Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցրաշեն գյուղը, որը, ըստ հանրագիտարանի, Արտաշատից 4 կմ հյուսիս-արեւելք է գտնվում, լեռնոտ չի կարելի

Դեկտեմբեր 22,2001 00:00

Թվային հետընթաց Քաղցրաշեն գյուղը, որը, ըստ հանրագիտարանի, Արտաշատից 4 կմ հյուսիս-արեւելք է գտնվում, լեռնոտ չի կարելի համարել։ Այսպիսի բնակավայր մինչեւ 20-ականների վերջերը գոյություն չի ունեցել։ Եղել են կիսաանապատային, անմշակ, ամուլ հողեր՝ փռված Կարմիր սարի լանջերին եւ սրանից բավականին հեռու։ Այս գյուղում լուծված է համարվում գազիֆիկացումը, տարեկան 1-2 անգամ հատկացվող անհրաժեշտ դեղորայքներով գործող ամբուլատորիայի, 7-ամյա երաժշտական եւ սպորտդպրոցի նորմալ կենսագործունեությունը։ Գործում է մշակույթի տունը եւ, ի թիվս շատ խմբակների՝ «Քաղցրաշեն» ազգագրական երգի ու պարի համույթը։ Բայց այս եւ էլի շատ ուրախալի փաստերի կողքին, որոնք արձանագրվել են գյուղում 10 տարիների ընթացքում, համայնքապետարանի համար դեռեւս ուժերից վեր է մնում կարեւորագույն մի հարցի լուծումը։ Քաղցրաշենը, թերեւս ոչ միայն Արարատի մարզի, այլեւ հանրապետության այն եզակի գյուղերից է, ուր 1991-97թթ. բյուջեի հավաքագրումը կատարվել է 100%-ով։ 1998-ին այն կազմել է 75%, 99-ին՝ 54, 2000-ին՝ 36, իսկ այս՝ 2001-ին կան բոլոր նախադրյալները, որ կգերազանցեն 60%-ի սահմանը։ Եվ ինչքան էլ զարմանալի է, դժբախտաբար փաստ է, որ վերջին 3 տարիների այդպիսի անհամաչափ տատանումները տեղական բյուջեի կատարման հարցում՝ ամենից առաջ պայմանավորված են քաղցրաշենցու՝ տոհմիկ հողագործ ու այգեպանի աննախադեպ արտադրողականությամբ եւ պետության կողմից անուշադիր վերաբերմունքով։ Ահավասիկ, ամենախոս թվեր։ Անկասկած, երանելի էր 1998 թ. խաղողագործների համար, երբ նրանց աճեցրած բերքի 1կգ-ն 137, 138 դրամով էր հանձնվում մթերող ձեռնարկություններին եւ գործարաններին. հաջորդ իսկ տարում Քաղցրաշենում միանգամից ավելացան ոսկեբեր հեկտարները, բայց 1999-ին խաղողը գյուղացին պարզապես «ջուրը գցեց»՝ 50-60 դրամով։ Արդյունքում, աստիճանաբար վերացան գյուղի ոսկեբեր հեկտարները եւ, ըստ գյուղապետարանի, 2002թ. լիովին կանհետանա Քաղցրաշենում մնացած 30 հա տեխնիկական տեսականին։ Այս անգամ մթերող ձեռնարկությունները, որոնք չեմուչումով էին ընդունում գյուղացու դառը քրտինքով աճեցրած արեւահամ խաղողը, պիտի սկսեն խնդրել. «ինչքան կարող եք՝ բերեք»։ Բայց էլ՝ որտեղի՞ց։ Գյուղատնտեսության ոլորտում մինչ օրս գործող քմահաճ գնային քաղաքականությունը ի վերջո հետամուտ է մեր իսկ՝ պետական շահերի վերացմանը։ Այն արդեն հարկադիր ուրիշ քայլերի է մղում մենատնտեսին եւ ոչ միայն այգեգործության բնագավառում։ Քանդված խաղողի այգիները վերափոխվում են Քաղցրաշենում սեղանի նոր տեսականիներով։ Այս տարվա 3500 տոննայի 600-700 տոննան է հանձնվել գործարանին, մնացածը պահեստավորում են իրենց սառնարաններում՝ շուկայում վաճառելու համար։ Իսկ ահա 7000 տ լոլիկի 70%-ից ավելին մթերվել է 20-25 դրամով։ «Ախր 1 տուփ ծխախոտը ի՞նչ դարձավ, որ արժե 10 կգ լոլիկ»,- դժգոհում է քաղցրաշենցին… Կարծես քիչ է այդ ջրի գինը, Արտաշատի պահածոների գործարանը քաղցրաշենցուն պարտք է մինչեւ օրս 4 մլն դրամ։ Իսկ ահա որպես պարտք նորից ո՞ւմ վերագրել, որ անցած տարվա 3000տ ծիրանի 80%-ը փչացավ դաշտում… Առաջին դեպքում՝ այսուհետ գյուղացին իր պարտքուպահանջի դիմումով կարող է բողոքարկել նորաստեղծ տնտեսական դատարաններին։ Իսկ երկրորդ դեպքում՝ ո՞վ պիտի ստանձնի պատասխանատվությունը. չէ՞ որ այս ամենով պայմանավորված է քաղցրաշենցու կենսամակարդակը, փոքրիշատե բարեկեցիկ կյանքը։ Ավա՜ղ, գյուղապետարանի հնարավորությունները սահմանափակ են իրոք բերք ու բարիքով առատ այս քաղցր շենին օգնել՝ արտադրածի իրացման դժվարագույն հարցում։ Եվ դեռ լավ է, որ այս գյուղացին՝ քաղցրաշենցին, այս ամենին հակառակ, չի լքում տունուտեղը։ Անցած 10 տարում ընդամենը 16-18 հոգի է հեռացել, փոխարենը՝ ամեն տարվա հոկտեմբերից փետրվար շուրջ 50 հարսանիք է լինում, ծնվում է 35-45 երեխա։ «Տնամերձ եւ մշակության համար նոր հողամասեր հատկացնելու համար դիմել ենք եւ սպասում ենք կառավարության թույլտվությանը»,- ասում է գյուղապետ Ղուկաս Մկրտչյանը։ Քաղցրաշենում նոր առանձնատներ են շարում եւ կիսվելով է մեծանում այս շենը, որն այս օրերին պատրաստվում է հանդիսավորությամբ նշել գյուղի եւ դպրոցի հիմնադրման 70-ամյակը: ԱՎԻԿ ՇԱՂՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել