Լրահոս
Օրվա լրահոսը

«Արծիվ»

Դեկտեմբեր 25,2001 00:00

«ԱՎԵԼՈՐԴ ԵՆՔ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ» «Արծիվ» մահապարտների միության շուրջ 60 ներկայացուցիչներ երեկ հավաքում արտահայտեցին իրենց մտահոգությունները։ Թեեւ մեր թերթում հրապարակված այն լուրը, թե այդ միությունը պատրաստվում է համագումարի, առիթ էր դարձել, որ միջոցներ ձեռնարկվեն այն խափանելու համար։ Դրանցից մեկն էլ Մահապարտների միության նախագահ Աստվածատուր Պետրոսյանի հարցազրույցն էր «Արմենիա» հեռուստաընկերությանը, որտեղ նա նշել էր, թե միության ղեկավարությունը փոխելու, ինչ-որ խնդիրներ լուծելու եւ այդ նպատակով համագումարի հրավիրմամբ շահագրգռված են հիմնականում «այն մարդիկ, ովքեր չեն ուզում հանրապետության վաղվա օրը տեսնել կառուցողական»։ Նա նաեւ ակնարկել էր, թե համագումար նախաձեռնողները միության այն անդամներն են, որոնք հարում են զանազան կուսակցությունների։ Աստվածատուր Պետրոսյանն այդ հարցազրույցում արդեն իսկ կանխորոշեց, թե համագումարը կայանալու է 2002-ի օգոստոսի 15-ին՝ ՊՆ-ի շենքում, իսկ ավելի վաղ այն անցկացնելու ջատագովներին ուղղեց այս մեղադրանքները, թե նրանք ցանկանում են այլեւս չհամագործակցել ԵԿՄ-ի հետ եւ դեմ են միասնությանը. «Հիմնական խնդիրը, որ այս Մահապարտների միության մեջ խցկեն այլ «Արծիվ»-ների։ «Արծիվ»-ները «Երկրապահում» են։ Ես չեմ ուզում «Երկրապահը» քայքայվի։ Եվ ոչ միայն ես։ Ինչո՞ւ ինչ-որ «Արծիվներ» դուրս գան ԵԿՄ-ից եւ գան-մտնեն այստեղ։ Կանոնադրության մեջ գրված է, որ միության անդամ կարող են լինել նաեւ մյուս «Արծիվ»-ները։ Բայց դրա ժամանա՛կը չի»։ Աստվածատուր Պետրոսյանի այս հայտարարություններն ունեցան այն ազդեցությունը, որ մարզերից պատվիրակները երեկ չէին եկել համագումարի։ Իսկ, այնուամենայնիվ, եկածները հավաքի շուրջ 2 ժամվա ընթացքում բազմիցս դժգոհություն արտահայտեցին միության ղեկավարի ե՛ւ այս ելույթի, ե՛ւ 2000-ի մայիսից հետո գործունեության վերաբերյալ։ Հենց այդ ժամանակ էր գրանցվել այդ միությունը եւ, եթե պահպանվեին կանոնադրության պահանջները՝ տարին մեկ պիտի համաժողով գումարվեր։ Այդ մասին իր ելույթում ասաց Մահապարտների միության փոխնախագահ, փոխգնդապետ Արթուր Աղաջանյանը եւ նշեց, որ անցած 1,5 տարվա մեջ ոչ միայն այդ դրույթը չի պահպանվել, այլ անգամ խորհրդի նիստեր չեն գումարվել։ Սակայն 3 օր առաջ գումարվել է խորհրդի նիստ, որտեղ 11 անդամներից 6-ի ձայներով ընդունվել է համագումարն այժմ չանցկացնելու որոշումը։ Պատերազմի ամենածանր շրջանում Վազգեն Սարգսյանի կոչով «Մահապարտների գունդ» ձեւավորած եւ կամավոր ռազմաճակատ մեկնած այս մարդիկ երեկվա հավաքում միանշանակ հայտարարեցին, թե չեն մասնակցելու ԵԿՄ-ում այսօր առկա խաղերին, որ ձեռնտու է միայն որոշ «զորավարների» եւ հերքեցին, թե ԵԿՄ-ից տարանջատվելու կամ այն տրոհելու մտադրություն ունեն։ Ուշադրություն դարձրեք՝ Աստվածատուր Պետրոսյանն էլ էր ընդունել, թե իրենց կանոնադրությամբ թույլատրվում է, որ միությանը մաս կազմեն նաեւ այլ «Արծիվ» ջոկատների անդամներ։ «Բայց ինչո՞ւ ոչ,- այս առնչությամբ մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Արթուր Աղաջանյանը։- Տղաներից շատերն այսօր կուզենային լինել մեր միության անդամ։ Լինում են նաեւ դեպքեր, երբ զոհվածի ծնողը գալիս եւ ինչ-որ մի հարցով դիմում է մեզ։ Ի՞նչ ասենք, որ իր որդին չի՞ եղել մահամարտների գնդում՝ ուրեմն պիտի չօգնենք ու չընդառաջե՞նք այդ մարդուն»։ Հավաքվածներն ընդհանրապես բավական բուռն անդրադարձան մահապարտների գնդի մարտիկների եւ զոհվածների ընտանիքների սոցիալական ներկա կացությանը, արտոնությունների բացակայությանը։ Արթուր Աղաջանյանը նշեց, որ մինչ ոմանք այս միության անվան ներքո հարստություն են ձեռք բերել՝ շարքայինների 90%-ը չունի ապրելու միջոցներ. «Անդամներ ունենք, որ արդեն բոմժեր են դարձել»։ Կամավոր ռազմաճակատ մեկնած Անդրանիկ Խաչատրյանը վստահություն հայտնեց, թե տեսնելով այն արհամարհանքը, որին արժանանում է ինքը՝ վաղն իր որդին չի գնա կռվելու։ Մանվել Մահտեսյանը պատմեց, թե արտագաղթած մահապարտներ էլ կան, որոնց կարիքը հարկադրել է անգամ գողության դիմել. «Քանի որ պետք չեն ո՛չ մեր պետությանը, ո՛չ էլ հասարակությանը»։ «Մենք այս երկրի համար դարձել ենք ավելորդություն»,- երկրորդեց նրան Զոհված ազատամարտիկների միության նախագահ Աշոտ Նիկողոսյանը, որ գամված էր հաշմանդամի սայլակին։ Ներկաները բողոքում էին, թե իրենց զոհված ընկերների հիշատակը հավերժացնող հուշարձանն անգամ չմնաց։ Այն քանդեցին եւ տեղը կառուցվեց «Գլաձոր» համալսարանը։ Իսկ միության ղեկավարը ոչ միայն չխոչընդոտեց, այլեւ անգամ իր համաձայնությունը տվեց քանդել այդ հուշարձանը, որն, ի դեպ, կառուցվել էր մահապարտներից մեկի ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարով։ Իհարկե, «Արծիվ» միության 217 անդամները գրեթե ամբողջ կազմով արժանացել են պարգեւների, բայց դա նրանց առանձնապես չէր ոգեւորում։ «Բռերով մեդալ են բաժանում։ Սաղին էլ տալիս են,- ասաց Մանվել Մահտեսյանը։- Թող իրենց գլխի՛ն կպնի»։ Հաջորդ թեման, որին անդրադարձան Մահապարտների միության անդամները՝ «Հոկտեմբերի 27»-ի գործն էր։ Նրանք դժգոհում էին, որ միությունը որեւէ հայտարարությամբ չի արձագանքել իր հրամանատարի սպանությանը եւ դրան հաջորդած գործընթացներին։ «Ես Ալիկին ասել եմ՝ պրն ժեներալ (հենց այս հնչողությամբ էլ արտասանեց.- Ա. Ի.), եկեք հայտարարություն անենք։ Մեր ընկերոջը, մեր ախպո՛րն են խփել։ Նա թե՝ ժամանակը չի, պահը չի։ Ինչի՞, իրեն պաշտոն տվեցին, ժամանակը վափշե վերացա՞վ»,- ասաց Մանվել Մահտեսյանը։ Ե՞րբ է գալու այդ ժամանակը՝ հետաքրքրվեց մեկ այլ ելույթ ունեցող. «Փորձում ենք մի բառ ասել՝ բերաններս փակում են (ոնց որ մանկապարտեզի երեխա լինենք), թե սո՛ւս մնացեք, ժամանակը չի, հիմա մի խոսեք։ Երկու տարի չեն կարողանում մի հարց պարզել»։ «Ի՞նչ իմանար Սպարապետը, որ քանի դեռ ինքը մահապարտների գումարտակով ռազմաճակատի առաջին գծում Ղարաբաղ է փրկում, թիկունքում հրեշավոր դավեր են նյութվում։ Ի՞նչ իմանար, որ հարվածը թիկունքից է հասցվելու,- սա Արթուր Աղաջանյանի ելույթից է։- Հիմա արդեն գիտենք, որ եթե պետության Սպարապետը երկրի ներսում է սպանվում, ուրեմն Հայրենիքի ճակատագիրն էլ միայն ռազմաճակատում չէ, որ վճռվում է։ Եվ հողն էլ միայն պարտվելով չեն կորցնում, այլ նաեւ՝ փաստաթղթեր ստորագրելով։ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը ցույց տվեց, որ ցավոք, մեր պետությունն առ այսօր ոչ միայն կայացած չէ, այլեւ լրջագույն վտանգների առաջ է կանգնած՝ ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Այս պայմաններում երկրապահներն իրավունք չունեն պառակտվելու»։ Հավաքվածներն այս խնդիրների շուրջ նաեւ մի բանաձեւ ընդունեցին, որը կներկայացնենք մեր վաղվա համարում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել