Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՆՏԱ՞Ժ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻՆ

Հունվար 17,2002 00:00

ՇԱՆՏԱ՞Ժ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻՆ «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննության ժամանակ սպասվում էր, որ կավարտվի ամբաստանյալ Կարեն Հունանյանի հարցաքննության արձանագրությունների հրապարակումը եւ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւն էլ հանդես կգա միջնորդությամբ։ Ի դեպ, չէր բացառվում, որ միջնորդությունների «կարիք» զգացվեր նաեւ ամբաստանյալների պաշտպանների համար էլ, սակայն ռուս փաստաբանի միջնորդության հետ կապված, ասվում էր (հետկուլիսային խոսակցություններում), որ այն առնչվում է մասնավորապես ՆԳՆ Մոսկվայի փորձագիտական կենտրոն տարված հոկտեմբերի 27-ի տեսաերիզի հետ։ Դատաքննությունն ընթացավ սովորական հունով։ Նիստերի դահլիճում առաջվա նման ոստիկաններն ու լրագրողներն են (ի դեպ, նկատելի է կարմիր բերետավորների թվի հավելում)։ Ինչպես տուժողների, այնպես էլ ամբաստանյալների հարազատներից եւ ոչ ոք չկար դատարանում։ Լրատվամիջոցների ուշադրությունից դուրս էր մնացել ամբաստանյալ Նաիրի Հունանյանի ցուցմունքներից մեկը։ Ն. Հունանյանը հայտնել էր, թե ինքն ապստամբության դրոշ է բարձրացրել, քանի որ Վ. Սարգսյանն ու նրա հետ «ազգադավ» համաձայնության եկած Կարեն Դեմիրճյանը միասին ընտրությունները կեղծելով տիրացել են իշխանությանը եւ որ «իր նպատակին հասնելու միակ օրինական ճանապարհը սահմանադրական դատարան դիմելն էր, որի իրավունքից ինքը (եւ ՀՀ բոլոր քաղաքացիները) զրկված է»։ Դատավարությանը հետեւող անկախ դիտորդի գնահատմամբ՝ «տարօրինակ էր դառնում ՍԴ դիմելու էպիզոդը, որտեղ, ինչպես հայտնի է, դիմում են նաեւ ընտրությունների արդյունքների վիճարկման կապակցությամբ, այն էլ թեկնածուներն ու սահմանափակ թվով պետական իշխանության մարմինները։ Հարց է ծագում. հանուն ո՞ր քաղաքական ուժի էր ուզում դիմել ՍԴ։ Սա 1999թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներից իր ունեցած դժգոհության պատահական սպրդո՞ւմ է, թե՞ մարտավարության երրորդ բաղադրիչն է՝ շանտաժ երրորդ ուժին»։ Դիտորդի ուշադրությունը գրավել էր նաեւ ամբաստանյալի հետեւյալ արտահայտությունը (ի դեպ, հրապարակումը վերստին ուշադրություն է հրավիրում մի կարեւոր դետալի վրա էլ). Կ. Հունանյանն ասել էր, որ ինքն անմիջականորեն մասնակցել էր սոցիալ-տնտեսական այն ծրագրի մշակմանը, որով պետք է առաջնորդվեր Ն. Հունանյանի գլխավորած ժամանակավոր կառավարությունը. «Երկրի կառուցվածքային ծրագրի մշակմանն իմ իմացությամբ մասնակցել եմ, ներդրել ունեցածս գիտելիքները»։ «Հետաքրքիր է երկրի կառուցվածքային ծրագիր ձեւակերպումը,- շարունակեց դիտորդը,- եւ, հավանաբար, ահաբեկիչներից յուրաքանչյուրը որոշակի տեղ էր հայցում այդ «կառուցվածքում»։ Դժվար է ասել, թե այս հակադրությունը դիտավորյա՞լ էր, թե՞ ոչ դիտավորյալ։ Հավանական է, որ Կարենը չուզեց մենակ թողնել եղբորը կատարվածի ողջ պատասխանատվության բեռի տակ եւ արտաքուստ ցույց տվեց, թե չի հասկանում ակնկալվող պատասխանը, իսկ հերթական անգամ ինչ-որ «ազդանշան» հաղորդեց դրսին, որ մի անձի փրկության խնդիր չէ, այլ առայժմ 2, հետագայում «Վռամ+մյուսների»։ Միգուցե մյուսների համերաշխությունը «մենք» ձեւակերպմանը սրանո՞վ է պայմանավորված։ Եվ արհեստական հակադրելով Նաիրի+մյուսներին, դրսից էլ ավելի ուժեղ եւ ամուր երաշխիքներ են ակնկալվում։ Ի հեճուկս Նաիրիի «անկեղծ զայրանալուն»։ Այս հարցադրման պատասխանը կստանանք ըստ իմ զրուցակցի՝ մոտ ապագայում, «ընդհուպ, եթե բոլորով խռովեն ու նեղացածի կեցվածք ընդունեն»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031