Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳՐՎԱԾ ՍՑԵՆԱՐՈՎ

Հունվար 31,2002 00:00

ԾՐԱԳՐՎԱԾ ՍՑԵՆԱՐՈՎ Փաստաբան Ռոբերտ Գրիգորյանն անդրադառնում է իր պաշտպանյալ Մուշեղ Սաղաթելյանին ներկայացված այն մեղադրանքին, որն առնչվում է ՆԳ մարմինների հետ համագործակցության շնորհիվ կալանքից ազատված «Շեյթան» ծածկանունով գործակալ Հարություն Գրիգորյանին։ -Նախաքննության տվյալների համաձայն, պայմանական-վաղակետ ազատված Հարություն Գրիգորյանը՝ ըստ իր ներկայացրածի, սուտ տեղեկություններ էր ներկայացրել ե՛ւ «Հանրապետություն» կուսակցությունում, ե՛ւ Մուշեղ Սաղաթելյանին՝ առանձին հանդիպումների ժամանակ։ Հարություն Գրիգորյանը չի թաքցրել, եւ քննչական խմբին ու նաեւ մամուլին հայտնել է, որ ինքը կալանքից ազատ արձակվելուց հետո փողի կարիք ուներ եւ որոշել էր այս ձեւով փող աշխատել։ Այսինքն՝ զոհվածների, տուժածների հարազատներին ասել, թե ինքն ունի տեղեկություններ, որոնք կարող են պարզություն մտցնել «Հոկտեմբերի 27»-ի գործին առնչվող հանգամանքներում, եւ կարող է տրամադրել դրանք։ Դրա դիմաց Մուշեղ Սաղաթելյանից փող է ստացել։ Իմ պաշտպանյալն էլ չի ժխտում, թե տվել է գումար՝ խղճալով նրան, եւ ասել, որ եթե կարող է իրենց ինչ-որ ապացույցներ տրամադրել՝ թող տրամադրի։ Սա պատժելի չէ, եթե ինչ-որ քաղաքացի քննիչին չի ներկայացնում այդ ապացույցները։ Իսկ այս մեկը պարտաճանաչորեն ցանկացել է իր քաղաքացիական պարտքը կատարել եւ մատուցել հանցագործության վերաբերյալ իր ունեցած կամ ձեռք բերած տեղեկությունները։ Սակայն ինչպես Գագիկ Արզումանյանն էր՝ իր ցուցմունքների համաձայն, կատարել հանցագործություն՝ կալանավայրից փախուստի փորձ, այնպես էլ Հարություն Գրիգորյանը խոստովանական ցուցմունքներ է տվել եւ հայտնել, թե ինքը մտադրություն ուներ «27»-ի գործով զոհվածների հարազատներից փող ստանալ, նրանց ունեցվածքը վերցնել իրեն։ Այսինքն՝ նա եւս կատարել է հանցագործություն՝ խարդախություն, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 89 հոդվածով։ Եթե հաշվի առնենք նրա մտադրությունների «ծավալը», որ 50 հազար դոլար էր ուզում ստանալ զոհերի հարազատներից որեւէ մեկից կամ Մուշեղ Սաղաթելյանից, սա առանձնապես խոշոր չափերի խարդախություն է, եւ նա՝ Գրիգորյանը, պիտի պատասխանատվության ենթարկվի 89 հոդվածի 4-րդ մասով (ըստ այդմ՝ «Շեյթանին» կարող է սպառնալ 4-10 տարվա նոր պատժաժամկետ- Ա. Ի.)։ Բայց, ինչպես եւ Գագիկ Արզումանյանի պարագայում, այս դեպքում էլ չկա նրա արարքին համապատասխան քրեաիրավական գնահատական։ Ես այս երկուսի առնչությամբ էլ միջնորդություն կներկայացնեմ նախաքննական մարմնին։ – Մուշեղ Սաղաթելյանի վերջին հարցազրույցից դատելով, «Շեյթանն» այս խարդախությանը դիմել էր ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի ուղղորդմամբ։ Իսկ Ձեր գնահատականով, արդյոք այդ գործակալը միտումնավո՞ր էր գործել եւ փորձել սադրանքի մեջ ներքաշել «Հանրապետություն» կուսակցությանը եւ Մուշեղ Սաղաթելյանին՝ իմանալով նրանց շահագրգռվածությունը «Հոկտեմբերի 27»-ի պետական հեղաշրջման կազմակերպիչներին բացահայտելու վերաբերյալ։ – Այս պահին միանշանակ չեմ կարող ասել, թե ուղղորդող եղե՞լ է նրան կամ ոչ, բայց գործի որոշ հանգամանքներ կան, որոնք ինձ համար շատ տարօրինակ են։ Հարցեր են ծագել, որոնց պատասխանը ես առայժմ չունեմ։ Մասնավորապես նկատի ունեմ, թե ինչո՞ւ պետք է Հարություն Գրիգորյանը ներկայանար «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի եղբոր՝ Աշոտ Գրիգորյանի տուն եւ ասեր, թե ինքը լիազորված է քննչական մեկուսարանում հանդիպում կազմակերպել նրա եղբոր հետ։ Գուցե ցանկացել է նրանցից եւս ինչ-որ բան ստանալ։ Բայց Հարություն Գրիգորյանը չէր կարող իր խոստումն իրականացնել, որովհետեւ, ըստ գործի տվյալների, նա չի ունեցել այդպիսի երաշխիքներ, եւ ոչ մեկը նրան չէր խոստացել կազմակերպել այդ հանդիպումը։ Այսինքն, եթե նա սուտ է ասել՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում։ Փող աշխատելո՞ւ։ Բայց նրան փող կտային միայն այն ժամանակ, երբ կլիներ տեսակցությունը։ Հարություն Գրիգորյանը նաեւ մի հեռախոսահամար էր տվել իրեն գտնելու համար, որ թիվ 1 քննչական մեկուսարանի պետի արդեն վաղուց չգործող հեռախոսահամարն է։ Նա ինչո՞ւ պիտի իմանար այդ համարը։ Գործի հետագա ընթացքը ցույց է տալիս, որ այս ամենից հետո Աշոտ Գրիգորյանն իր կնոջ հետ եկել է ՆԳՆ եւ դիմում է ներկայացրել նախարարին, որ իրենց տուն է եկել այսպիսի համարանիշի ավտոմեքենայով մի մարդ՝ «Խնդրում ենք զբաղվել, պարզել, թե ով էր այդ մարդը»։ Եվ այդ դիմումից հետո են սկսել քննել եւ «գտել» Հարություն Գրիգորյանին։ Ստացվում է, նա հենց միայն սրա համար էլ խաբել էր այս մարդկանց, որպեսզի հետո նրանք հայտարարություն տան եւ դրա հիման վրա էլ իբր դուրս գան իր հետքի վրա։ Այս իմաստով, ինձ թվում է, որ այս օպերացիան մտածված էր։ Այս ամենն ինչ-որ մի խելոք մարդ ծրագրել է, եւ սկսել են դերակատարումն ըստ այդ սցենարի։ Իսկ թե ով է այդ ուղղորդողը կամ, համենայն դեպս, իրավաբանության որոշ խնդիրների մեջ շատ լավ կողմնորոշվող մարդը, որը կարողացել է ապահովել կարգը՝ հայտարարություն տալ, ստուգել այն, այդ ստուգմամբ դուրս գալ ինչ-որ մարդու վրա, եւ, որ նա դրանից հետո սկսի պատմել որոշ բաներ՝ սկզբնական շրջանում՝ մի կերպ, իսկ հետո արդեն՝ ուղղելուց հետո… Առավել առայժմ չեմ մանրամասնի, չեմ անդրադառնա հակասություններին։ Միայն նշեմ. Մուշեղ Սաղաթելյանին առաջադրված այս մեղադրանքը պիտի կարճվի հանցադեպի բացակայության հիմքով։ Չի՛ կարող սուտ մատնություն նախապատրաստելու կամ անգամ զրպարտության հանցակազմ լինել, քանի որ ոչ թե Մուշեղ Սաղաթելյանն է ցանկացել ու դրդել, որ անպայման տրամադրվեն սուտ տեղեկություններ, այլ Հարություն Գրիգորյանն ինքը՝ փող աշխատելու դիտավորությամբ, ներկայացրել է իբր էական տեղեկատվություն։ Բացի այդ, խոսք չի կարող լինել ՀՀ նախագահին եւ պաշտպանության նախարարին ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրելու սուտ կամ ոչ սուտ մատնության մասին, քանի որ ոչ ոք չի ստուգել։ Իսկ եթե Մուշեղ Սաղաթելյանն արտահայտում է կասկածներ, որոնք կան ժողովրդի մեջ, բայց պատասխան չի տրվել, թե այդ կասկածներն անհիմն են, ապացուցված չեն, հերքված են՝ այս պայմաններում ասելը, թե դրա մասին ով որ խոսի, ուրեմն ակնհայտ սուտ է ասում՝ առնվազն անհեթեթություն է։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել