Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարողանալ ընկալել անխուսափելին՝ այն օգտակարի վերածելու համար»Շ-Մ. ԹԱԼԵՅՐԱՆ

Դեկտեմբեր 22,2001 00:00

«ԴՐԵ՛Ք ՁԵՐ ԳՐԱՎՆԵՐԸ,ՊԱՐՈՆԱՅՔ» «Կարողանալ ընկալել անխուսափելին՝ այն օգտակարի վերածելու համար»Շ-Մ. ԹԱԼԵՅՐԱՆ Այսօր աշխարհն ապրում է «երրորդ» համաշխարհային պատերազմը, on-line ռեժիմով ընթացող պատերազմը: Ահաբեկչության դեմ պատերազմը, որը դարձել է համաշխարհային քաղաքականության գլխավոր իրողությունը, լոկ ռմբակոծություններ չեն: Դա նաեւ յուրատեսակ համաշխարհային կառավարման հիմքերի ստեղծումն է, աննախադեպ ռազմաքաղաքական եւ տնտեսական ճնշումը Եվրոպայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հանդեպ: Բազմաթիվ դիտորդներ նշում են, որ սեպտեմբերի 11-ից հետո Միացյալ Նահանգները ակամա արագացրին իսկապես միաբեւեռ աշխարհակարգի ստեղծման գործընթացը: Իրոք, սեպտեմբերի 11-ին ավարտվեց այսպես կոչված անցումային շրջանը, որը սկսվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո եւ աշխարհը իսկապես մտավ ամերիկյան գերիշխանության դար, թեեւ ԱՄՆ-ի համար անցանկալի եւ ցավալի ուղիով: Այսօր աշխարհում 15 դար անց նորից իր հաստատումն է գտնում հռոմեական տարբերակը. աշխարհը միավորվում է մեկ կենտրոնի շուրջ, Չինաստանը կրկին հայտնվում է ինքնամեկուսացման մեջ, իսկ բարբարոսների դերը ստանձնում է իսլամական արմատականությունը: Ընդ որում, այդ մեկ բեւեռը ինքը բաղկացած է մի քանի օղակներից, որոնք միասին կազմում են այսպես կոչված «համաշխարհային կառավարություն», ոչ թե ստվերային կամ դավադրության տեսքով, այլ իրական, որը կայացնելու է որոշումներ ամբողջ աշխարհի եւ առանձին երկրների ճակատագրի վերաբերյալ, որն իրեն իրավունք է վերապահում միջամտել ցանկացած պետության ներքին գործերին եւ փոխել ցանկացած կառավարություն, ցանկացած իշխանություն, որը չի մտնում իրենց գծած շրջանակների մեջ: Նույն Ռուսաստանը, որն ընկալվում է մեր քաղաքական գործիչների եւ քաղաքագետների կողմից որպես հնարավոր հակակշիռ ամերիկյան բեւեռին, արդեն մտել է այդ բեւեռի տակ գտնվող բարձրագույն օղակի մեջ՝ խաղալով ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների հետ գրեթե հավասար դեր, իսկ հետագայում, գուցե, ձեռք բերի Միացյալ Նահանգների համար ավելի մեծ կարեւորություն: Եվ այդ նվաճումները հետեւանք էին պարզապես ռուսական քաղաքական լիդերության նոր, ռացիոնալ, արագ արձագանքող եւ ներքին դիրքերի ամրապնդմանն ուղղված քաղաքականությանը: Այլեւս անվիճելի է եւ տեւական նաեւ ամերիկյան ներկայությունը Անդրկովկասում ու Կենտրոնական Ասիայում: Մնացածն արդեն տեխնիկայի գործ է լինելու: Ինչը ստիպում է ենթադրություններ անել, որ մեծ տերությունները հանդուրժելու են Անդրկովկասի պետություններում այն իշխանություններին, որոնք կապահովեն իրենց ծրագրերի իրականացումը տարածաշրջանում: Այս առումով պետք է ընդունենք, որ Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում իշխող անհատներն ու քաղաքական ուժերը իրականում լինելու են այս աշխարհի հզորների քաղաքականության եւ շահերի պահապանն ու սպասարկող անձնակազմը: Առայժմ Արեւմուտքը եւ Ռուսաստանը, ելնելով ինչ-ինչ շահերից կամ պահի նկատառումներից, դեռ չեն պահանջում այդ երկրների հին՝ «պատերազմական» ժամանակաշրջանին, երեկվա օրվան եւ գաղափարախոսությանը պատկանող ղեկավարների հեռացումը, ինչպես դա արվեց Բալկաններում Խորվաթիայի, Բոսնիայի եւ Սերբիայի դեպքերում: Սակայն ցանկացած պահի դա կարող է տեղի ունենալ. համենայնդեպս, Վրաստանում գործընթացն արդեն սկսված է: Իսկ ի՞նչ եղավ պետությունների ինքնիշխանությունը: Արդի աշխարհակարգն այնպիսին է, որ պետություններն այլեւս չեն կորցնում իրենց անկախությունը, եւ խոսելով պետականության կործանման մասին, պետք է ի նկատի ունենանք ոչ թե երկրի զավթման, ժողովրդի բնաջնջման տարբերակները, այլ այն, ինչ կատարվում է այսօր Աֆղանստանում կամ Արեւելքի եւ Աֆրիկայի մի շարք հուսալքված ժողովուրդների հետ: Եվ մենք անկախության ճանաչումից տասը տարի անց նորից հայտնվում ենք մի վիճակում, երբ ստիպված ենք որոշելու մեր տեղը այս նոր աշխարհակարգում: Առաջին հայացքից այդ վիճակն անմխիթար է: Վերջին տարիներին բավարար պատճառների հետեւանքով տեղի ունեցավ ինչպես մեր ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունների կազմալուծումը եւ ապաինտելեկտուալացումը, ինչը կարող է մոտ ժամանակներում ունենալ բավականին ծանր ազդեցություն մեր երկրի ազգային անվտանգության վրա: Եթե մինչեւ 1996թ. Հայաստանն ուներ միջազգային քաղաքականության մեջ մի քանի հաղթաթուղթ. կայուն եւ ժողովրդավարական պետության հեղինակություն, մեծ տերություններում բնակվող Սփյուռք, իսկ նրա արտաքին քաղաքականության նպատակն էր առաջատար դիրքեր գրավել հարավկովկասյան տարածաշրջանում, ապա, ցավոք, 1996-2001թթ. իրադարձությունների արդյունքում Հայաստանը կորցրեց իր հաղթաթուղթը (ջոքերը)՝ ժողովրդավարական երկրի իմիջը: Հայկական պետության ներկայիս իմիջը ձեռք է բերել բավականին բացասական երանգներ: Հայաստանը դարձավ անհայտացած փոքր միավոր, որի հետ այլեւս հաշվի չեն նստում: Սակայն կարեւոր է հիշել, որ հաջողություն բերում են ոչ միայն լավ խաղաթղթերը, այլ նաեւ ընդունակությունը լավ խաղալ՝ ունենալով ձեռքին վատ խաղաթղթեր: Նախ, պետք է ընկալենք այն իրողությունը, որ XXI դարում N 1 խնդիրն է դառնալու գոյատեւումը: Պայքարն արեւի տակ շարունակվելու է, փոխվելու են նրա ձեւերը: Ապա որդեգրենք այն սկզբունքը, որ արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից պետք է դառնա՝ ունենալ ինչքան հնարավոր է քիչ թշնամիներ եւ ինչքան հնարավոր է շատ բարեկամներ: Այս հարթությունում Հայաստանի համար խիստ կարեւոր է այսօր ճիշտ ընկալել Ռուսաստանի քաղաքականությունը: Ռուսաստանը դրսեւորում է այսօր իր արտաքին քաղաքականության մեջ լիարժեք պրագմատիզմ եւ ռացիոնալիզմ՝ հանդես բերելով Խորհրդային Միության կամ «մեծ եղբոր» դերում հանդես գալու որեւէ ցանկության բացակայություն եւ իրատեսորեն հաշվարկելով սեփական ներուժը: Մոսկվան նաեւ բազմիցս ամենաբարձր մակարդակներում հայտարարել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են: Սակայն թե8217 մեր պետական-քաղաքական վերնախավի, թե8217 ժողովրդի զգալի մասը ընկալում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունը որպես սուվերենի եւ վասալի հարաբերություններ: Վաղուց ժամանակն է հասկանալ, որ այն, ինչ կապում է Հայաստանին եւ Ռուսաստանին՝ լոկ ռազմավարական շահն է: Հայաստանի եւ Ռուսաստանի շահերը միշտ չէ, որ կհամընկնեն: Ռուսաստանը միշտ էլ Հայաստանին օգտագործում էր որպես մտրակ Անդրկովկասը սանձելու համար: Սակայն հաճախ դրա հետ մեկտեղ Հայաստանն ինքն էր հայտնվում ճզմված: Ուստի, այսուհետ Ռուսաստանի հետ Հայաստանի փոխհարաբերություններում կարեւոր է միայն մեկ բան՝ գոյություն ունի՞ արդյոք, նրա հետ շահերի ընդհանրություն: Եվ հասկանալ, վերջապես, որ մենք տարբեր երկրներ ենք: Չմոռանա՛նք նաեւ, որ մեկ ուժեղ դաշնակիցը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը: Իսկ այդ անվտանգությունը կախված է իր հարեւանների հետ Հայաստանի ունեցած հարաբերություններից: Ուստի, Հայաստանը չի կարող դուրս մնալ արդեն ընթացող պրոցեսներից՝ եվրոատլանտյան անվտանգության նոր համակարգի ձեւավորում, ՆԱՏՕ-ի ընդարձակում, ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի ինտեգրացիան, հակաահաբեկչական դաշինքը: Դա էլ թելադրում է վերջ դնել աշխարհին երկչափանի ընկալմանը: Ռուսաստանը, Ամերիկան, Թուրքիան այսօր արդեն թշնամիներ չեն: Իհարկե, մրցակցության տարրը դեռեւս որոշ ժամանակ կմնա, սակայն համագործակցությունը, փոխադարձ շահերը դուրս են եկել առաջին պլան եւ սկսում են խաղալ որոշիչ դեր միջազգային հարաբերություններում: Մի էական պարագա էլ չի կարելի մոռանալ՝ ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարը՝ հարաբերությունները հարեւանների հետ: Թե ինչպիսին են դրանք այսօր, բոլորը գիտեն: Բայց ամենեւին էլ չի պահանջվում, որ հարեւանները սիրեն իրար, պահանջվում է միայն, որ նրանք լինեն փոխադարձաբար հանդուրժող: Պատմությունը սովորեցնում է, որ թշնամությունը պետությունների միջեւ հավերժական չէ, ժամանակի եւ իրադարձությունների ընթացքի հետ հաճախ կատարվում են զարմանալի փոփոխություններ նրանց միջեւ առկա փոխհարաբերություններում: Այս առումով անիրական չէ, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային իմաստով կարող են դառնալ կապող օղակ կամ կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ՝ բոլոր տեսակի շփումների համար, եւ որպես միջնորդ մի կողմից տարածաշրջանի, մյուս կողմից Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ՝ ձեռնտու են բոլորին: Բացի այդ, այժմ տեղի է ունենում մահմեդական ու քրիստոնեական աշխարհների վտանգավոր սահմանազատում, երբ կրոնը վերածվում է քաղաքական եւ աշխարհաքաղաքական գործոնի: Այդ իմաստով, թերեւս, առճակատումը մեղմելու համար միջանցիկ (բուֆերային) գոտի ունենալը շահեկան է երկու քաղաքակրթություններին, եւ այստեղ էլ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կարող են գտնել իրենց տեղը: 1991թ. ի վեր մեր քաղաքականության մյուս կարեւոր նպատակն էր մուտք գործել եվրոպական ժողովուրդների ընտանիքի մեջ: Սակայն ներքին գործընթացները դանդաղեցրին Հայաստանի եվրոպական ինտեգրացումը: Ի՞նչ է նշանակում դառնալ եվրոպական պետություն: Տվյալ համատեքստում դա զարգացած լիբերալ քաղաքակրթության մասնիկ դառնալու հնարավորություն է, քաղաքակրթության, որն այսօր, գուցե, գտնվում է իր զարգացման գագաթնակետում: Եվ մտնել Եվրոպա՝ հայկական պետության համար կնշանակի դուրս գալ իր մանկական տարիքից եւ սկսել մեծանալ: Իսկ այսօր Հայաստանի սահմաններում գոյություն ունեն փաստորեն տարբեր հասարակություններ՝ պետական-քաղաքական եւ տնտեսական-քրեական վերնախավը մի կողմից, փոքր, բայց գոյություն ունեցող «միջին խավը» եւ աղքատացած զանգվածը՝ ինչը այսօր հատուկ չէ ոչ մի եվրոպական զարգացած կամ զարգացող երկրին: Եվ նրանում, թե կհաջողվի՞ Հայաստանին դառնալ միասնական հասարակություն, վճռորոշ դեր է կատարում Հայաստանի անդամակցությունը եվրոպական կառույցներին: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ Եվրոպան այսօր կարեւորագույն գործոն է, որը կարող է արագացնել ՀՀ ժողովրդավարացման գործընթացը: Սակայն ժողովրդավարացումը Հայաստանը պետք է իրականացնի ինքնուրույն: Մեր արտաքին քաղաքականության նպատակները պետք է լինեն իրատեսական, իսկ կայացվող որոշումների հետեւանքները՝ լավ կշռադատված: Իսկ որոշումներ կայացնողները պետական ու քաղաքական լիդերներն են: Կարծում ենք, մեծ խելք պետք չէ հասկանալու, որ արդի աշխարհաքաղաքական իրադրությունում Հայաստանին անհրաժեշտ են այդ իրադրությանը համարժեք լիդերներ՝ դարաշրջանի իրողություններին հարմարվելու եւ մարտահրավերներին պատասխան տալու համար: Իսկ թե ովքե՞ր են այդ լիդերները եւ ո՞ւմ վրա կարելի է գրավներ դնել, արդեն ուրիշ խոսակցություն է: ՍՈՒՐԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀՔԴՄ «Ալիք» հասարակական-քաղաքական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31