Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈ՛ՒՔ ԱՍԱՑԻՔ»

Հունվար 26,2002 00:00

«ԴՈ՛ՒՔ ԱՍԱՑԻՔ» Մեկ տարի է, ինչ սկսվել է «27»-ի դատավարությունը։ Շարունակում ենք զրույցի շարքն այս թեմայով եւ ներկայացնում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի հետ զրույցը։ -Լրանում է «27»-ի դատավարության մեկ տարին։ Իմ դիտարկմամբ, այն որեւէ նոր բան չի բացահայտել, եւ նաեւ հասարակության լայն շերտի կարծիքն է, որ կատարվողը շոու է, եւ «27»-ը մնալու է չբացահայտված, գործը հինգ ամբաստանյալներից այն կողմ չի գնալու եւ նրանց նկատմամբ, ինչպես հայտարարեց հանրապետության նախագահը, մահապատիժ չի կիրառվելու։ – Ես հիմնականում համաձայն եմ այն գնահատականներին, որ տրվեց Ձեր կողմից։ Ըստ էության, «Հոկտեմբերի 27»-ի մասին այդ իրադարձությունից արդեն մի քանի տարի հետո մենք գիտենք այնքան, ինչքան գիտեինք 99 թվականի հոկտեմբերի 28-ին։ Դատավարության ընթացքին շատ ուշադիր հետեւում եմ, դատավարությանը մի քանի անգամ մասնակցել եմ եւ նաեւ իմ գնահատականներն ունեմ։ Ուղղակի մի ընդհանուր երեւույթ գոյություն ունի այս գնահատականների հետ կապված։ Գնահատականները տալիս եմ՝ լինելով ականատես, որը մեկուկես ժամ զրուցել է ահաբեկիչներից մեկի՝ Վռամ Գալստյանի հետ, եւ իմ դիտարկումները ոչ թե մերկապարանոց են, այլ հիմնվում են այդ խոսակցության վրա։ Նա ասում էր՝ «սպասում ենք մարդկանց, մարդիկ են գալու, մենք մենակ չենք, եւ այլն»։ Այս բաները ինձ է ասվել եւ այդ ցուցմունքները նա տվել է զինդատախազ Ջհանգիրյանին։ Տեղի է ունեցել հետեւյալը. կազմակերպված, պլանավորված պետական-քաղաքական հեղաշրջման փորձ է դա եւ, ըստ էության, այդ օրը գնդակահարվել են իշխանության երկու կարեւորագույն ինստիտուտները։ Ծրագրավորված է եղել այնքանով, որ հենց նույն տեղում՝ դահլիճում, այդ գործողությունը պետք է կատարվի ե՛ւ Վազգեն Սարգսյանի, ե՛ւ Կարեն Դեմիրճյանի հետ։ Եվ ըստ էության, ե՛ւ Վ. Սարգսյանը, ե՛ւ Կ. Դեմիրճյանն իրենց առօրյա կյանքում այնքան անպաշտպան էին, որ կարելի էր այդ ամենը կատարել նաեւ այլ ձեւով։ Բայց մշակված է եղել, որ հենց խորհրդարանի դահլիճում պետք է դա կատարվի, հենց հարցուպատասխանի օրը եւ՝ երկուսի նկատմամբ։ Որովհետեւ, եթե նրանցից որեւէ մեկի նկատմամբ դա տեղի ունենար, ապա մյուսը համապատասխան քայլեր կկատարեր եւ ժողովուրդը կհասկանար, թե ինչ է տեղի ունեցել։ Մի քանի խնդիրներ, իմ կարծիքով, համընկել են։ Կան դրսի որոշակի ուժեր, որոնց Հայաստանում ուժեղ իշխանություն տեսնելը եւ ուժեղ իշխանություն ունենալը ձեռնտու չի, եւ նրանք մշտապես մտածում են, որ Հայաստանը պետք է լինի երրորդական-չորրորդական կարգի կառավարելի, թույլ երկիր։ Ակնհայտ է, որ դրսի ուժերը հենվել են ներսի որոշակի ուժերի վրա, կամ՝ ստացել են նրանց լուռ համաձայնությունը։ – Ինչո՞ւ եք ասում՝ «լուռ» համաձայնություն, գուցե այդ համաձայնությունը բավականին խոսուն է եղել։ – Ես համոզված եմ, որ դրսի ուժերը այնքան միամիտ չէին, որ, առանց ներսում որոշակի հենարանի, նման ակցիա կատարեին։ Ի վերջո, նրանք նաեւ պետք է հաշվարկեին, որ այդ գործողությունից հետո այս ուժերը կարող են ուժեղանալ իշխանության մեջ, կամ՝ իշխանության գալ։ Եթե դրսից անում են եւ ներսում դրա փոխարեն բան չէին դնելու, անիմաստ էր այդ անելը։ Մյուս հանգամանքը հետեւյալն է։ Ի դեպ, շատ քիչ է այդ մասին խոսվում, համարյա մոռացվել է, որ հենց Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Էներգետիկ հանձնաժողովը, նա հայտարարեց պայքար կլանների դեմ, եւ այլն։ Ինքն արդեն հասկացել էր եւ, ստանձնելով վարչապետի պաշտոնը, պատասխանատվություն էր վերցրել եւ այլեւս չէր թաքցնում, որ ինքը հայտ էր ներկայացրել։ Եվ որեւէ մեկի համար գաղտնիք չէր, որ հաջող վարչապետության պարագայում հնարավոր է, որ նա հաջորդ քայլը կատարեր։ Ինքը գործոն էր դառնում։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել նրա երկու կարեւորագույն այցելությունները Չինաստան եւ ԱՄՆ, որտեղ ինքը շատ բարձր մակարդակի ընդունելությունների էր արժանացել, նաեւ՝ Պուտինի հետ հանդիպումը։ Այսինքն՝ ինքը այդ երեք խոշոր երկրների հետ որոշակի կոնտակտի մեջ էր եւ այդ տեսակետից գուցե նաեւ վտանգ էր ներկայացնում որոշ մարդկանց համար։ Ինքը հասկանում էր, որ եթե ուղղակի կոսմետիկ փոփոխություններ կատարի, կլանի փոխարեն բերի իր կլանը, վարչապետ լինելով՝ ինքը չէր կարող իր առջեւ դրված հայտը ներկայացնել։ Ես կարծում եմ, որ այդ կլանները հասկացան, որ Վազգենը լուրջ է, ոչ թե ասում է, այլ՝ անելու է։ Ուրեմն՝ դրսի ուժեր, ներսի որոշակի քաղաքական ուժեր եւ մաֆիան։ Եվ հետո, ես չեմ բացառում, որ դրան գումարվել է որոշակի անձնական հակակրանքը, ինքը կոշտուկոպիտ անձնավորություն էր, չնայած իր էությամբ գրող էր մնացել, ռոմանտիկ, երազող։ – Ըստ որոշ գնահատականների, «Հոկտեմբերի 27»-ը դեռ չի ավարտվել։ – Համաձայն եմ, «Հոկտեմբերի 27»-ը շարունակվում է։ Շարունակվում է ե՛ւ ինֆորմացիոն, ե՛ւ քաղաքական ոլորտում։ Մի շատ կարեւոր խնդիր կա։ Պետք է աշխատի ժողովրդի գործոնը։ Հոկտեմբերի 27-ին գնդակահարվել է մեր պետականությունը, անձերի խնդիր չի։ Եվ, այս պարագայում, դրա պահանջատերը մեր ժողովուրդն է։ Այսինքն՝ իմ սպասելիքը դատարանից դուրս գտնվող մարդկանցից է։ Իսկ ժողովուրդը Սահմանադրությամբ պահանջատեր լինելու իրավունքն ունի։ – Սակայն չե՞ք կարծում, որ ժողովուրդը հոգնել է պահանջատեր լինելուց, նա ոչ մեկին չի հավատում, նաեւ՝ ինքն իրեն։ Անտարբեր է։ – Դա էլ եմ բնական համարում, որովհետեւ ովքեր որ այս ամենը կազմակերպել են, հասկանում են, որ ինչքան ժամանակը ձգվի, այնքան անտարբերություն կառաջանա եւ կմոռացվի։ Բայց ես համոզված եմ, որ այս անտարբերությունը շատ խաբուսիկ է։ Սա ավելի շատ սպասողական վիճակ է։ Եթե ժողովուրդը այդ կամքը չդրսեւորեց, սա պետականության ավարտը կնշանակի։ Դրանից հետո կարող են սրճարանում էլ մարդ սպանել, փողոցում էլ, չկա երաշխիք, որ նորից խորհրդարան չեն գա, եւ այլն։ Ամենակարեւորը ուրիշ բան է, պետք է երկրի որակը փոխել։ Ես նկատի ունեմ ե՛ւ կառավարման համակարգը, ե՛ւ բարոյահոգեբանական մթնոլորտը, ե՛ւ տնտեսական իրավիճակը։ – «27»-ի կատարողներին, նրանց, ովքեր այսօր դատարանում են, մահապատժի ենթարկելու հարցերը խաչաձեւվում են Եվրախորհրդի պահանջի, նաեւ՝ նախագահի հայտարարության հետ։ – Միանշանակ է, որ մահապատիժը պետք է իրականացվի։ Ուղղակի երկու խնդիր կա։ Գուցե ինչ-որ մարդկանց պետք է, որ մահապատիժը ի կատար ածվի, ու մենք չիմանանք իրականությունը։ Երկրորդ խնդիրը կա՝ եթե նրանք իմանան, որ իրենց մահապատժի են ենթարկելու, իրենք կերգեն։ Բայց, ես կարծում եմ, որ սա այն դեպքն է, որ մահապատիժն անպայման պետք է իրականացվի։ – Այլեւս գաղտնիք չէ, որ «27»-ից հետո, ընթացքում կասկածները խորացան, անուններ կոնկրետացան, եւ եթե մտածում ենք՝ ո՞վ շահեց «27»-ից հետո, ո՞ւմ իշխանությունն ուժեղացավ, ո՞վ անգլիական թագուհուց վերածվեց ռեալ իշխանության, կոնկրետ անուններ եւ կոնկրետ անձանց ենք տեսնում։ Հիմա՝ այդ կոնկրետ անձանց պահվածքը եւ նրանց վերաբերմունքը «27»-ին։ – Ես այսպես եմ պատասխանում այդ հարցին. մի առիթով Վազգեն Սարգսյանին հարց են տվել, էլի անուններ տվեցին, ինքն ասաց՝ էդ ես չասացի, դո՛ւք ասացիք։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031