն 2 տարի է ապարդյուն փորձում ենք սեփականաշնորհել հանրապետության բաշխիչ ցանցերը: Սկզբից թվում էր, թե կապիտալի «շնաձկները» իրար կոտորելու են այդ յուղոտ պատառի համար: Անցած տարի պոպուլիստ քաղաքական ուժերը միտինգների շարք կազմակերպեցին սեփականաշնորհման դեմ: Հետո պարզվեց, որ մեր բաշխիչ ցանցերից հրաժարվում են բոլորը՝ ամերիկյան, շվեյցարական, իսպանական, ռուսական կազմակերպությունները: Պատճառներից մեկն էլ հնարավոր է, որ մեր կոպերֆիլդյան տիպի ղեկավարների ներկայությունն է: Ոչ մի սեփականաշնորհում էլ չի փրկի նրանցից էներգահամակարգը: Մի քանի տասնյակ ղեկավարների հաջողվում է շահագործել մի քանի հազար մասնագետ էներգետիկների աշխատանքը: Ի դեպ, առանձնահատուկ թեմա է այս համակարգի աշխատանքի հիմնական ցուցանիշների վերլուծությունը: Վերջին 10-12 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է մոտ 3 անգամ: Սակայն այս ընթացքում համակարգի աշխատակիցների թվաքանակն աճել է նույնքան՝ մոտ 3 անգամ: 40 հազար աշխատատեղի ֆոնի վրա հնարավոր է, որ պատեհ չէ աշխատատեղի կրճատման մասին խոսելը: Բայց Հայաստանի բնակչության եւ տնտեսության համար անտանելի է դառնում մոտ 30 հազարանոց «էներգետիկների» բանակը, որն ինքն է առաջին հերթին վատթարացնում համակարգի ֆինանսատնտեսական վիճակը: Ինչպես միշտ, այս պարագայում էլ տուժում է իրական՝ արտադրական հատվածը: Աշխատավարձ 4-6 ամիս է չեն վճարվել հոսանք արտադրող ձեռնարկություններում: Էներգահամակարգը չի կարողանում ժամանակին վճարել օգտագործած գազի եւ միջուկային վառելիքի դիմաց: 1997թ. վերջին ստեղծվեց «Հայռուսգազարդը»: Ռուսաստանյան «Գազպրոմը» իրեն տրամադրված 45 տոկոսանոց փաթեթի դիմաց պարտավորվեց 145 մլն դոլարի գազ մատակարարել: 2001թ. ապրիլին այդ ծավալը լրացավ, բայց անհրաժեշտ գումար չկար ոչ միայն գազամատակարարումն ապահովելու, այլեւ ատոմային վառելիքի դիմաց վճարելու համար: Արդյունքում ՀԱԷԿ-ը ամառային դադարից հետո գործարկվեց մեծ ուշացումով: Սա այն դեպքում, երբ ատոմակայանի չաշխատած յուրաքանչյուր օրը հոսանքի ինքնարժեքը բարձրացնում է եւ համակարգն օրական կորցնում է մոտ 70 հազար դոլար: Էներգահամակարգում պարտքը միայն աշխատավարձի գծով 4,5 մլրդ դրամ է: Պատճառն այն է, որ վերջին ամիսներին համակարգ մուտքագրվող օրինական գումարները համարյա ամբողջությամբ ուղղվել են ռուսաստանյան պարտքերի մարմանը: Էներգետիկայի նախարարության ղեկավարությունն արտադրական ձեռնարկությունների աշխատակիցների միտինգների եւ գործադուլի սպառնալիքների պատճառով հետաքրքիր լուծում է գտել: Ձեռնարկությունների ղեկավարներին հրահանգել են վարկեր վերցնել բանկերից 1-2 ամսվա աշխատավարձ վճարելու համար: Ռուսաստանյան պարտքերի մարումից հետո տնտեսությունից ու բնակչությունից հավաքված միջոցներով պարտքերն, իհարկե, կփակվեն: Սա բանկային համակարգն աշխուժացնելու բավական յուրօրինակ քայլ է, որը չի բխում էներգահամակարգի շահերից: ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ Հետաքննող լրագրողների ընկերակցություն Էջի նյութերը ամբողջությամբ կարող եք կարդալ home.media.am/hetq հասցեում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել