Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՁԵՑՈՒՄԸ «ՀՕԴՍ ՑՆԴԵՑ»

Հունվար 18,2002 00:00

ՄԵՐՁԵՑՈՒՄԸ «ՀՕԴՍ ՑՆԴԵՑ» Գերագույն հոգեւոր խորհուրդը քննարկել էր Կանադայում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմ հիմնելու հարցը եւ նամակով իր մտահոգությունը հղել Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի, տեղեկատվության պատասխանատու Գրիգոր վարդապետ Չիֆջյանը հաստատեց նամակի ստացումը. «Ճիշտ է, բայց որպես Կիլիկիո կաթողիկոսություն ոչինչ չունենք ասելու: Դա միայն մեր ներքին դասավորման հարցն է: Ոչ մի անպատեհություն չենք տեսնում»: Ըստ Մայր Աթոռ Ս.Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տեր Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանի, 1956 թվից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը դուրս եկավ իր օրինական սահմաններից. «Բռնագրավեց Պարսկաստանի երեք թեմերը: Զուգահեռ թեմեր հաստատեց Հունաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այսօր շարունակությունն է այդ գործընթացի, երբ մի զուգահեռ թեմ է հաստատվում նաեւ Կանադայում»: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այդ ժամանակաշրջանում գտնում էր, որ Ս.Էջմիածինը գործունեության մեջ ազատ չէ, կոմունիստական ռեժիմի իշխանության տակ է: Ըստ Եզնիկ Սրբազանի, «տասը տարուց ավելի է, ինչ այդ պատրվակն էլ անհիմն է»: Գրիգոր վարդապետ Չիֆջյանը «ոչնչից բարձրացած մեծ աղմուկ» որակեց այս ամենը: Իսկ Եզնիկ եպիսկոպոս Պետրոսյանը հարցը շատ ավելի լուրջ է համարում. «Մենք այդ քայլի մեջ տեսնում ենք ոչ թե ներքին վարչական բաժանում: 1988 թվականից հետո ձեռքբերված մերձեցման բոլոր արդյունքները, փաստորեն, հօդս ցնդեցին»: Կանադայում Անթիլիասական թեմ ստեղծվելու տեղեկությունը Ս. Էջմիածինը համարում է չհաստատված, քանի որ որեւէ եկեղեցական միավոր իրեն չի կարող թեմ հռչակել, եթե կաթողիկոսը դա կոնդակով չի վավերացրել. «Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կոնդակ այս հարցի կապակցությամբ մեզ հայտնի չէ, եւ որեւէ պաշտոնական հաստատում այդ մասին մենք չունենք»,- ասաց Եզնիկ Սրբազանը: Դաշնակցության Բյուրոյի մամուլի եւ տեղեկատվության պատասխանատու Կիրո Մանոյանը հերքեց տեղեկությունը, թե Կանադայում Անթիլիասական թեմ ստեղծելու որոշումը թելադրել է ՀՅԴ Բյուրոն, ավելացրեց, թե Բյուրոն նման հարց չի էլ քննարկել: Հարկ է նշել, սակայն, որ Կանադայի Անթիլիասական համայնքի ղեկավարների մեծամասնությունը դաշնակցական է, եւ արդեն երկու տասնամյակ հետամուտ էր Ամերիկայի արեւելյան իր թեմից անջատվելուն: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել