Լրահոս
Օրվա լրահոսը

ՑՈՒՑՄՈՒՆՔՆ ԱՎԱՐՏԵՑ

Հունվար 22,2002 00:00

ՑՈՒՑՄՈՒՆՔՆ ԱՎԱՐՏԵՑ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւի միջնորդությունը բավարարվեց։ Դատարան բերված 6 ամբաստանյալները, ըստ այդ միջնորդության, դուրս բերվեցին նիստերի դահլիճից եւ, հետեւաբար, ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի ցուցմունք տալու ժամանակ նա միայնակ էր վանդակաճաղի ետեւում։ Էդիկ Գրիգորյանն ինքն էլ չառարկեց, որ իր ցուցմունքի ժամանակ դուրս բերվեն մյուս ամբաստանյալները։ Թերեւս, ռեակցիա դրսեւորեց ամբաստանյալ Կարեն Հունանյանը, որը դեմ արտահայտվեց միջնորդությանը։ Նիստի ժամանակ Էդիկ Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ 1999թ. իմացել է «ապստամբության» մասին, ըստ որի պիտի պահանջվեր վարչապետի հրաժարականը եւ ստեղծվեր նոր կառավարություն։ Նաիրիի մտահղացմանը այդ ժամանակ արձագանք չի եղել եւ խոսակցությունը շարունակություն չի ունեցել։ Ամբաստանյալը հայտնեց, որ Աշոտ Կնյազյանի «ՌԱՖ» մեքենայի հետ կապված, երբ ինքը փորձել է գնալ նրանց տուն, հանդիպել է Նաիրիին, որն էլ Աշոտենց տանը հարցրել է, թե որտեղից կարելի է զենք ճարել։ «Աշոտի հարցին, թե ինչի համար է զենքը, Նաիրին կարծեմ ասաց՝ Հայաստանից դուրս է պետք»։ Ամբաստանյալ բժիշկը հայտնեց, որ 20 տարի ճանաչել է Նաիրի Հունանյանին եւ առաջին անգամ է նրանից լսում, որ զենքի մասին խոսի։ Նույնը պնդեց նաեւ Աշոտի համար։ Նա ասաց նաեւ, որ հոկտեմբերի 13-ին, երբ իրենք վերադարձել են Մարտունիից, Նաիրիից իմացել է իրականացվող ապստամբության մասին եւ քանի որ «ոչ մի կոնկրետ բան չէր արվել ու ասվել», ինքը մնացած օրերի նման գնացել է աշխատանքի։ Հոկտեմբերի 20-ին ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը Հունանյան եղբայրների հետ գնացել է Մարտունի, որպեսզի հանդիպի Վռամին եւ Նաիրիի՝ Պետիկ անունով մորաքրոջ ամուսնուն, որն այդ օրերին, իբրեւ գյուղապետի թեկնածու, մասնակցում էր տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Վերադարձել են Երեւան, Վռամն էլ հետները։ Ամբաստանյալը երեկ նկարագրեց նաեւ հոկտեմբերի 26-ի երեկոն, երբ ինքը՝ Աշոտ Կնյազյանի եւ Դերենիկ Բեջանովի հետ գնացել են Հունանյանների տուն, ուր հանդիպել է նրանց ազգական Կամոյի հետ, որին տեսնում էր առաջին անգամ։ Իրավական բանահյուսությունը նման միամիտ տարրեր իր մեջ չէր պարունակել։ Է. Գրիգորյանը շատ անմեղ շարադրեց, թե ինչպես է ինքը Կարենի եւ Դերոյի հետ առանձնացել պատշգամբում։ «Թե ով ինչ է ասել, չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ասվել է, որ պատրաստվում ենք ոտքի ելնել, ինչ-որ պետական շենք մտնել, ժողովուրդ հավաքենք, կառավարության հրաժարականի կոչ անենք եւ ժողովրդի օգնությամբ այն իրականացնենք»։ Այդ ինչ-որ շենքը, ըստ ամբաստանյալ մանկաբույժի, իրենք կարող էին գնալ, եթե, ինչպես հավատացրել էր Նաիրի Հունանյանը, անցագիր վերցնելը հաջողվեր։ Ամբաստանյալը հայտնեց նաեւ, որ Հունանյանների բնակարանում խոսվել է նաեւ ուղիղ եթերի հնարավորության մասին. «Նաիրին ասում էր, որ դահլիճից կարելի է զանգել Տիգրանին եւ ուղիղ եթեր պահանջել։ Դրանից հետո պիտի պահանջեր, որ նախագահը գար դահլիճ»։ Նախագահի հետ կապը, ըստ Է. Գրիգորյանի, պետք է ապահովեր Ալիկ Հարությունյանը։ Թե ինչ էր պահանջել Ն. Հունանյանը, Էդիկ Գրիգորյանը հայտնեց, որ նա ասել էր. «Մեզ բոլորը կենդանի են պետք եւ այդպես կարելի է նրանց թալանածը վերադարձնել»։ Ամբաստանյալ Է. Գրիգորյանի ցուցմունքների որոշ դրվագներ համահունչ էին ամբաստանյալ Ն. Հունանյանի դատաքննական ցուցմունքներին։ Թերեւս նա, երբ տեղի էր ունեցել «հոկտեմբերի 27-ը», Հունանյան եղբայրներից հետո առաջինն էր, որ մեղավորության հետեւյալ զգացողությունն արտահայտեց այս կերպ. «Վիճակը շատ լարված էր, որովհետեւ տեղի ունեցածն անսպասելի էր եւ ցավալի»։ Այս հատվածին կարելի է հավատալ նաեւ նրա համար, որովհետեւ հետեւել էր դրա շարունակությունը. «Հնարավորություն եղավ Նաիրիի հետ խոսելու։ Ես նրան ասացի, որ Յուրի Բախշյանն էլ է սպանվել։ Եվ ինչու այսպես ստացվեց»։ Ըստ Է. Գրիգորյանի, ավելի արտառոց էր (մեզ համար) իր եւ հերթապահ միլիցիոների (Բաղրամյան փողոցի առաջին տաղավարում նստող) հետեւյալ երկխոսությունը (սղագրում ենք ամբողջությամբ). – Ընկեր ջան, քո մոտ ռադիո կա՞։ Դու լսո՞ւմ ես ներսի կատարվածը։ – Ռադիո չկա։ Ի՞նչ է եղել։ – Ռադիո էի լսում, ինձ թվաց՝ կրակում են։ – Եթե լիներ, ինձ կզանգեին կասեին։ – Դու զանգիր իմացիր։ Է. Գրիգորյանը հայտնեց նաեւ, որ այդ ժամանակ հերթապահ միլիցիոները դուրս է եկել տաղավարից եւ ասել, որ եթե անցագիր չունես, տարածքից դուրս արի։ Միասին քայլել են դեպի մուտքը։ Իրենց ետեւից ձայն է լսվել. «Դարպասը փակեք»։ Երբ դարպասն արդեն փակվել էր, Դերենիկ Բեջանովը, որի գործողությունները պայմանավորված էին Էդիկի ցուցումներով, հայտնվել է դարպասի ետեւում։ «Դերոյի պահանջով միլիցիան դուռը բացեց»։ Թե ինչպես էր Դերոն պահանջել, թե ինչպես էր զիջել իր դիրքերը, հավանաբար պարզ կդառնա այս ամբաստանյալի հարցաքննության ժամանակ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել