Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔՈՎ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ

Փետրվար 15,2002 00:00

ՕՐԵՆՔՈՎ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ Կենսաթոշակների նշանակման եւ վճարման հարցում «սերունդների համերաշխության» սկզբունքից Հայաստանում կամաց-կամաց կանցնեն ով վճարի՝ նա կուտի, ավելի ճիշտ՝ կստանա սկզբունքին։ Առաջինը, որը եւ այսօր կիրառվում է, ենթադրում է, որ մարդը կենսաթոշակ ստանում է անկախ նրանից, թե իր աշխատանքային գործունեության ընթացքում սոցիալական պարտադիր ապահովագրության ինչ գումարներ է վճարել կամ առհասարակ վճարե՞լ է, թե՞ ոչ։ Իսկ երկրորդի դեպքում կենսաթոշակի գոյությունը, իսկ գոյության դեպքում՝ դրա չափը ուղիղ համեմատական կլինի կենսաթոշակառուի կատարած սոցիալական վճարներին։ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանն այս մեթոդն անվանեց «կուտակման»։ Այս համակարգի ներդրման համար անհրաժեշտ «Անհատական տվյալների» եւ «Անձնական համարանիշերի մասին» օրենքների նախագծին կառավարությունը երեկ հավանություն է տվել։ Եթե դրանք ի վերջո ընդունվեն ԱԺ-ի կողմից, այսուհետեւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ծննդյան պահին ստանալու է համարանիշ, որը ուղեկցելու է նրան ոչ միայն իր ողջ կյանքի ընթացքում, այլեւ դեռ մի 330 տարի էլ մահվանից հետո (եթե նկատի ունենանք, որ այդ քաղաքացին միջինը 70 տարվա կյանք ունի)։ Համարանիշեր կստանան նաեւ ՀՀ այն քաղաքացիները, որոնք արդեն հասցրել են ծնվել։ Այդ տասանիշ համարանիշը, որ կառուցված է լինելու անձի ծննդյան թվից, սեռից եւ մի քանի այլ չփոփոխվող տվյալներից (չնայած սեռի համար՝ ասել չի լինի- Ա.Գ.), չի փոխարինելու անձնագրին, սակայն գործածությունից դուրս կմղի աշխատանքային գրքույկները։ Ծրագրի փորձնական կիրառումը նախատեսվում է 2002-ի առաջին կիսամյակում՝ Կոտայքի մարզում, որից հետո նոր այն կներդրվի ողջ հանրապետությունում։ Այդ համարանիշի ներդրումը հնարավորություն կտա տարբեր աղբյուրներից ստուգելու նույն անձի մասին ինֆորմացիան, որը հաճախ կարող է չհամապատասխանել իրականությանը։ «Անձի մասին ինֆորմացիա» արտահայտությունը օրենքում ունի «անհատական տվյալներ» ձեւը։ Անհատական տվյալները, բացի վերոնշյալ չփոփոխվող ինֆորմացիայից, կներառեն անձի կենսագրության այնպիսի փաստեր, ինչպիսիք են փողոցային երթեւեկության կանոնների խախտումը, հարկերը թաքցնելը եւ այլն։ Սոցապ նախարար Ռ. Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ նկատի ունենալով զարգացած երկրներում համապատասխան փորձը, ի հայտ է բերել նաեւ «անհատական տվյալների» համակարգին «ուղեկցող հիվանդություններ», մեզ մոտ փորձ է արվում մշակել մեխանիզմներ դրանցից խուսափելու համար։ «Հիվանդություններից» առաջինն իհարկե այդ ինֆորմացիան ի չարս ինֆորմացիայի սուբյեկտի գործադրելն է։ Մասնավորապես, լրագրողների դիտարկմամբ, այդպիսով կարող է դժվարանալ մեր գործը. հերիք չէ՝ «ԶԼՄ-ների մասին» օրինագիծը նախատեսում է գրաքննություն մտցնել, հիմա էլ՝ անհատական տվյալները, որոնց հրապարակումը կարող է պատասխանատվության ենթարկելու առիթ դառնալ։ Սա արդեն ՀՀ այլ օրենքներով է կարգավորվում։ Պրն Մարտիրոսյանը գտնում է, որ անհատական տվյալների հրապարակման արգելքը էլ ավելի կազդի լրագրողների վրա՝ ավելի լուրջ մոտենալու իրենց գործունեությանը։ Անձնական համարանիշը քաղաքացիներին տրվելու է անվճար, կամավորության սկզբունքով։ Պարզապես հանրապետությունում կան գործառույթներ, որտեղ դրա առկայությունը պարտադիր է լինելու, ինչպես, ասենք՝ կենսաթոշակի կամ նպաստի նշանակումը։ Այս դեպքում էլ քաղաքացին ազատ է լինելու՝ համարանիշ ունենալ-չունենալու ընտրության մեջ։ Սակայն այս դեպքում ընտրությունն իրականում կատարվելու է թոշակ ստանալ-չստանալու մեջ։ Քաղաքացու համար այս համակարգերի կիրառումը անվճար է լինելու։ Մենք կասեինք՝ մասամբ անվճար, քանի որ արդեն իսկ արված ծախսերը, որոնք են՝ սոցիալական ապահովության հիմնադրամի, զբաղվածության ծառայությունների տեխնիկական հզորությունների օգտագործում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տեխնիկական աջակցություն-դրամաշնորհ, իրենց մեջ ներառում են նաեւ Համաշխարհային բանկի որոշ վարկեր։ Ի դեպ, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք է ունենալու ցանկացած ժամանակ ստուգել, թե իր մասին ինչ ինֆորմացիա է հավաքվում։ Այսպիսով, նախագծի հեղինակները վստահ են, որ օրենքը քաղաքացու համար ձեռնտու է դարձնելու օրենքներ չխախտելը։ Իսկ կխախտեն, թե ոչ՝ դա էլ է իրենց ընտրությանը մնում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել