Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան կարգավորման մասին

Դեկտեմբեր 25,2001 00:00

Արցախյան կարգավորման մասին Խնդրի միջազգայնացմանը զուգահեռ հայ ժողովուրդը եւ պետությունը չեն դրսեւորում այն սեփական ուժերով եւ անդառնալիորեն լուծելու բավարար վճռականություն: Արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խումբը, ում տնօրինմանն է հանձնված Արցախի ճակատագիրը, ղեկավարվելով աշխարհի տերերի շահերով, մեթոդաբար Հայաստանին պարտադրում է միանգամայն անընդունելի լուծում: Արցախյան փոխզիջման հնարավորության մասին լեգենդի, իսկ հակառակ դեպքում՝ պատերազմի անխուսափելիության սպառնալիքի տարածումով փորձ է արվում շահագործել ժողովրդի խաղաղասիրությունը: Միաժամանակ պարտվողական համաձայնագրի նկատմամբ ժողովրդական ընդվզումը չեզոքացնելու նպատակով օգտագործվում են բանակցությունների գաղտնիությունը, կողմերի մասնակցությամբ քարոզչական շոուները, ձգձգումներին հաջորդող արագացումները եւ այլ դիվանագիտական հնարքներ: Առաջարկվող փոխզիջումը իրականում միակողմանի զիջում է: Այն է. նախկինում հայաթափված եւ արյան գնով ազատագրված հայրենի տարածքների հանձնումը: Դա կխրախուսի Ադրբեջանին նոր պատերազմի՝ իրականություն դարձնելու համար Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան կամուրջը եւ մեկընդմիշտ հայաթափելու համար դրան խոչընդոտող Լեռնային Արցախը: Օտար պարտադրանքն այսօր հնարավոր է, քանի որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները չեն գիտակցում եւ ղեկավարվում ազգային շահերով, իսկ քաղաքական կուսակցությունները հանցակցում են նրանց՝ իշխանական աթոռների համար մղվող պայքարում չնկատելով կամ չուզենալով նկատել Հայաստանին ուղղված այս մեծագույն վտանգը: Այդ պատճառով, գիտակցելով մեր պատասխանատվությունը սերունդների առջեւ, հայտարարում ենք. Ազատագրված տարածքները մեր ամբողջական հայրենիքի անբաժան մասն են եւ սակարկության ենթակա չեն, Արցախի նկատմամբ հայկական ինքնիշխանությունը վաղուց իրականություն է եւ նրա ճանաչման համար հավելյալ զիջումների անհրաժեշտություն չկա, Հիմնահարցի իրական լուծումը ազատագրված բոլոր տարածքների շուտափույթ յուրացումն է: Առանց արյան տարածքներ չեն կարող զիջվել: Խաղաղության միակ երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է: Միաժամանակ հայտարարում ենք, որ Արցախյան հարցի լուծումը սերտորեն կապված է հայ ժողովրդի դեմ այսօր ծառացած այլ հիմնախնդիրների լուծման հետ եւ հնարավոր է ազգային ողջ ներուժի համախմբման դեպքում: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնությանը աջակցող մտավորականների հավաք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31