Լրահոս
Օրվա լրահոսը

2001-ի ողջ ընթացքում շարունակվեցին արաբա-իսրայելական բախումները, որ իսրայելցիների կողմից որակվում են

Դեկտեմբեր 22,2001 00:00

ԱՐԱԲԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ 2001-ի ողջ ընթացքում շարունակվեցին արաբա-իսրայելական բախումները, որ իսրայելցիների կողմից որակվում են՝ «ահաբեկչության դեմ պայքար», իսկ պաղեստինցիները կոչել են «ինտիֆադա»։ Տարեմուտին հարաբերություններն այնքան սրվեցին, որ նունիսկ դիվանագետների կողմից շրջանառվեց «պատերազմ» հասկացությունը։ Դա չափազանցություն չէր, քանի որ լիովին խզվել էին հարաբերությունները, իսրայելական զրահատեխնիկան մտնում էր պաղեստինյան բնակավայրեր, իսկ պաղեստինցի մահապարտները ինքնազոհաբերմամբ տասնյակ հրեաների կյանքեր էին խլում։ Միացյալ Նահանգների միջամտությունից հետո Իսրայելի վարչապետը՝ Արիել Շարոնը, կարգադրեց շփումներ վերականգնել պաղեստինյան անվտանգության մարմինների հետ եւ աջակցել «Համաս»-ի դեմ պայքարին։ Այս զինված խմբավորումը ոչ միայն չի ենթարկվում Յասեր Արաֆաթին, այլեւ բոլորովին վերջերս Լիբանանի հարավում զորահանդես կազմակերպեց իր 10 հազար անդամների մասնակցությամբ՝ ներառյալ՝ հազիվ ինքնաձիգներ քարշ տվող փոքրիկները, որ երդվում են, թե ջիհադի զինվորներ են դառնալու։ «Համաս»-ի դեմ պայքարը, հավանաբար, հաջողությամբ կպսակվի, քանի որ պաղեստինյան ինքնավարության ղեկավարը նրանց հայտարարել է օրենքից դուրս եւ հետապնդում է գաղտնի ծառայություններով։ Այդուհանդերձ, չի թվում, որ պատերազմը, ահաբեկչության դեմ պայքարը կամ ինտիֆադան՝ անկախ որակումից, տեսանելի ապագայում վերջ կգտնի։ Արիել Շարոնի եւ Յասեր Արաֆաթի հռչակած փոխզիջումները առավելապես վերջնագրի են նման։ Իսրայելցիները բանակցությունների ենթակա չեն համարում Հին Երուսաղեմի պատկանելությունը հրեական պետությանը։ Պաղեստինցիները նպատակ են հռչակում 1967-ի Վեցօրյա պատերազմի արդյունքները չեզոքացնելը, այլ կերպ ասած՝ Հին Երուսաղեմ վերադառնալը։ Հետեւաբար, բոլոր մյուս զիջումները կարող են ժամանակավորապես լիցքաթափել լարվածությունը, նվազեցնել բախումները, բայց անկարող են հաստատել զինադադար կամ խաղաղություն։ Ընդհանրապես թվում է, թե Մերձավոր Արեւելքում Հին Երուսաղեմի խնդիրը ստեղծել է կատարյալ փակուղի, որից ելքեր չեն գտնվում։ Խաղաղարար առաքելությամբ տարածաշրջան ժամանած ամերիկյան պետքարտուղարի ներկայացուցիչը, հաշված օրերի ընթացքում, հայտարարեց, թե ինքը անկարող է ազդել կողմերի վրա, հետեւաբար՝ անիմաստ է տարածաշրջանում իր մնալը։ Արիել Շարոնը Իսրայելում «Բուլդոզեր» մականվամբ է հայտնի։ Նա փայլուն զինվորական է եւ բախտ է ունեցել ռազմական գործողություններ ծրագրել ու իրականացնել Մոշե Դայանի հետ։ Նա է ղեկավարել Սինայի թերակղզու գրավման գործողությունը։ 80-ականների սկզբին Շարոնն էր պաշտոնավարում իբրեւ պաշտպանության նախարար, երբ Իսրայելը՝ ահաբեկչական ճամբարները ոչնչացնելու պատրվակով, ներխուժեց Լիբանանի տարածք։ Շարոնը նշանակվեց քաղաքաշինության նախարար, երբ Խորհրդային Միությունից ներգաղթող հրեաները բնակտարածքով ապահովվածության ճգնաժամ էին ստեղծել։ Վերջապես, 2001-ի փետրվարին, ձայների ճնշող գերակշռությամբ, Արիել Շարոնը հաղթեց Եհուդ Բարաքին, ում մեղադրում էր պաղեստինցիների հանդեպ չափից ավելի բարյացակամություն եւ հանդուրժողականություն ցուցաբերելու մեջ։ Վերջապես, ինտիֆադայի բռնկման առիթը 2000-ի սեպտեմբերին Արիել Շարոնի թիկնապահների եւ պաղեստինցիների միջեւ քաշքշուկն էր։ Իսրայելցիները ընտրեցին Շարոնին, որովհետեւ ցանկանում են պատերազմով վերջ տալ սողացող ու անվերջանալի թվացող ահաբեկչության մղձավանջին։ «Բուլդոզեր» մականունն էլ մի ավելորդ անգամ հաստատում է Շարոնի պատրաստակամությունը՝ խոչընդոտներ անտեսելով՝ հասարակության պատվերն իրականացնել։ Յասեր Արաֆաթն էլ իր կենսագրությունը գրել է Իսրայելի դեմ պայքարում, եւ շարունակում է կրկնել, թե իրենց պայքարն արդար է, Պաղեստինի ժողովուրդը պետք է ապրի Սուրբ հողում, եւ Երուսաղեմը պետք է հռչակվի Պաղեստինի մայրաքաղաք։ Այլ հարց է, որ ի տարբերություն իսլամ արմատականների եւ ահաբեկիչների, Արաֆաթը ընդունում է Իսրայելի պետության գոյության իրավունքը։ Թե որքան ժամանակ հետո ջիհադ հայտարարած խմբավորումներն էլ կհաշտվեն Իսրայելի գոյության հետ, դժվար է կանխատեսել։ Առայժմ նրանք հայտարարում են, թե պատրաստ են կռվել ու զոհվել հանուն Իսրայելի պետության վերացման։ Իսրայելն այդ տրամադրությունները չեզոքացնելու համար գործադրում է հրթիռներ, պաղեստինցիները՝ ընդդիմանում են ռումբ-մահապարտներով։ ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել