Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ հաշվին կփակեն

Փետրվար 12,2002 00:00

Ո՞ւմ հաշվին կփակեն Թեպետ մեր կառավարությունը էն գլխից էլ գիտեր, որ րոպեավճարը կիրառվելու է, սակայն այս տարվա բյուջեում այդ նպատակով դպրոցների համար միջոցներ չի նախատեսել։ Թեեւ ներքաղաքային հեռախոսային խոսակցության րոպեավճարը փետրվարի 1-ից պաշտոնապես գործում է եւ այս անգամ ոչ մի պաշտոնյա խրոխտ կեցվածքով հույս չի տալիս, թե րոպեավճար չկա, սակայն այդ նույն պաշտոնյաներից եւ ոչ մեկի մտքով չի անցնում դպրոցներին պարզաբանել, թե, ի վերջո, ո՞վ եւ ինչպե՞ս է վճարելու հեռախոսային խոսակցության վարձը։ Կրթության եւ գիտության նախարարության, քաղաքապետարանի կրթության վարչության պատասխանատուներից ճշտեցինք, որ, պետբյուջեով միջոցներ հատկացված են միայն հեռախոսային խոսակցության ամսական վարձավճարը՝ 3200 դրամը վճարելու նպատակով։ Մինչդեռ որեւէ քաղաքականություն մշակված չէ, թե րոպեավճարի խնդիրը ինչպե՞ս պիտի կարգավորվի՝ դպրոցները կվճարեն 5 հազար դրամ կանխավճար եւ կխոսեն որքան կամենա՞ն, թե՞ որոշակի չափաբաժին կնախատեսվի դպրոցների համար, որը գերազանցելու դեպքում դպրոցը կվճարի րոպեավճար, ինչպես էլեկտրաէներգայի վարձավճարի դեպքում է։ Կամ գուցե դպրոցներին կհրահանգվի, որ բավարարվեն միայն ամսական 360 րոպե անվճար խոսակցությա՞ն հնարավորությամբ։ Այս հարցերի պատասխանները դպրոցների տնօրենները չունեն եւ համակարգի պատասխանատուներն էլ երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ ոչ մի աշխատանքային խորհրդակցություն կամ քննարկում այս թեմայով չի եղել։ Իսկ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Կուբանյանը կարծում է, թե «հարցին անդրադառնալը դեռ վաղ է»։ Պարզ չէր, թե ի՞նչ նկատի ուներ պրն Կուբանյանը։ Այնուամենայնիվ, ասաց, որ դեռ իրենք էլ տեղյակ չեն, թե ինչ է լինելու, քաղաքապետը այս առնչությամբ որեւէ հրահանգ դեռ չի տվել, այնպես որ, ճիշտ համարեց՝ «Քաղաքապետից առաջ չընկնենք»։ Ըստ Ա. Կուբանյանի՝ մարտի 10-ին կստանան հեռախոսային խոսակցությունների վճարների հաշիվները եւ ըստ դրանց կորոշեն, թե ինչ անեն։ Ամեն դեպքում Ա. Կուբանյանը խիստ լավատես էր, որ ելքը կգտնեն, ինչպես մինչ այդ անում էին։ Հայտնի է, որ դպրոցները հեռախոսի վարձերի բավականին պարտք ունեն եւ հաճախ դրանք անջատում են։ Պետք չէ երեւի ասել, թե ինչ դժվարություններ կունենան դպրոցները, եթե հեռախոսային մի կապից էլ զրկվեն։ Առանց այդ էլ դպրոցներում հաճախ մի հեռախոս է գործում, միայն տնօրենի աշխատասենյակում։ Ա. Կուբանյանը երեկ հավաստիացրեց, որ թեեւ պարտքերին՝ մայրաքաղաքի գրեթե բոլոր դպրոցներում հեռախոսները աշխատում են, իսկ պարտքերը մարում են ոչ միայն պետբյուջեի, այլեւ բարերարների աջակցությամբ։ «Մի դպրոցի հեռախոսն ի՞նչ է, որ չկարողանանք պարտքը փակենք ու թողնենք, որ անջատեն»։ Պրն Կուբանյանը նկատեց, որ բացի բարեգործներից, հաճախ ծնողներն են փակում հեռախոսի վարձի կուտակված պարտքերը։ Հետո, իհարկե, հեռատեսորեն հավելեց, թե հեռախոսների խոսակցության վարձավճարները մուծելու խնդիրը կկարգավորեն ոչ թե ծնողների հաշվին, այլ «մեր ձեռնարկած միջոցառումների հաշվին»։ Դատելով նրանից, որ այդպիսի միջոցառումներ դեռեւս հեռանկարում չեն նշմարվում, չպիտի զարմանանք, որ հենց ծնողների ուսերին էլ բարդեն այս հարցի լուծումը։ Միակ հնարավոր տարբերակը, որ նշեց պրն Կուբանյանը, դպրոցներում տաքսաֆոններ տեղադրելն է, որոնցից կօգտվեն ուսուցիչներն ու աշակերտները։ «ԱրմենՏելը» դրանք անվճար տեղադրում է, եթե ամսական որոշակի քանակությամբ ժետոններ վաճառելու երաշխիք է ունենում։ Որքանով է այս գաղափարը արդյունավետ՝ դժվար է ասել, բայց պարզ է, որ սա հանրապետության շուրջ 1400 դպրոցների համար հարցի լուծում չէ։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել