Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները հաստատ երկյուղից սառեցին

Հունվար 30,2002 00:00

Իշխանությունները հաստատ երկյուղից սառեցին Դեռ 2002-ի սկզբին «Սոցիալիստական Հայաստանը» հայտարարել էր հունվարի 30-ին համաժողով հրավիրելու իր նախաձեռնության մասին: Ըստ սահմանված կարգի, միավորումը դիմել էր քաղաքապետարանին՝ այդ միջոցառումը Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում /Հայհամերգի փոքր դահլիճ/ անցկացնելու խնդրանքով: Քաղաքապետարանը սկզբում տվել էր իր համաձայնությունը, սակայն հունվարի 28-ին նույն քաղաքապետարանի ներկայացուցիչ, քաղաքապետ Ռ.Նազարյանի քարտուղար Կոշեցյանը միությանը տեղեկացրել էր, որ հիշյալ համերգային դահլիճը վարձակալելու խնդրանքը մերժվել է: Պատճառաբանությո՞ւն: Խնդրեմ, մարազմատիկ մի գրություն, որը զավեշտ է թվում. պարզվում է, որ «այդօրինակ միջոցառումների արդյունքում զգալիորեն վնաս է հասցվել մշակութային օբյեկտ հանդիսացող հաստատության շենքին եւ կահավորանքին»: Իսկ դրանք բացառելու նպատակով միավորման խնդրանքը համարվել է անընդունելի: Կարելի է ենթադրել, որ այդ համերգային դահլիճը արգելավայր է եւ այսուհետ եւս այնտեղ որեւէ միջոցառում, այդ թվում՝ մշակութային, չի անցկացվելու՝ «մշակութային օբյեկտին» վնասներ չհասցնելու պատճառաբանությամբ: Մինչդեռ, թվում էր, կազմակերպության պատասխանատվությամբ այնտեղ որեւէ միջոցառում անցկացնելն ավելի ընդունելի տարբերակ պետք է լիներ ե՛ւ թերֆինանսավորվող այդ «օբյեկտի» ֆինանսավորման առումով, ե՛ւ միաժամանակ միջոցառման կազմակերպիչներին պահանջներ ներկայացնելով, որի չկատարման դեպքում վերջինիս նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կարելի էր կիրառել: Բայց ոչ: «Մեզ համար այս վարքագիծը բացարձակ անհասկանալի եւ դատապարտելի է»,- ասաց Վ.Խաչատրյանը, որը միաժամանակ նկատեց, որ եթե իշխանություններն այսպես շարունակ վախենալու են ընդդիմությունից, նրա խոսքի արձագանքներից՝ նման ներվային պայմաններում իշխանության մնալն անիմաստ է: Նույն օրինակով դահլիճ տրամադրել հրաժարվել էր նաեւ Երգչախմբային ընկերությունը, որտեղ, ի դեպ, «Սոցիալիստական Հայաստանը» հաճախ է համաժողովներ անցկացրել: Մշակութային այս օջախի դահլիճի տնօրենի տեղակալ Գ.Տեր-Աբրահամյանը՝ ի պատասխան մեր հարցադրման, ասաց, թե սոցիալիստներն իրենց լավ բարեկամներն են, հարազատները, բայց իրենք չեն կարող թույլ տալ, որ վերջիններս սառեն դահլիճի 7 աստիճան ցրտում: Պարոն Տեր-Աբրահամյանը վստահեցրեց, որ ոչ մի պրոբլեմ, հրահանգ չի եղել մերժելու Միավորմանը. պարզապես տանիքն անբարեկարգ վիճակում է եւ կաթում է: Իսկ «Սոցիալիստական Հայաստանի» հրավիրած ասուլիսին ներկա Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ համերգային դահլիճների դռներն ընդդիմության առաջ շրխկացնելու առաջին հրամանի հեղինակը Մշակույթի նախարար Ռ.Շառոյանն էր, «որն, ի դեպ, որպես քաղաքական դեմք, նախորդ ռեժիմի ժամանակ քաղաքական լավ էլ պայքար էր տանում: Այդ որոշումներին լռելյայն հովանավորում է ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որը, կարծում եմ, վարչապետ չլինելու դեպքում՝ դառնալու է ընդդիմադիր կուսակցության ղեկավար եւ նորից մեզ պես դուռ է թակելու, որ իրենց սրահ տրամադրեն: Եվ այս ամենի գլխին կանգնած է հանրապետության նախագահ Ռ.Քոչարյանը, որն ինքն է հանրապետությունում իսկապես անկայունություն հրահրում»: «Սոցիալիստական Հայաստանը» երեկ հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, թե այսուհետ եւս զերծ է մնալու հակասահմանադրական քայլերից, բայցեւ ոչ մի խոչընդոտի առջեւ կանգ չի առնելու սահմանադրական իր իրավունքներն իրացնելու հարցում, ընդհուպ՝ մինչեւ նախատեսված մի քանի միջոցառումները միջազգային կազմակերպությունների տարածք տեղափոխելը եւ դահլիճ տրամադրելու խնդրանքով ՀՀ-ում գործող դեսպանություններին ու ՄԱԿ-ի գրասենյակ դիմելը: «Վերջիններիցս ակնկալում ենք նաեւ խորհրդատվական աջակցություն՝ իշխանությունների սանձարձակ գործելաոճի՝ միջազգային իրավական նորմերին համապատասխանության վերաբերյալ փորձագիտական վերլուծություն կատարելու նկատառումով»,- ասված է Միավորման հայտարարությունում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել