Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ

Հունվար 19,2002 00:00

ՉԵՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒՄ Երթուղային տաքսիների հարուցած մի շարք խնդիրների հետ մեկտեղ, մտահոգող է նաեւ ուղեւորափոխադրման սակագնի հարցը։ Առավել քան տարօրինակ է, որ այն իջեցնելու կողմնակից են հենց վարորդները, ինչը, չգիտես ինչու, նրանց ղեկավարների, թե տերերի սրտովը չէ։ Նման մի իրողություն է ստեղծվել Նժդեհի հրապարակ-Զեյթուն թիվ 10 երթուղում աշխատող 20 վարորդների համար։ Վերջիններս Զեյթունի տրանսպորտային խաչմերուկից շարժվող իրենց գործընկեր 4, 19, 34 գծերը սպասարկողների օրինակով ցանկանում են ուղեւորավարձը 100 դրամից իջեցնել 50 դրամի։ Նրանք գտնում են, որ ուղեւորահոսքի ավելացման արդյունքում համեմատաբար կավելանա վաստակը, որն ավելի մտահոգիչ է, քան իրենց մասնագիտական հմտության շահարկումը։ Հարցն այն է, որ առանձին զրույցների ընթացքում վարորդները դժգոհում են առավոտյան 5.30-ից գիշերվա 1.30-ը տեւող աշխատապայմանների արդյունքում տուն տարած վաստակից։ Երբ փորձում են բողոքը ինչ-որ ձեւով արտահայտել, խստագույնս պատժվում են։ Ըստ վարորդներից մեկի, նման 2 ըմբոստների արդեն ազատել են աշխատանքից։ Հարցում առավել խորանալը կարող է ճակատագրական լինել այլ վարորդների համար, ուստի նպատակահարմար է, որ այն լուծելու խնդիրը ստանձնի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը։ Վարորդների ու հազարավոր ուղեւորների ցանկությունը համընկնում է, մնում է այն իրականացնել։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել