Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԳՆՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ԷՐ

Մարտ 19,2002 00:00

ՕԳՆՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ԽԱՆԳԱՐԵԼՈՒ ԷՐ Ստեղծված էր կասկածները փարատելու համար «Հոկտեմբերի 27»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը երեկ հերթական նիստն անցկացրեց։ Նիստի մասին իրենց կարծիքը ավելի ուշ «Առավոտին» հայտնեցին հանձնաժողովի մի շարք անդամներ։ Մինչ կարծիքներին անդրադառնալը, ստիպված ենք փոքրիկ շեղում կատարել։ Հիշո՞ւմ եք «Կովկասի գերուհին» ֆիլմը, որում կոլխոզի նախագահ Սաախովը հարսնացուին փախցնելու մասով վճռում է. «Ով որ մեզ խանգարում էր, նա էլ մեզ կօգնի»։ Ու Շուրիկը գործիք է դառնում նրա ձեռքին։ Մեր դիտարկմամբ, «27»-ի ժամանակավոր հանձնաժողովը նույնպիսի գործիք է դարձել հայտնի ուժերի ձեռքին։ Ոմանք վստահ են, թե հանձնաժողովը իր լիազորությունների շրջանակում չի գործում։ Ամենեւին այդպես չէ, հանձնաժողովը գործում է հենց այն լիազորությունների շրջանակում, ինչ նպատակով նույն ուժերը «դաբրո» տվեցին հանձնաժողովի ստեղծմանը։ Հիշենք, թե ինչպես որոշ քաղաքական ուժեր ժամանակին սվիններով ընդունեցին հանձնաժողովի ստեղծման առաջարկը։ Սակայն, արագ կողմնորոշվելով, հասկացան՝ ով որ իրենց խանգարում է, նա էլ կօգնի։ Նորայր Եղիազարյանի մահվան հանգամանքները քննելուց բացի ի՞նչ է արել հանձնաժողովը. լսել է երկու մարդու՝ Հարություն Հարությունյանին եւ Նաիրի Բադալյանին, ովքեր մեղադրվել են որպես «27»-ի մեղսակից, ապա՝ ազատ են արձակվել։ Նրանց նկատմամբ կիրառված բռնարարքների պատճառով նախաքննության մարմնի մի քանի քննիչի նկատմամբ գործ է հարուցվել։ Ներքին համոզմունք ունենք, որ հանձնաժողովի մի քանի անդամների ջանքերով հնարավոր եղավ հանձնաժողովին շեղել բուն նպատակից։ Ինչեւէ, երեկվա նիստում անսպասելի հայտնվել է «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը՝ խմբի անդամներ Հակոբ Հակոբյանի, Հրանտ Գրիգորյանի, Սասուն Միքայելյանի ուղեկցությամբ։ Մասնիկ Մալխասյանն առաջարկել է, որ հանձնաժողովն ինքնալուծարվի, քանի որ իր լիազորություններից դուրս է աշխատում. «Եթե անելիք չունի, թող ինքնալուծարվի»։ Պրն Մալխասյանը հիշեցրել է հանձնաժողովին, որ այն ստեղծված է, որպեսզի հետամուտ լինի գործի օբյեկտիվությանը եւ չի ստեղծվել, որպեսզի «ոճրագործների, նրանց հետ մասնակիցների հովանավորությամբ, քննությամբ զբաղվի»։ Հանձնաժողովի երեկվա նիստը որոշում է կայացրել՝ դիմել համապատասխան ատյաններին՝ պարզելու, թե ի՞նչ հանգամանքներում են ԱԺ-ի նախկին բուժքույրն ու բժշկուհին հայտնվել Միացյալ Նահանգներում։ Նախորդ նիստում հանձնաժողովը դիտել էր ՀԺԿ լրատվականի ղեկավար Ռուզան Խաչատրյանի նկարահանած ֆիլմից մի հատված։ Բուժքրոջ պատմածից ուշագրավ էր, որ ԱԺ նիստերի դահլիճին կից հանգստի սենյակի վերեւի դռան մոտ, աստիճանների վրա ինչ-որ մեկը (կամ՝ մի քանիսը) ավտոմատի պարկուճներն են չխչխկացրել եւ ոճրագործներից մեկի հարցին, թե ով է, բուժքրոջն ուղեկցող ոճրագործը պատասխանել է՝ «մենք ենք»։ Կասկածներ կան, որ այդ «ոմնը» (ները) հինգից մեկը չէր, այլ բոլորովին ուրիշ մեկը։ Ի դեպ, տեսաերիզից հետո տիկին Խաչատրյանը Զինդատախազություն է հրավիրվել հարցաքննության։ Պարզապես զարմանալի է, որ Զինդատախազությունն այսքան ուշացումով գլխի ընկավ վերոհիշյալ հարցով հարցաքննել տիկին Խաչատրյանին, քանի որ վերջինս բազմիցս մամուլի միջոցով հայտարարել է, որ ինքը ունի նման տեսաժապավեն։ Ինչեւէ, նախաքննության մարմինը հետաքրքրվել է տեսաժապավենով, խնդրել է տրամադրել իրենց։ Ռուզան Խաչատրյանի հետ զրուցել է քննիչ Արմեն Հակոբյանը, նաեւ քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանը։ Վերջիններս հետաքրքրվել են, թե ինչու այդքան կարեւոր ցուցմունքի մասին ավելի վաղ չի հայտնվել։ Տիկին Խաչատրյանը պատասխանել է, որ ինքը նախաքննության մարմին չէ եւ հետո՝ մամուլում բազմիցս խոսել է այդ մասին, եւ Զինդատախազությունը հազիվ թե այդ մասին տեղյակ չլիներ։ Տեսաերիզը նկարահանվել է 2000 թ. գարնանը. «Ֆիլմ էի պատրաստում, զրուցում էի բոլոր ականատեսների հետ։ Եվ այդ տեսաերիզը լրագրողական հետաքննության արդյունք է»։ Ընդհանրապես «27»-ի գործի բազմաթիվ հարցականների շարքում, չենք կարծում՝ երկրորդական է բուժքրոջ եւ բժշկուհու անսպասելի մեկնումը երկրից, նաեւ երկրորդական չենք համարում գործով դատակոչված վկա Տիգրան Նազարյանի երկարաժամկետ բացակայությունը։ Վերջինիս մասին հայտարարված էր, թե մեկ տարով է մեկնում ինչ-որ աշխատանքային հարցերով, սակայն այդ մեկ տարին վաղուց լրացել է, եւ դատակոչված վկան դեռեւս չի վերադարձել։ Հանձնաժողովի անդամ Կիմ Բալայանը մեզ հայտնեց, որ իրենք որոշում են ընդունել հետեւյալի մասին. հանձնաժողովի անդամներն այլեւս մեկուսարան չեն գնա «միեւնույն խցերում նստած մարդկանց հարցուփորձ անելու համար»։ Հանձնաժողովը գտել է, որ այլեւս հարկ չկա նրանց հարցուփորձ անել՝ բռնությունների ենթարկվե՞լ են, թե՞ ոչ. «Քանի որ դատախազությունն այդ մասով քրգործ է հարուցել եւ քննություն է կատարել։ Ես պնդում կատարեցի, որպեսզի պարզենք մեկուսարաններում պահելու օրինականությունը։ Մենք դեռ չենք պարզել ամենահիմնական խնդիրներից մեկը՝ արդյո՞ք օրինական ձեւով են հարցաքննության կանչվել, հարցաքննվել ու արձանագրվել բոլոր մեղադրյալները եւ ամբաստանյալները։ Արտառոց փաստեր կան, որոնք ուղղակիորեն ապացուցում են, որ խախտվել է օրենքի պահանջը»։ Հանձնաժողովը որոշել է կրկին դիմել ԱԺ-ին, որպեսզի վերջինս փորձի կրկին պարզել Նաիրի Հունանյանին ԱԱ մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը։ Կիմ Բալայանը բոլորովին համաձայն չէ Մյասնիկ Մալխասյանի խմբի դժգոհությանը, թե հանձնաժողովն իր լիազորությունները կատարելու փոխարեն զբաղված է ոճրագործների խնդիրներով. «Նախ, ոճրագործների անվտանգության հարցերով ոչ ոք չի զբաղվում։ Այլ հարց է, թե իրենք ինչպիսի ենթատեքստ են ուզում տեսնել մեր հանձնաժողովի գործունեության մեջ։ Ես կարծում եմ, դրա կարիքն ամենեւին չկա, հենց իրենց խումբը ներկայացուցիչ ունի հանձնաժողովում, եւ նա կարող էր հանդես գալ։ Այն, որ հանրապետությունում կգտնվեն նաեւ ուժեր, որոնց ձեռնտու չի լինի օբյեկտիվությունը վեր հանել, սա այլ հարց է։ Եթե ուշադրություն դարձնեք, որեւէ մեկը չի ասել, թե ինչպես է եղել, որ ոտնահարել են Նաիրի Հունանյանի իրավունքները, կամ նրան ծեծի են ենթարկել։ Նման հարց ընդհանրապես չի եղել։ Խնդիրը եղել է հետեւյալը՝ ի՞նչ նպատակով են բռնության ենթարկել։ Եվ հասարակության համար սա ամենեւին միեւնույնը չէ։ Ես այսօր հստակ տեսնում եմ, որ կան ուժեր, որոնք վախենում են, որ կարող է մոտենանք իրենց»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել