Լրահոս
Օրվա լրահոսը

Տիրություն անենք մեր հայրենիքի ապագա տերերին

Հունվար 19,2002 00:00

Տիրություն անենք մեր հայրենիքի ապագա տերերին Հայտնի է, որ ՀՀ-ում գործում են մի քանի տասնյակ բարեգործական հիմնադրամներ, եւ դա հասկանալի է։ Սովորաբար սոցիալ-տնտեսական բարդ եւ դժվարին պայմաններում բարի մարդիկ փորձում են իրենց միջոցներով օգտակար լինել կարիքավորներին, չքավորներին։ Ես իմ մասնագիտության եւ աշխատանքի բերումով մշտապես գործ եմ ունեցել սովորող երիտասարդության՝ ուսանողների հետ եւ, բնականաբար, մոտիկից ծանոթ եմ նրանց հոգսերին եւ պահանջներին: Որոշեցի ստեղծել ուսանողական համազգային բարեգործական հիմնադրամ եւ այդ նպատակով հրատարակեցի «Հայաստանը եւ հայերս աշխարհում» (1992թ.) գրքույկը, որը բարեբախտաբար լայն արձագանք գտավ եւ թարգմանվեց ռուսերեն, անգլերեն լեզուներով։ Մեծ քանակով հրատարակված գրքույկների իրացումից գոյացած գումարը հիմք հանդիսացավ ստեղծելու Ուսանողական համազգային բարեգործական հիմնադրամ։ Ի դեպ նշեմ, որ այդ ժամանակահատվածում հրատարակվեց աղջկաս՝ Կարինե Ավագյանի հայ-ռուսերեն եւ ռուս-հայերեն գրպանի բառարանը, որի վաճառքից գոյացած գումարը նվիրաբերվեց հիմնադրամին։ Այսպիսով, ըստ էության, հիմնադրամը դարձավ ընտանեկան։ Հիմնադրամն իր գործունեության ընթացքում իրականացրել է հետեւյալ աշխատանքները՝ օգնել է 510 ուսանողի վճարելու ուսման վարձը, միանվագ օգնություն է ցույց տվել 450 ուսանողի, ֆինանսավորել է մի շարք միջբուհական միջոցառումներ, սահմանել անվանական թոշակներ։ Ի՞նչ ենք նախատեսում անել այսուհետ. – հիմնովին վերակառուցել հիմնադրամի գործունեությունը, ըստ նոր հաստատված կանոնադրության (03.01.2001թ.), – կազմավորել նոր խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են բոլոր բուհերի ռեկտորները, ուսանողական խորհուրդների նախագահները, ինչպես նաեւ Սփյուռքի հայաշատ օջախներից ներկայացուցիչներ, – սահմանել հիմնադրամին անդամագրվելու անդամավճար՝ 100 դրամ (միանվագ), – տարեկան մեկ անգամ հինգ օրով հրավիրել համազգային ուսանողական վեհաժողով, – Երեւան քաղաքի կենտրոնում, Երիտասարդական մետրոյի շրջակայքում ունենալ Ուսանողական կենտրոն (տուն), – ստեղծել ուսանողական բանկ՝ ուսանողներին ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկ տրամադրելու իրավունքով, – շարունակել օժանդակել կարիքավոր ուսանողներին, – անվանական թոշակներ նշանակել գերազանցիկ ուսանողներին, – Սփյուռքի անվճարունակ ուսանողներին հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսավորել՝ հայրենիքում ուսում ստանալու նպատակով, – բանկում գոյացող տոկոսների հաշվին շարունակվող անվանական թոշակ նշանակել այն բարեգործների անունով, ովքեր կկատարեն առնվազն $100 հազ. չափով միանվագ ներդրում։ Գ. ԱՎԱԳՅԱՆ Հիմնադրամի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել