Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրոյդի «կոլեգան»

Փետրվար 26,2002 00:00

Ֆրոյդի «կոլեգան» Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդը հոգեբանական գիտությունների դոկտոր չէր: Ընդհանրապես, թույլ գիտնական էր՝ մարդկային հոգեբանության նրբությունների մեջ չէր խորացել: Օրինակ, չէր հասկանում, որ Ավստրիայի իր ժամանակվա իշխանություններին պետք է քծնել, գովերգել նրանց իմաստությունն ու խորաթափանցությունը: Եվ հակառակը. Ավստրիայի նախորդ իշխանություններին անհրաժեշտ է փնովել վերջին բառերով: Խելքը գլխին գիտնական լիներ՝ կլինիկայից բացի գոնե մի երկու ինքնաթիռ կունենար, գործ կդներ, Վիեննա-Երեւան չվերթ կբացեր՝ կարեւոր չէ՝ աշխատո՞ղ, թե՞ ոչ: Ի տարբերություն Ֆրոյդի, մեր Հովհաննես Երիցյանը, անտարակույս, կմնա համաշխարհային գիտական մտքի պատմության մեջ: Նրա ամեն մի ելույթ պայծառ տոն է հայ հասարակության համար: Էլ ոչ Աշոտ Ղազարյան է պետք, ոչ էլ նույնիսկ՝ Բենի Հիլ: Առաջին իսկ հայացքից երեւում է, որ գիտության մարդ է. հաստատ գիտի, որտեղ են իմաստուն մտքերը ծնվում եւ որտեղից են «տյուս կյամ»: Համ էլ խիստ է՝ իր շեֆերին քննադատող ոչ մի թերթ ինքնաթիռից ներս չի թողնում: Ոչինչ, որ մեր ավիացիայի վիճակը անմխիթար է, որ ծաղկում է կոռուպցիան, որ մենեջմենթը զրոյական է, որ ուղեւորները սոված են մնում, որ չվերթերը հաճախ տապալվում են՝ պետությանը պատճառելով հսկայական վնասներ: Փոխարենը պրն Երիցյանն իր ստեղծագործական էներգիան սուբլիմացնում է մամուլի հետ հաշիվներ մաքրելով: Օրինակ, դատի է տալիս «Հայկական ժամանակի» խմբագրին: Պրն Երիցյանի ձախողված գործընկերը (այդ նույն Ֆրոյդը) ասել էր. «Կյանքի ընթացքում մենք ճանաչում ենք մեր հնարավորությունների սահմանը»: Թերեւս, հասարակ մահկանացուների համար դա ճիշտ է, բայց Հովհաննես Երիցյանի դեպքում՝ սխալ: Նրա հնարավորությունները ճանաչելու համար մեկ կյանքը հերիք չէ, որովհետեւ դրանք (այդ հնարավորությունները) սահման չունեն: Բացառված չէ, որ պրն Երիցյանը, ասենք, վարչապետ դառնա: Իր մտավոր կարողություններով նա Անդրանիկ Մարգարյանին ոչ մի բանով չի զիջում: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել