Լրահոս
Օրվա լրահոսը

Յոթ երջանիկները վերաճեցին տասնչորսի

Փետրվար 21,2002 00:00

Յոթ երջանիկները վերաճեցին տասնչորսի Արդեն հայտնի են «Օրբելյան հիմնադրամի» սահմանած «Միջազգային փոխանակման կրթաթոշակին» արժանացած հայ երիտասարդ տաղանդավոր երաժիշտների անունները։ Երեկ այս առիթով Ժուռնալիստի տանը հրավիրված էր մամուլի ասուլիս։ Բացելով այն, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահի տեղեկատվության կենտրոնի ղեկավար Նարեկ Վ. Թովմասյանը միանգամից մի քանի ճշգրտում կատարեց։ Դրանք են՝ Կրթաթոշակի մրցանակային ֆոնդը կազմում է ոչ թե վաղօրոք հայտարարված 4000 ԱՄՆ դոլար, այլ 6000 ԱՄՆ դոլար։ Յոթ կրթաթոշակակրի փոխարեն վերջինիս արժանացել է տասնչորս երաժիշտ։ Այնուհետ, «Օրբելյան հիմնադրամի» նախագահ՝ Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր, Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կոնստանդին Օրբելյանը հանձնելով կրթաթոշակների սերտիֆիկատները իրենց տերերին, ասաց. «Հույս ունեմ, որ այս կրթաթոշակը գոնե մեկ տարով, ինչ-որ չափով կնպաստի, որ հայ երիտասարդը կտրվի կողմնակի հոգսից կամ հոգսերից։ Հնարավոր չէ եւ պարապել, եւ ձայնագրվել, եւ բեմ դուրս գալ ու մտածել այնպիսի բաների շուրջ կամ մասին, որը երաժշտին բոլորովին պետք է չհուզի։ Այն երաժիշտների բախտը, որ չբերեց այս անգամ, թող փորձեն կրթաթոշակին արժանանալ հաջորդ տարի։ Ասեմ, որ միայն սրանով մեր աշխատանքները չեն ավարտվում։ Ֆոնդը կկազմակերպի դասախոսների, ուսուցիչների փոխադարձ դասալսումներ Երեւանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում… Կազմավորվում է նախկին սովետմիության հանրապետությունների լավագույն երաժիշտներից բաղկացած միջազգային երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ, որը ապրիլի 27-ին աշխարհահռչակ Սվետլանովի ղեկավարությամբ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դահլիճում կհնչեցնի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Հիմա չեմ կարող ասել, թե մենակատարը ով կլինի, բայց հաստատ կլինի հայ ջութակահար։ Ուրախ եմ, որ կրթաթոշակին արժանացան Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի թվով 5 երաժիշտներ։ Կրթաթոշակին արժանացած երաժիշտներից հանդես կգան իմ ղեկավարած Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի ընկերակցությամբ։ Մի խոսքով՝ աշխատանքները շատ են, իսկ ժամանակը արագ է շարժվում։ Պետք է լինել առողջ, աշխատել, գործել, ստեղծագործել։ Հիանալի բան է արվեստի այս տեսակը՝ երաժշտությունը»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել