Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրեյթ Վելլիի» անդրանիկ գինեձոնը Երեւանում

Փետրվար 23,2002 00:00

«Գրեյթ Վելլիի» անդրանիկ գինեձոնը Երեւանում Հայկական կոնյակի նոր ոդիսականը «Գրեյթ վելլի» ընկերությունը, հուսով եմ, այսուհետ եւս կշարունակի հավատարիմ լինել հայկական կոնյակագործության հինավուրց ավանդույթներին եւ կզարգացնի դրանք»,- շաբաթ երեկոյան հայտարարեց գյուղատնտեսության նորընծա նախարար Դավիթ Զադոյանը, որը բացեց «Գրեյթ վելլիի» անդրանիկ գինեձոնը «Նաիրի» կինոթատրոնում։ Վերջինս վերանորոգումից հետո վերածվել է զվարճությունների կենտրոնի, այստեղ էլ «Գրեյթ վելլիին» վերածնեց գինեձոների հայկական հեթանոս ավանդույթը։ Հանդիսությանը ներկա էին նախագահի աշխատակազմի եւ կառավարության անդամներ, մշակույթի, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ։ Ներկաներին առաջարկվեց համտեսել ընկերության կոնյակների հավաքածուն, որը հանդիսավոր ցուցադրվեց Մոսկվայից հատուկ այս առաքելությամբ ժամանած գեղեցկուհիների կողմից։ Աշխարհիկ կյանքին խորթացած եւ դրա քմայքներին նոր-նոր ընտելացող հայ հասարակությունը խանդավառ ծափերով էր ողջունում տարաշխարհիկ հանդերձներով երկարասրունք մոդելներին, որոնք տեսակավոր կոնյակներից յուրաքանչյուրի հետ ի ցույց էին դնում վերջինիս նվաճած պարգեւներն ու մեդալները։ Գինեձոնը վարող Հրանտ Թոխատյանը, կոնյակների կենսագրությունը ներկայացնելով, պարբերաբար հիշեցնում էր ներկաներին, որ ուշադրության դաշտում պահեն ըմպելիքներն ու դրանց մրցանակները՝ ի հեճուկս գեղեցկուհիների գայթակղության։ 6-ամյա հնեցման «Գրեյթ վելլի» կոնյակից մինչեւ 30-ամյա «Ցար Տիգրան»՝ ահա ընկերության տպավորիչ հավաքածուն, որի բույլերի հեղինակն է Հայաստանի եւ Ռուսաստանի վաստակավոր գինեգործ, «Գրեյթ վելլիի» գլխավոր մասնագետ Ռոբերտ Ազարյանը։ «Գրեյթ վելլի» կոնյակների ընտրանին նվաճել է 130 պարգեւ, ի թիվս որոնց 9 «Գրանպրի» եւ 1 «Սուպեր գրանպրի»։ Ընկերության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ներկաներին առաջարկեց անմիջաբար գնահատել իրենց կոնյակների ինքնատիպությունը։ Կառավարությունից գոհ լինելու հետ մեկտեղ՝ նա կոչ արեց արդար մրցակցության դաշտ ապահովել հայկական կոնյակագործության ասպարեզում։ Գյուղնախարար Դավիթ Զադոյանին առաջարկվեց արագացնել «Գրեյթ վելլիին», ըստ նախնական պայմանավորածության, 1500 հեկտար հողատարածության տրամադրումը՝ ինքնուրույն խաղողագործություն ծավալելու համար։ Գինեձոնը հաճելին զուգակցեց օգտակարի հետ. Հայաստանում Բելառուսի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Վալերի Սիսոեւը կոնյակների համտեսից հետո մոտեցավ «Գրեյթ վելլիի» գլխավոր մասնագետ Ռոբերտ Ազարյանին՝ առաջարկելով ընկերության կոնյակների արտահանումը Բելառուսում խթանելու համար Մինսկում բացել ներկայացչություն։ Իսկ գյուղնախարարության «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի» տնօրեն Արմեն Դավթյանը հայտնեց, որ սեպտեմբերի 25-27-ը Երեւանում տեղի կունենա «Արմպրոդէքսպո» երկրորդ միջազգային մրցույթը, որտեղ «Գրեյթ վելլիին» հնարավորություն կտրվի իր ձեռքբերումները հիմնավորելու։ Ակնհայտ է, որ հայկական կոնյակը, ի տարբերություն մնացյալ ալկոհոլային խմիչքների, ոչ թե մթագնում է ըմպողների բանականությունը, այլ պայծառացնում։ ՆԱՐԻՆԵ ԱՆՂԱԼԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել