Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ «ԵԹԵ»-ՈՎ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

Հունվար 16,2002 00:00

ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ «ԵԹԵ»-ՈՎ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ Ավան եւ Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ Մարտին Կարապետյանի, մեղադրող Գագիկ Ավետիսյանի մասնակցությամբ երեկ սկսվեց ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցներ Արշակ Մանուկյանի, Արտակ Նիկողոսյանի, Հայկ Մկրտչյանի եւ Միշա Մեջլումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Մինչ դատական նիստը սկսվելը տեղեկացնենք, որ դատարանում շինարարական աշխատանքներ էին տեղի ունենում եւ նախատեսված դահլիճ-աշխատասենյակից (դատավորի) նիստը տեղափոխվեց մեկ այլ դահլիճ։ Այդ ընթացքում միմյանց բախվեցին ամբաստանյալների եւ նրանց կողմից խոշտանգումների ենթարկված զինծառայողների հարազատները։ Ի դեպ, բախումը շարունակվեց նաեւ նիստը ավարտվելուց հետո եւ բավականին ջանքեր պահանջվեցին կողմերին հանգստացնելու համար։ Դահլիճը, ուր տեղափոխվեցինք մենք, զարդարում էր Լենինի դիմապատկերը, կողքին՝ Մեսրոպ Մաշտոցի եւ Խաչատուր Աբովյանի դիմանկարներով։ Հաստատապես կարող եմ պնդել, որ անկախությունից հետո վերոնշյալ անձինք որեւէ գործուն դեր չեն խաղացել Հայաստանի իրավագիտության պատմության մեջ։ Ինչեւէ։ Ամբաստանյալները տեղ զբաղեցրին ճաղավանդակների ետեւում, իսկ Արշակ Մանուկյանի ինքնազգացողությունը վատ էր եւ նրան, ինչպես նկատեցինք, ջուր եւ դեղ տրվեց։ Արշակ Մանուկյանը աշխատել է ռազմական ոստիկանությունում ԶՈՒԲ բաժնի պետ եւ այս կապակցությամբ նա հայտնեց, որ մեղադրականում սխալ է նշված, թե ինքն աշխատել է ՌՈ ընդունիչ-բաշխիչում իբրեւ բաժնի պետ։ Նա կալանքի տակ է 2000թ. օգոստոսի 28-ից եւ դատավոր Մ. Կարապետյանը ծանոթանում էր ամբաստանյալի ինքնությանը, արդյո՞ք նա ծառայել է բանակում, ՌՈ աշխատակիցը պատասխանեց, որ բանակում չի ծառայել հիվանդության պատճառով։ Արտակ Նիկողոսյանը աշխատել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժանմունքում որպես օպերլիազոր։ Հաջորդ ամբաստանյալը՝ Հայկ Մկրտչյանը, աշխատել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանության ուղեկցող դասակի ջոկի հրամանատար։ Միշա Մեջլումյանը, որը տեղ էր զբաղեցրել պաշտպանների կողքին, կալանված չէր, նախկինում աշխատել է Ստեփանակերտի ռազմական ոստիկանության բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ։ Այս քրեական գործով տուժողներ են ճանաչվել Երջանիկ Սարգսյանը, որը ներկայումս գտնվում է Արթիկի թիվ 15 ՈՒԱՀ-ում, Միշա Հարությունյանը, որը գտնվում է Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանում, ինչպես նաեւ Կարեն Անտոնյանն ու Գուրգեն Տավարածյանը։ Գործով անցնում են ութ վկա։ Զարմանալի զուգադիպությամբ վկաներից մեկի անուն-ազգանունը նույնն է, ինչ Հայաստանի պաշտպանության նախարարինը։ Ա. Մանուկյանը մեղադրվում էր այն բանում, որ օպերատիվ միջոցառումներ իրականացնելու ժամանակ զինծառայող Երջանիկ Սարգսյանի նկատմամբ, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, տեւական ժամանակ խոշտանգման բնույթ կրող բռնի գործողություններ է կատարել, «պահանջել է խոստովանական հայտարարություններ անել սպանությունը իր կողմից կատարված լինելու մասին»։ Մեկ այլ զինվորի՝ Սերգո Հարությունյանի սպանության հետ կապված, Ա. Մանուկյանը մեղադրվում էր նաեւ, որ զորամասից ռազմական ոստիկանություն է տեղափոխել մի քանի զինծառայողների, նրանց մեջ՝ Միշա Հարությունյանին, եւ իր ենթակա աշխատողների մասնակցությամբ «ծաղրուծանակի հետ զուգորդված, ծեծի ենթարկել»։ Մյուս ամբաստանյալները մեղադրվում էին այն բանում, որ տուժողների նկատմամբ խոստովանական հայտարարություններ են կորզվել ծեծի, բռնարարքների միջոցով։ Նույնիսկ կար խոշտանգման հետեւյալ նկարագրությունը. հարկադրել զինծառայողներին հանել իրենց կոշիկները, ձեռքերը պահել ծոծրակին, ծնկած վիճակում մահակով հարվածներ հասցնել ոտնաթաթերին։ Կար նաեւ ավելի սահմռկեցուցիչ նկարագրություն, որը տեղ է գտել մեղադրանքում, երբ աքցանով պարբերաբար սեղմվել է զինծառայողների մատների եղունգները, «ապա գործադրելով առանձին դաժանություն՝ ասեղի ծայրը մտցվել է վնասված եղունգների տակ ու տանջել»։ Ահա թե ինչու դատաքննությունը դեռ չսկսված, առանձին ռեպլիկներ էին հնչում նրանց ուղղությամբ։ Դատավորն, ի դեպ, մի քանի անգամ դիտողություն արեց դահլիճում նստածներին, թե «սա կոլտնտեսության նիստ չէ, ասել-խոսելու ձեւ գոյություն ունի»։ Ամբաստանյալների պաշտպանությունն իրականացնում էին Վլադիմիր Յավրումյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Սոս Գրիգորյանն ու Հրաչիկ Իսաջանյանը։ Ի դեպ, Վլադիմիր Յավրումյանը միայնակ չի իրականացնում ԶՈՒԲ-ի նախկին պետի պաշտպանությունը։ Ա. Մանուկյանի պաշտպանն է նաեւ փաստաբան Աշոտ Սարգսյանը, որը, սակայն, երեկ իրազեկված չէր դատական նիստի մասին։ Ի դեպ, ուշագրավ իրավիճակ ստեղծվեց պաշտպանների իրավունքների հետ կապված։ Վ. Յավրումյանը հայտարարեց, որ ինքը տեղյակ չի եղել, թե երբ է ավարտվել նախաքննությունը եւ իրեն չեն տրվեն քրգործի նյութերը եւ, որպեսզի ծանոթանար, խնդրեց երկու շաբաթ ժամանակ, քանի որ, ըստ պաշտպանի, 4 հատորին ինքը կարող է ծանոթանալ այդքան ժամանակում։ Այս ժամանակ տուժող Երջանիկ Սարգսյանի մայրը տեղից դիմեց դատարանին, որ պաշտպանը տեղյակ է գործից, քանի որ ժամանակին ինքը դիմել է պարոն Յավրումյանին՝ իր տղայի շահերը ներկայացնելու համար։ Լիպարիտ Սիմոնյանը միացավ իր գործընկերոջ միջնորդությանը, հայտարարելով, որ իր իրավունքները եւս ոտնահարել է դատարանը։ Նա ասաց, որ դատաքննությունը պետք է սկսվի նախապատրաստական փուլից։ Երկու պաշտպանները գտան, որ պետք է տրվի այնքան ժամանակ, ինչքան պահանջում է իրենց գործընկերը։ Մեղադրող Գ. Ավետիսյանը առարկեց վերոնշյալ միջնորդությանը, ասելով, որ ամբաստանյալը միտումնավոր ամեն ինչ արել է, որպեսզի ձգձգվեր գործի նյութերին ծանոթանալը եւ նա անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է ծանոթանալ։ Ամբաստանյալը առարկեց մեղադրողին, հայտնելով, որ ինքը գտնվել է հիվանդանոցում եւ ինքնազգացողությունն է եղել պատճառը գործի նյութերին չծանոթանալու։ Պաշտպան Լ.Սիմոնյանն ասաց, որ եթե չբավարարվի իր գործընկերոջ միջնորդությունը, ապա դա կլինի կոպիտ ոտնահարում։ Դատավորը զգուշացրեց՝ դատարանի հետ «եթե»-ներով չեն խոսում։ Դատական նիստը նշանակվեց հաջորդ հունվարի 24-ին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031