Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-Ը ԲՈԼՈՐԻ ԽՆԴԻՐՆ Է

Հունվար 29,2002 00:00

«27»-Ը ԲՈԼՈՐԻ ԽՆԴԻՐՆ Է Այն փաստը, որ Հայաստանում «Հոկտեմբերի 27» է տեղի ունեցել, ապացույց է, որ մեր հասարակությունը եւ պետությունը լուրջ խնդրի առաջ են։ Եվ նման պարագայում բանակների բաժանվելը, «27»-ի շահարկումը եւ այլն՝ անթույլատրելի են։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ՝ երկու կարեւորագույն խնդիր կա, որոնց հետ կապված ճիշտ չէ բանակների բաժանվելը, իրար վրա ցեխ շպրտելը կամ շահարկելը։ Այդ երկու խնդիրներն են. «Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որտեղ պետք է առավելագույնս պարկեշտ ու ազնիվ լինել, որովհետեւ այս խնդիրը սապոն է։ Ով որ իշխանության եկավ այս պրոբլեմը շահարկելով, հետո այդ սապոնը իր ոտքի տակ է լինելու, ինքը պլստալու է։ Եվ ովքեր մտածում են, թե կարելի է այս խնդիրը շահարկելով իշխանության գալ կամ պահել իշխանությունը, սապոնի վրա են կանգնած»։ Հաջորդ կարեւորագույն խնդիրը «Հոկտեմբերի 27»-ն է. «Կարեն Դեմիրճյանին եւ Վազգեն Սարգսյանին շատ բարձր գնահատելով (երկուսի մասին էլ կարելի է ասել՝ Վազգենի լեգենդը եւ Դեմիրճյանի լեգենդը), ես կարծում եմ, որ այդ խնդիրը անձերի խնդիր չէ։ Սա պետության հիմքերի խնդիր է, պետության անվտանգության խնդիր է, սա ժողովրդին տրորելու խնդիր է։ Ի վերջո, ոչ թե պատգամավորներին են պառկեցրել կամ կառավարության անդամներին, այլ՝ օրենսդիր մարմնին (իսկ այս մարմինը ժողովուրդն է ընտրում), խորհրդարանի նախագահին, որը երկրի երկրորդ դեմքն է, վարչապետին, որը երրորդ դեմքն է։ Այսինքն՝ անարգել են մեր պետության կարեւորագույն ինստիտուտները։ Եվ բոլորը պետք է միակամ լինեն»։ Վիկտոր Դալլաքյանը ճիշտ է համարում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատների այն միտքը, թե «27»-ի ճշմարտացի եւ արդար բացահայտումը բոլորի խնդիրն է, «որովհետեւ վաղը դա կարող է կրկնվել ուրիշների նկատմամբ»։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել