Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանի նվիրատվությունը

Հունվար 10,2002 00:00

Դեսպանի նվիրատվությունը Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի եւ համագործակցության հայկական ընկերությունում Հնդկաստանի դեսպան Բալ Անանդը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային նվիրեց հնդկական երաժշտական ինը գործիքների եւ ութ ձայնասկավառակների հավաքածու։ Արարողությունից հետո դեսպանը սիրով պատասխանեց մեզ հետաքրքրող մի քանի հարցերի։ – Մեր երկու հինավուրց երկրների միջեւ ձեւավորված ավանդական բարեկամությունն իր վառ դրսեւորումն է գտել քաղաքակրթության եւ արվեստի տարբեր ոլորտներում, որը դարերի պատմություն ունի։ – Այո, դարերի պատմություն։ 17-րդ դարի հայ բանաստեղծ Նահատակ Սարմատի պոեզիան այսօր էլ շարունակում է ոգեշնչել՝ պահպանելով իր արդիական հնչեղությունը։ Զարմանալի չէ, որ հնդկական դասական երգի առաջին կատարողը, որը ձայնագրվել է գրամոֆոնի վրա 1902 թվականին, հայկական ծագում ունեցող Գոհար Ջան անունով երգչուհին էր։ Հայ եւ հնդիկ ժողովուրդները երգել են նմանատիպ երգեր եւ պարել համանման պարեղանակների տակ։ Երաժշտական ավանդույթները եւ գործիքները նույնպես վկայում են, որ հայկական եւ հնդկական մեղեդիներն ու ռիթմերը փոխազդեցություններ են ունեցել երկու ժողովուրդների միջեւ՝ արժեքավոր իրերի առեւտրին զուգահեռ։ Այս պատմաքաղաքակրթական համառոտ համատեքստում ինձ համար հաճելի է Երեւանի պետական կոնսերվատորիային նվիրել իմ ժողովրդի գործիքների հավաքածուն Հնդկաստանի մշակութային կապերի խորհրդի կողմից։ – Ակնհայտ է, որ Դուք քաջատեղյակ եք թե հնդիկ եւ թե հայ ժողովուրդների երաժշտաարվեստին։ Կարծում եմ, համակարծիք եք հետեւյալ մտքին. «Յուրաքանչյուր ժողովրդի դեսպանը իր արվեստն է», ասել է թե՝ յուրաքանչյուր արվեստագետ իր ժողովրդի դեսպանն է։ – Համակարծիք եմ, բայց… ամերիկացի մեծ փիլիսոփա Էմերսոնն ասել է. «Երաժշտությունը մղում է մեզ պերճախոս մտածելու», իսկ գերմանացի գրող եւ կոմպոզիտոր Հոֆմանը՝ «Որտեղ վերջանում է բառը, այնտեղ սկսվում է երաժշտությունը»։ Դուք էլ համակարծիք կլինեք հետեւյալ մտքին, որ ամեն բան այս կյանքում իր տեղը, դերն ու նշանակությունն ունի։ Վերադառնամ երաժշտությանը։ Ժամանակակից աշխարհի որոշ փիլիսոփաների եւ արվեստագետների խորին համոզմամբ, Երկիր մոլորակը ներդաշնակորեն կմիավորվի միայն երաժշտության՝ համընդհանուր հաղորդակցման ամենավեհ ձեւի միջոցով։ Ես վստահ եմ, որ հնդկական ամենահայտնի երաժշտական գործիքների նվիրատվությունը հնդկա-հայկական հարաբերությունների երաժշտական կապերի ոլորտում նոր մեղեդիներ կհնչեցնի։ Ըստ հավաստի տեղեկությունների, առաջինը կոնսերվատորիայի պրոռեկտոր Լեւոն Տոնոյանն է փորձեր արել նվագելու հնդկական գործիքներով, իսկ արդեն տարածված շշուկները հավաստում են, որ գալիք ուսումնական տարում կոնսերվատորիայում կուսանեն նաեւ հնդիկ ուսանողներ։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել