Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ մեկ տասնյակ ԱԺ պատգամավորների շրջանում անցկացված մեր հարցումը ցույց տվեց, որ տարբեր պետական ատ

Դեկտեմբեր 22,2001 00:00

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԷԼ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ Շուրջ մեկ տասնյակ ԱԺ պատգամավորների շրջանում անցկացված մեր հարցումը ցույց տվեց, որ տարբեր պետական ատյաններին ուղղված նրանց նամակներին եւս կարող են հիմնավոր ու «ըստ էության» կամ ընդհանրապես չպատասխանել՝ խախտելով «Քաղաքացիների դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքը։ Մինչդեռ շատ ավելի անպաշտպան քաղաքացիները հենց իրենց ընտրյալների օգնությանն են դիմում, երբ այս կամ այն ատյանից բավարար պատասխան չեն ստանում։ Այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ ԱԺ պատգամավորների նկատմամբ պետական այրերն ավելի ուշադիր են եւ նրանց դիմումներին օրենքի պահանջներին համապատասխան չպատասխանելու դեպքերը մեծ թիվ չեն կազմում։ ԱԺ պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանն ասաց, որ տարեկան մոտ 300-400 նամակ է ուղղում տարբեր ատյաններ՝ թե որպես հանձնաժողովի նախագահ, թե որպես իր ընտրատարածքի բնակչությանն օգնելու պարտավորությունն ունեցող պատգամավոր։ Եվ, պրն Քոչարյանի գնահատմամբ՝ այդ նամակների «ճնշող մեծամասնությանը ժամանակին պատասխանում են»։ Սակայն նաեւ նկատեց, որ «Իհարկե, շատ անգամ չի բավարարում պատասխանը, շատ անգամ երեւում է խուսանավելու, հարցի էությունից խուսափելու այդ ցանկությունը»։ Այնուամենայնիվ, լինում են նաեւ հատուկենտ դեպքեր, երբ նամակին ընդհանրապես չեն պատասխանում։ Երկու նման դեպք ներկայացրեց պրն Քոչարյանը։ Դեռեւս օգոստոսի 10-ին Շավարշ Քոչարյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին՝ մի քաղաքացու բողոքի առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակիչը պատգամավորին բողոքել է, որ իր պատշգամբի վրա, առանց իր կարծիքը հարցնելու, մետաղյա ծածկ են կառուցել, քանի որ պատշգամբի տակ ինչ-որ օբյեկտ են տեղադրել։ Մետաղյա այդ ծածկը ամռանը տաքանում է եւ տոթը տեղափոխվում է սենյակներ, բացի այդ՝ ծածկի վրա աղբ է կուտակվում, ինչը հակասանիտարական է։ Ի դեպ, քաղաքացին ունի նաեւ բազմաթիվ տեղեկանքներ այն մասին, որ այդ կառույցն ապօրինի է եւ սանիտարական նորմերին չի համապատասխանում։ Նա դիմել է տարբեր ատյաններ, նույնիսկ դատարան, բայց՝ անարդյունք։ Մինչ օրս Շավարշ Քոչարյանը այս առնչությամբ իր նամակին քաղաքապետից պատասխան չի ստացել եւ սա համարում է արտառոց դեպք։ Մյուս դեպքում Շավարշ Քոչարյանը պատասխան չի ստացել կրթության եւ գիտության նախարարությունից եւ քաղաքապետից։ Այս անգամ հարկ է եղել մի քանի անգամ դիմել տվյալ գերատեսչություններին եւ միշտ տրվել են, ըստ Շ. Քոչարյանի՝ «ոչ ըստ էության» պատասխաններ, իսկ վերջին նամակին, գրված 2000թ. հուլիսի 13-ին, ընդհանրապես չեն պատասխանել։ Խնդիրը 2000թ. դպրոցի մի շրջանավարտի անօրինական կերպով ոսկե մեդալից զրկելուն է առնչվում, ինչի հետեւանքով նա մեկ քննությամբ բուհ ընդունվելու արտոնությունից զրկվել է եւ ընդունվել վճարովի համակարգ՝ ֆինանսապես ի վիճակի չլինելով սովորել այդտեղ։ Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ մտահոգիչն այն է, որ նման ապօրինությունները կոծկելը, չքննարկելը կարող է պատճառ դառնալ, որ նման դեպքերը կրկնվեն։ Իսկ ընդհանրապես, Շավարշ Քոչարյանի գնահատմամբ, քաղաքացիների դիմումներին պատասխանելու մեր համակարգը «ուղղված չէ ըստ էության պատասխանելու դիմումատուի նույնիսկ արդարացի, հիմնավորված պահանջներին»։ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը, մոտավոր հաշվարկներով, ամիսը մոտ 10-15 նամակ է հղում այս կամ այն գերատեսչությանը՝ որոշակի տվյալներ ստանալու ակնկալիքով։ Ինչպես խմբակցությունում տեղեկացրին, այդ նամակներին հիմնականում ժամանակին ու հիմնավոր պատասխանում են։ Սակայն լինում են նաեւ բացառություններ։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը 2001թ. հունիսի 26-ի գրությամբ՝ հասցեագրված ՀՀ սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահ Ֆրունզե Մուշեղյանին, խնդրել էր տրամադրել մի շարք տեղեկանքներ։ Թվով 6 տեղեկանքները վերաբերում էին վերջին մի քանի տարիների սոցապ վճարներին։ Դրանք խմբակցությանն անհրաժեշտ էին օրենսդրական աշխատանքի համար։ Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցությունը օրենքի մի նախագիծ էր ներկայացրել՝ «ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Դրանով մասնավորապես նախատեսվում էին բարձրացնել կենսաթոշակները։ Սոցապ վճարումների մասին տվյալները խմբակցությանն անհրաժեշտ էր՝ հաշվարկելու, թե ինչ ներուժ կա եւ դրա հիման վրա հնարավո՞ր է բարձրացնել կենսաթոշակները։ Սակայն Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը պահանջվող 6 տեղեկանքից միայն 4-ն է ուղարկել։ Մյուս 2-ը չի ուղարկել եւ, պատճառը ճշտելու խմբակցության փորձերին ի պատասխան՝ տեղեկացրել են, թե այդ տեղեկանքները տրամադրելը շատ աշխատատար գործ է, մի ամբողջ վարչություն պետք է դրա վրա աշխատի։ Հուլիսի 18-ին խմբակցությունը եւս մի նամակ է գրել Հիմնադրամին՝ տեղեկացնելով, որ իրենց ստացած տեղեկանքները թերի էին եւ խնդրել է լրացնել դրանք, նաեւ ուղարկել մյուս երկու տեղեկանքները եւս, սակայն այս նամակը անպատասխան է մնացել։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը ոչ լիարժեք պատասխան է ստացել նաեւ ՀՀ սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանին այս տարվա օգոստոսի 3-ին ուղղած նամակին ի պատասխան։ Դրանում, ի թիվս այլ տեղեկանքների, խմբակցությունը խնդրել էր էլեկտրոնային փոստով կամ համակարգչային կրիչով (քանի որ պահանջվող տեղեկությունը ծավալուն է եղել) փոխանցել 2001թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում առողջարանային բուժման ուղեգրեր ստացած հաշմանդամների անվանական տվյալների բազան՝ ըստ առանձին առողջարանների։ Խմբակցությունը ցանկացել է ճշտել, թե որքանով են նպատակային օգտագործվում այդ նպատակով պետբյուջեից հատկացվող միջոցները։ Սակայն սոցապ նախարարի նամակում այդ հարցի պատասխանն այդպես էլ չի տրվել։ ԱԺ պատգամավորի գրությանը՝ ըստ էության եւ հիմնավոր չպատասխանելու մի օրինակ ներկայացրեց ԱԺ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ, «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը։ Ընդառաջելով Կոմիտաս փողոցի մի խումբ բնակիչների (37 մարդ) խնդրանքին՝ պատգամավորը 10.09.2001թ. նամակ է ուղղել Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին եւ Արաբկիրի թաղապետ Ֆելիքս Յայլոյանին։ Ներկայացնելով բնակիչների բողոքը, ըստ որի նրանց շենքի կանգառի շինության տակ տեղադրվում է եւս մի կրպակ, որը լիովին փակում է ամբողջ կանգառը եւ բացի այդ, պատուհաններից ննջասենյակներ այլեւս լույս չի ընկնում, Հայկ Բաբուխանյանը վերոնշյալ պաշտոնյաներին խնդրել է «ուսումնասիրել կրպակի տեղադրման նպատակահարմարությունը եւ հարցը հնարավորինս լուծել հօգուտ բնակիչների»։ Ստացված պատասխանները պրն Բաբուխանյանին չեն բավարարել։ Մոտ 20 օր է անհրաժեշտ եղել քաղաքապետարանին՝ հարցին պատասխանելու համար։ Ճարտարապետական բաժնի պետ Տ. Խուրշուդյանի պատասխանում ասվում է, որ կրպակը տեղադրվում է քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ առեւտրի ու սպասարկումների վարչությունների հետ հաստատված սխեմայով եւ Արաբկիրի թաղապետարանի որոշմամբ ու հաստատված նախագծով։ Իսկ Արաբկիրի համայնքապետի տեղակալ Ֆ. Սարգսյանի պատասխանում ասվում է, որ նշված տեղում «տեղադրվել է ծաղկի վաճառքի կրպակ՝ պահպանելով դիմացի շենքից 24 մետր հեռավորություն»։ Մինչդեռ սա Հայկ Բաբուխանյանը որակում է որպես «ակնհայտ կեղծիք»՝ ասելով, որ իրականում կրպակը շատ ավելի մոտ է գտնվում շենքին, այլ ոչ թե 24 մետր հեռավորության վրա։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հ.Գ. Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հետաքննող լրագրողների ընկերակցության» «Հետք» ինտերնետային թերթում, հասցեն՝ home.media.am/hetq։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31