Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ ծագումով հայ է

Դեկտեմբեր 25,2001 00:00

ԱՐԹՈՒՐ ԱՐՔԱՅԻ ՌԻՆԳԸ Կամ ծագումով հայ է Հայերս տարօրինակ ազգ ենք։ Անհասկանալիի աստիճանի ենք հասնում։ Պատրաստ ենք անմնացորդ նվիրվել բոլոր նրանց, ովքեր ընդամենը բարեհաճել են բարեւել մեզ։ Բայց նաեւ կարող ենք չհիշել (ցավոք, այդպես էլ է պատահել պատմության քառուղիներում) մեր ակունքները, լավագույն դեպքում՝ չարտահայտվել՝ չգիտես ինչու թաքցնելով, ավելի ճիշտ՝ չգիտակցելով մեր գեները։ Բայց նաեւ տարօրինակ ենք մեր խառնվածքով։ Էլի, չգիտես ինչու, պրպտում, գտնում ենք աղերսներ, որպեսզի ասենք, որ այս կամ այն պատմական կամ ժամանակագրական դեմքը ծագումով «հայ» է, թեեւ այդ ոքը չի ցանկանում խոստովանել դա։ Այսպես, հավանաբար, հայը պաշտպանում է ոչ այնքան իր տեսակը, որքան այդ «մոլորյալին»։ Մենք էլ, որպես իսկական հայ, հպարտանում ենք Ուզբեկստանի քաղաքացի, մեր հայրենակից, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանով։ Նա երբեւէ կհիշի՞ իր հայկական ծագումը, թե՞ ոչ, իր խնդիրն է։ Պարզապես, ուզում ենք, որ ինքն էլ գիտակցի ու իրեն լավ զգա։ Այս նկատառումով տպագրում ենք նրա հարցազրույցը, որ տպագրվել է Ռուսաստանի ԶԼՄ-ներում, որում, մասնավորապես, ասվում է հետեւյալը։ Ուզբեկստանի ճանաչված բռնցքամարտիկ Արթուր Գրիգորյանի հաջողությունները պրոֆեսիոնալ ռինգում մեծապես կապված են Գերմանիայի հետ։ Նա ԳՖՀ-ում հայտնվեց 1992 թվականին, Գալլ քաղաքի սիրողական ակումբի հետ մեկ տարի ժամկետով պայմանագիր ստորագրելուց հետո։ Այստեղ նա այն աստիճան հաջող հանդես եկավ, որ պայմանագրի ժամկետը որոշվեց երկարացնել։ – Ես իմ մենամարտերը ժամանակից շուտ էի ավարտում եւ մրցաշրջանի ավարտին ինձ տվեցին ««Արքա» մականունը։ Այդ մասին տպագրեցին «Բիլդում», եւ իմ ներկայիս մենեջերները 94-ի փետրվարին եկան, նայեցին իմ մարտերը՝ չասելով, թե ով են։ Հերթական մարտը շահեցի բացահայտ առավելությամբ։ Մոտեցան եւ ներկայացան. Համբուրգի պրոֆեսիոնալ ակումբից էին։ Առաջարկեցին տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ։ Ասացի, որ վատ միտք չէ, բայց հարցրի, թե որքա՞ն կվարձատրեն։ – Իսկ որքա՞ն ես ստանում։ – Յուրաքանչյուր հաղթական մարտի համար $ 2000, պարտվելու դիմաց՝ $ 1000։ Թեեւ Բունդեսլիգում բոլոր մարտերում հաղթել եմ։ Ասացին, թե կվճարեն 5 հազար մարկ, մինչեւ կհասցնեն Եվրոպայի չեմպիոնի աստիճանին։ Իսկ այնտեղ այլ գումարներ կլինեն։ Համաձայնեցի։ Պայմանագիրը ստորագրելուց հետո դեմ տվեցին. լսի՛ր մեր պայմանները։ Հիմա դու արդեն մեր բռնցքամարտիկն ես։ Մենք քեզ կամաց-կամաց կբարձրացնենք։ Բայց փողի մասին չպետք է մտածես։ Պիտի կատարես քո աշխատանքը, իսկ երբ հասնես մեծ մենամարտերին, փողն ինքը կհոսի քո գրպանը։ 94-ի ապրիլին Գրիգորյանն անցկացրեց առաջին մենամարտը, երկու ամիս անց՝ երկրորդը։ Չորրորդն արդեն ԳՖՀ-ի չեմպիոնի տիտղոսի համար էր, որում Արթուրը հաղթեց բացահայտ առավելությամբ։ 96-ի ապրիլի 13-ին նա նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, որը ոչ ոքի չի զիջում առայսօր։ – … Շուտով Նոր տարի է, ու դու սովորաբար վերադառնում ես Տաշքենդ։ Բայց հունվարի սկզբներին տիտղոսդ հերթական անգամ պետք է պաշտպանես… – Ես պատրաստվում եմ հունվարի 5-ին Մագդեբուրգում կայանալիք այդ մրցամարտին։ Մարզվում եմ։ Կարծում եմ, ուսիս վնասվածքը չի խանգարի։ Մրցակիցս Մեքսիկայի ներկայացուցիչ, ամերիկացի Ռոկկի Մարտինեսն է։ Հինգ տարի առաջ, երբ պատրաստվում էի աշխարհի առաջին առաջնությանս, նա իմ մարզումային մրցակիցն էր։ Նրան հիշում եմ որպես լավ, տեխնիկապես բարձր մարզիկի։ Նա շատ արագաշարժ է։ Հեշտ չի լինի ինձ համար։ Բայց կարծում եմ, որ ամեն բան բարեհաջող կանցնի։ Նոր տարի, որպես այդպիսին, չեմ կարող տոնել։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել