Լրահոս
Օրվա լրահոսը

«Սովորելուց հետո, հավանաբար, կգնամ Հայաստանից։ Գնալու եմ եւ աշխատեմ ուր էլ որ լինի…»։ Ապագայի մասի

Դեկտեմբեր 22,2001 00:00

«Էլ ուրիշ որտե՞ղ…» «Սովորելուց հետո, հավանաբար, կգնամ Հայաստանից։ Գնալու եմ եւ աշխատեմ ուր էլ որ լինի…»։ Ապագայի մասին նման պատասխան կարելի է ստանալ շատ հայաստանցի ուսանողներից, բայց… Հարություն Մարաշլյանը այս տարի ընդունվել է ԵՊՀ հայկական բանասիրության ֆակուլտետ։ Հարությունը Սիրիայի Հանրապետության քաղաքացի է եւ ընդունվել է կրթության ու գիտության նախարարության կողմից հատուկ սփյուռքահայերի եւ օտարերկրյա այլ քաղաքացիների համար անցկացվող ընդունելության քննություններով։ Ամեն տարի ՀՀ կառավարությունը սփյուռքահայերի համար հատկացնում է 70 անվճար, պետպատվերով տեղ՝ Հայաստանի բուհերի մանկավարժական, հայագիտական, արվեստի եւ սպորտի մասնագիտություններով սովորելու համար։ Ըստ կրթության եւ գիտության նախարարության, սփյուռքահայերի հետ կապի բաժնի տվյալների, այսօր հայկական բուհերում սովորում է մոտ 1000 սփյուռքահայ ուսանող, որոնց 30%-ը՝ անվճար համակարգում։ Ամենաշատ ուսանողները ԵՊՀ-ում են՝ մոտ 170 հոգի, երկրորդ տեղում Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանն է՝ մոտ 50 ուսանող, մյուս բուհերում այդ թիվը միջինը կազմում է 3%։ Սփյուռքահայ ուսանողների 60%-ը՝ մոտ 600 հոգի, Վրաստանի քաղաքացիներ են, նրանցից 250-ը ուսանում է պետպատվերով։ Շատ են Իրանից եւ Սիրիայից եկած սփյուռքահայ ուսանողները՝ մոտ 100 հոգի, Լիբանանից՝ 25 հոգի եւ Թուրքիայից՝ 12 հոգի։ Կան նաեւ ուսանողներ Քուվեյթից, Իրաքից, Կիպրոսից, Հորդանանից եւ Ուրուգվայից։ ԱՊՀ երկրներից ուսանողների թվով ամենաշատը Ռուսաստանն է՝ 20 հոգի։ ԱՄՆ-ից Հայաստանում սովորում է 15 սփյուռքահայ։ Ինչու են նրանք եկել Հայաստան։ «Եկա Հայաստանում սովորելու, որովհետեւ հայկական բանասիրությունը ամենալավը որտեղ կսովորեցնեն, եթե ոչ Հայաստանում,- ասում է 21 տարեկան Հարությունը։- Մեզ մոտ շատ հայկական բարեգործական հիմնադրամներ կան, որոնք հովանավորում են, որ սփյուռքահայ երիտասարդները գան եւ սովորեն Հայաստանում։ Բայց մեր դպրոցներում շատ քիչ են հայոց լեզվի եւ պատմության դասերը՝ ընդամենը շաբաթական 6 ժամ, մյուս դասերը արաբերեն են»։ Ի դեպ, Հայաստանից բացի, միայն Վրաստանում 156 հայկական դպրոցներ են գործում հայկական ծրագրով, բայց այդ դպրոցներում էլ «Հայոց պատմություն» առարկան չեն անցնում։ Մի ուրիշ պատմություն է սփյուռքահայ ուսանողների Հայաստանում ապրելու խնդիրը. «Ապրում եմ հանրակացարանում, ամսական ծախսվում է 60-70 դոլար։ Իսկ ընդհանրապես հայաստանցիների հետ բարեկամանալը այնքան էլ դյուրին բան չէ։ Մենք տարբեր միջավայրերում ենք ապրել, մեր հագուստը, պահվածքը, ամեն ինչ իրենց համար տարօրինակ է. արդեն պատ է թվում,- պատմում է Հարությունը ու այսպես է պատասխանում մեր այն հարցին, թե ինչ է մտածում այն հայերի մասին, որոնք այսօր հեռանում են Հայաստանից։- Եթե իրենք այստեղ անոթի են, ստիպված են երթալ։ Գնալը, հա՛, գնում են, բայց դա չի նշանակում, որ իրենց հայրենիքը կմոռնան։ Ասենք՝ հայերի 99%-ը ստիպված է գնալ։ Օրինակ, մենք հոս չենք ծնած, բայց ավելի հակված ենք, որ գանք էստեղ ապրենք, իրենք, որ էստեղ են ծնվել, էստեղ մեծացել, ընդհանրապես չեն ցանկանա գնալ, բայց դե որ ստիպված են, պիտի գնան»։ ՆԱՐԵԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆ ԵՊՀ ուսանողներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել