Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԿՈՒԿՈՒՆ

Հունվար 22,2002 00:00

ԻՆՉՈ՞Ւ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԿՈՒԿՈՒՆ «Armeniaweek» էլեկտրոնային պարբերականի հունվարի 11-ի համարում հրապարակվել է Թոնի Հալփինի «Աչքերից հեռու. ոչ հայի հայացքն իրեն հյուրընկալած տանը» հոդվածը, որում այս գնահատականն է տրված «Պապլավոկ» սրճարանում կատարված սպանությանը. «Այնտեղ կատարվածը սպառնում է որոշիչ դառնալ 2002-ի Հայաստանի կերպարի համար եւ ստվերել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունները»։ Հոդվածագիրը նշում է, թե ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Եվրոպայում որեւէ նախագահ անմիջապես աշխատանքից կազատեր նման հանցանքի մեջ կասկածվող թիկնապահին, որպեսզի ինքը հեռու մնա սկանդալից. «Հնարավոր է, Քոչարյանի օգտին է, որ նա չի հետեւում «նորաձեւությանը»։ Բայց ահա թե էլ ինչ է անհանգստացնում ինձ՝ որքանով նա գիտեր այս ամենի մասին»։ Թոնի Հալփինին հուզում են հետեւյալ հարցականները, թե երբ Աղամալ Հարությունյանը «Պապլավոկից» Քոչարյանին ուղեկցում էր դեպի նախագահական պալատ՝ «ի՞նչ էր զգացվել Քոչարյանի պահվածքում այդ գիշեր, որ ենթադրաբար համոզեց Հարությունյանին վերադառնալ սրճարան։ Վերջիվերջո, նրա տեղն այնտեղ է, որտեղ նախագահն է։ Այսուհանդերձ նա կանխամտածված թողեց Քոչարյանին, որպեսզի վերադառնա «Պապլավոկ», որտեղ որոշակիորեն այլեւս ոչինչ չէր սպառնում նախագահի անվտանգությանը։ Հարությունյանն ուղարկվա՞ծ էր։ Եթե այդպես է, ինչո՞ւ։ Որպեսզի նախագահական բանավոր դժգոհությունը փոխանցի Պողոսյանի՞ն։ Կամ վարվելակերպի դասե՞ր տալու, որ մյուսների համար էլ օրինակ կծառայեր։ Ինչ որ կատարվեց, ծրագրվա՞ծ էր, որ պիտի կատարվեր»։ «Armeniaweek»-ի հոդվածագիրը հնարավոր է համարում, որ դատարանը պատասխան տա այս հարցերին. «Բայց մեկ ուրիշ բան էլ է ինձ անհանգստացնում, որ որեւէ մեկը համոզված չէ, թե դա իրականում կլինի»։ Եվ նախագահը, ըստ Թոնի Հալփինի, երբեք ստիպված չի լինի բացատրել, թե ինչու իր անձնական թիկնապահն այդ ճակատագրական գիշերը վերադարձավ «Պապլավոկ». «Եվ հասարակությանը կմնա եզրակացնել, որ Հայաստանի գործադիր իշխանության համար որեւէ սահմանափակում չկա։ Եվ եթե մարդը նման ճակատագրի է արժանացել միայն նրա համար, որ վիրավորական ռեպլիկ է թողել նախագահի հասցեին, ի՞նչ կարող է կատարվել նրա հետ, ով կդառնա հաջորդ ընտրություններում նրա քաղաքական հակառակորդը»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել