Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես հեռացել եմ, երբ գնդակն ինձ մոտ էր»

Փետրվար 02,2002 00:00

«Ես հեռացել եմ, երբ գնդակն ինձ մոտ էր» Սարսափի արվեստի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ «Սարսափի արքա» տիտղոսին արժանացած Սթիվեն Քինգը, ում գրքերն այսօր էլ նախանձելի պահանջարկ են վայելում Միացյալ Նահանգներում եւ ողջ աշխարհում, «Լոս Անջելես թայմս»-ին տրված հարցազրույցում հայտարարել է, թե այս տարեվերջին ավարտելով իր վերջին գրական նախագիծը, հեռանալու է ասպարեզից։ Քինգը չի բացառել, որ կշարունակի գրել, սակայն դրանք կլինեն իր իսկ համար գրված գործեր, որոնք հրատարակման չեն ներկայացվի։ 54-ամյա գրողը իր որոշումը հիմնավորել է նրանով, որ պետք է հեռանալ, երբ դեռեւս չի հանգչել ընթերցողի հետաքրքրությունը քո հանդեպ։ «Ես հեռանում եմ, երբ գնդակն ինձ մոտ է»,- եզրափակել է Քինգը, ում սցենարով նկարահանված «Կարմիր վարդ» հեռուստասերիալը այսօր վայելում է ամենաբարձր ռեյտինգներից մեկը ամերիկյան հեռուստադիտողների շրջանում։ Բայց սարսափների ու Սթիվեն Քինգի երկրպագուները առանձնապես տխրելու առիթ չունեն, քանի որ իրական կյանքը ոչ նվազ ազդեցիկ սարսափներ է մատուցում։ Օրերս Գերմանիայում ավարտվեց մի աղանդի ներկայացուցիչների դեմ դատավարությունը, որոնք կոչվում են «Սատանիստներ»։ Ամուսնական այդ զույգը՝ 26-ամյա Դանիել Ռուդը եւ նրա 23-ամյա կինը՝ Մանուելան, մուրճի ու դանակի հարվածներով տանջամահ էին արել իրենց 33-ամյա ընկերոջը։ Դատարանի դահլիճում նրանք հայտարարել են, թե իրենց մեղավոր չեն ճանաչում, քանի որ դա եղել է Սատանայի հրամանը, ում ծառայում են իրենք։ «Դա կանխորոշված էր,- հայտարարել է Մանուելան,- մեզ մնում էր միայն հնարավորինս շատ տանջել Ֆրենկին»։ Մանուելան նաեւ հայտարարել է, թե ինքը սատանիստների աղանդին է միացել Բրիտանիայում եւ Շոտլանդիայում, ուր ապրում են իր հարյուրավոր դավանակիցները։ Ամուսինները պատմել են, որ Բրիտանիայում իրենք թափառում էին անտառներում, քնում էին շիրմաքարերի վրա եւ նույնիսկ մի անգամ Սատանայի կամքը կատարելու համար համաձայնել են ողջ-ողջ թաղվել։ Դանիելի եւ Մանուելայի գազանաբարո վարքից սարսափահար՝ բեռլինցիները պահանջել են նրանց ցմահ ազատազրկման դատապարտել, սակայն մեղադրող կողմը առարկել է՝ հավատացնելով, որ երիտասարդ սատանիստները այնպիսի հրեշներ չեն, ինչպիսին ջանում են ներկայանալ։ Ուղղակի նրանք շատ ծանր հոգեկան հիվանդներ են։ Հասարակության ցանկությունների եւ դատախազության նկատառումների մեջ փոխզիջում է գտնվել՝ Դանիելը եւ Մանուելան դատապարտվել են համապատասխանաբար 13 եւ 15 տարվա ազատազրկման, որից հետո, կարող են մինչեւ կյանքի վերջը պահվել հոգեբուժարանում՝ պարտադիր բուժման համար։ Լ. Պ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել