Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի դեմ «ապօրինի» հաղթարշավը շարունակվում է

Փետրվար 12,2002 00:00

Պատգամավորի դեմ «ապօրինի» հաղթարշավը շարունակվում է 31.01.2002թ. ՀՀ տնտեսական դատարանում կայացել է նիստ, որի ժամանակ լսվել է ԱԺ պատգամավոր Մ. Գասպարյանի «Մելիք Գասպարյան եւ ընկերներ» լիակատար ընկերության հայցն ընդդեմ «Արմենյըն Թրեյդըրզ» ՍՊԸ-ի նախագահ Արթուր Գյուրջինյանի։ Հայցվորը ներկայացրել է 325.000 ԱՄՆ դոլարի պահանջ։ Հարկ է նշել, որ առանց պատասխանողների ներկայության եւ նրանց կողմից ստացած անհրաժեշտ ցուցմունքների, դատավոր Ե. Խունդկարյանը վճռել է բավարարել հայցը, չունենալով դրա համար ոչ մի հիմնավոր փաստ, բացի Մ. Գասպարյանի հայցից։ Իսկ Գյուրջինյանի (ի դեպ, վերջինիս որդին արդեն 40 օր է, ինչ նույն Մելիք Գասպարյանի ցուցումով գտնվում է Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում՝ իբր Գասպարյանի դեմ կատարված մահափորձի կասկածյալ) կողմից ներկայացրած անաշխատունակության թերթիկն ու դատը հետաձգելու վերաբերյալ դիմում-խնդրանքը, որոնք անձամբ դատավորին հանձնեց Գյուրջինյանի փաստաբան Ռուբեն Ռշտունին, անտեսվեցին դատավորի կողմից, դրանով իսկ խախտելով ՀՀ քաղօրը (դատաքննությունը հետաձգելու վերաբերյալ)։ Պատասխանող կողմը զրկվել է բացարկ հայտնելուց, ապացույցներ ներկայացնելու, հարցեր տալու, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու եւ պահանջելու, հակընդդեմ հայց ներկայացնելու, առարկելու եւ օրենքով նախատեսված այլ իրավունքներից օգտվելու հնարավորությունից (խախտվել են Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ քաղդատօրի 28, 118, 119 հոդվածների պահանջները)։ Կարծես օրինաչափ են դառնում Մելիք Գասպարյանի բոլոր դատական ատյաններում ապօրինի «հաղթանակները»։ Իսկ թե ինչը ստիպեց արդարադատության հաղթանակի համար երդումը դեռ շուրթերին չչորացած նորանշանակ երիտասարդ դատավոր Ե. Խունդկարյանին առանց պատկերացում իսկ կազմելու հայցի էության, նրա ճշմարտացիության, դեպքերի իրական ընթացքի մասին (քանզի ոչ մի նիստում չէր լսել պատասխանողներին) այդպիսի աստղաբաշխական գումարի՝ 210.000 ԱՄՆ դոլարի վճիռ կայացնել հօգուտ ԱԺ պատգամավորի, երդմնազանց լինել, դժվար է ասել։ Մնում է ենթադրել, որ պետական պաշտոնյային ծառայություն մատուցելու, անձնական փոխշահավետ հանցավոր համաձայնության կամ գիտելիքների ու փորձի պակասն էին դատավորի՝ նման անարդարացի վճիռ կայացնելու պատճառները։ ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել