Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ղազախական աուլներում

Հունվար 15,2002 00:00

Ինչպես ղազախական աուլներում «Առավոտի» տեղեկություններով, Շենգավիթի թաղապետարանը համայնքի մանկապարտեզներին չի վճարել 3-4 ամսվա աշխատավարձ։ Իսկ վարիչների հետ կնքել է եռամսյա պայմանագիր՝ աշխատավարձերի ուշացումների հետ կապված հնարավոր տրտունջներից հեռու մնալու նպատակով։ Եվ բնական է, որ ընդամենը եռամսյա աշխատանքային պայմանագիր ունեցող որեւէ մանկապարտեզի վարիչ երբեք չի հանդգնի բողոքել կամ աշխատավարձի պահանջի պատճառով իր ձեռքով «իր տունը քանդել»։ Շենգավիթի թաղապետարանի քարտուղար Արտակ Աբրահամյանը, սակայն, հայտարարեց, որ կնքված կարճատեւ պայմանագրերը կապ չունեն աշխատավարձերի ուշացումների հետ։ Ավելին, վկայեց, որ թաղապետ Մարտին Սարգսյանը անգամ աշխատակազմի 71 աշխատակիցների հետ է նման պայմանագրեր ստորագրել, ինչը «տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը չի արգելում»։ Ա. Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ արդեն բաշխվել է մանկապարտեզների աշխատակիցների սեպտեմբեր ամսվա աշխատավարձը եւ այժմ տրվում է հոկտեմբերինը։ Հետո ամեն ինչ ավելի մանրամասնեց, ասելով, թե յուրաքանչյուր մանկապարտեզ ունի իր հաշվապահությունը, որը պարտավոր է նախօրոք հայտ ներկայացնել՝ աշխատավարձ ստանալու համար։ Իսկ եթե, այնուամենայնիվ, «որոշ աշխատակիցներ ծուլանում են», իրենք ստիպում են վերջիններիս «գալ ու տեր կանգնել իրենց աշխատավարձերին»։ Թաղապետարանի քարտուղարը, մանկապարտեզների աշխատավարձերի հարցը գլոբալացնելով, կապեց ողջ հանրապետության ընդհանուր վիճակի հետ, հիշեց համայնքի արտադրական ձեռնարկությունների օգուտների 15%-ից զրկվելու փաստը եւ ամեն ամիս նախադպրոցական եւ կրթական հիմնարկների ջեռուցման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման եւ այլ ծախսերի համար վճարվող 15-17 մլն դրամը։ «Համայնքներ կան, որ 10 ամսվա աշխատավարձերի պարտքեր ունեն, ստացվում է, որ պետք է ապստամբությո՞ւն բարձրացնեին»,- զարմացավ նա։ Կարճաժամկետ պայմանագրերով աշխատելը մինչեւ վերջ չկապեց աշխատավարձերի հետ, քանի որ համոզված էր, որ «ցանկացած պահի, ցանկացած կադրի՝ աշխատանքային օրենսգրքով թաղապետը կարող է ազատել աշխատանքից»։ Փոխարենը նա մեկ այլ, մեր կարծիքով, նույնպես հրատապ հարցի մասին խոսեց, որը Շենգավիթի թաղապետարանը բարձրացրել էր դեռեւս քաղաքապետ Բազեյանի օրոք։ Դա նախադպրոցական հիմնարկների կադրերի որակավորման եւ ատեստացիայի թույլտվության խնդիրն է։ Ա. Աբրահամյանի կարծիքով, վերջին շրջանում նախադպրոցական կրթական համակարգ են թափանցել ոչ մասնագետներ։ Եվ չկա կոնկրետ փաստաթուղթ, որը սահմանում է «նախադպրոցական հիմնարկի կադր» հասկացությունը։ Նրա կարծիքով, եթե նախկինում ոչ մասնագետ մանկապարտեզի վարիչ ունենալը ինչ-որ կերպ արդարացվում էր, ապա ներկայումս անհանդուրժելի է. «Նույն տրամաբանությամբ ենք առաջնորդվում, ինչպես, օրինակ, Ղազախստանի հեռավոր աուլներում, ուր մի կթվորուհի կարող է դառնալ մանկապարտեզի դաստիարակչուհի, իսկ 5 տարուց հետո համարվել մասնագետ»։ Ա. Աբրահամյանից տեղեկացանք, որ Շենգավիթի թաղապետարանը մանկավարժական կադրերի տարիքային պրոբլեմ եւս ունի (մանկապարտեզներում 1933-35թթ. ծնված տատիկներ էլ են աշխատում), որը նույնպես դժվար լուծելի խնդիր է այսօր։ Նա հավաստիացրեց, որ թաղապետարանը բազմիցս (դեռեւս 1999-ից) կադրերի՝ որակավորման սկզբունքների մշակման հարցերով դիմել է ԿԳ նախարարություն եւ Կրթական բարեփոխումների կենտրոն, սակայն ոչ մի անգամ նորմալ պատասխան չի ստացել։ «Եթե, օրինակ, ինձ մոտ որեւէ ռեցիդիվիստ աշխատի, ես պատասխանատվություն չեմ կարող կրել, որովհետեւ չկա որեւէ սկզբունք կամ մարմին, որին դիմելով՝ ստանայինք համապատասխան տվյալներ տվյալ անձնավորության մասին»,- մտահոգված է թաղապետարանի քարտուղարը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել