Լրահոս
Օրվա լրահոսը

35 ԿԱՊՈՒՂՈՒ ՓԱԹԵԹՆԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ

Մարտ 29,2002 00:00

35 ԿԱՊՈՒՂՈՒ ՓԱԹԵԹՆԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ «Յան-թիվիի» ղեկավար Արա Երնջակյանը հոռետես չէ. իր ասելով՝ պարզապես իրատես է եւ չի հավատում, թե 35-րդ կապուղու համար հայտարարված մրցույթում իր ընկերությունը հաջողության կհասնի։ Մեր կարծիքով, պրն Երնջակյանի համար երկու բան կարող էր նման տխուր մտածումների տեղիք տալ։ Կամ «Շողակաթի» հնարավոր հաղթանակի մասին ինքն արդեն տեղեկացված է, կամ էլ՝ «Նոյյան Տապանի» մրցութային ծրագիրն անվիճարկելի է թվացել։ Որեւէ բան չենք կարող պնդել։ Սակայն, եթե սեփական ծրագիրը մրցութային հանձնաժողովին ներկայացնելուց անմիջապես հետո մարդը նման համոզմունք է հայտնում, ուրեմն պարզապես մնում է զարմանալ՝ այդ դեպքում ինչո՞ւ մասնակցեց հենց այս կապուղու համար հայտարարված մրցույթին, չսպասելով ազատ մի քանի կապուղիների կայանալիք մրցույթին։ Ուրեմն՝ ինչո՞ւ հատկապես թիվ 35 կապուղի։ Արա Երնջակյանն ասաց, թե պատճառը շատ պարզ է. «Եղած բոլոր հաճախականությունները զբաղված էին, եւ մենք գտանք, որ ամենաճիշտն էր 35-ը, որն ազատ էր։ Այսինքն, այն պահին, երբ մենք ընտրում էինք, ընտրում էինք լրիվ ազատ կապուղի»։ Հասկանալի է, որ «Շողակաթ» հեռուստաստուդիան հաստատ գիտեր, որ «Նոյյան Տապանը» զբաղեցնում էր հենց 35-րդ կապուղին, ավելորդ է հարցնել, թե ինչո՞ւ «Շողակաթը» չի ընտրել որեւէ ազատ կապուղի։ Թեպետ հարցն իրավաբանորեն լուծվել է մինչեւ մրցույթին ներկայանալը, սակայն, կարծես թե, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Շողակաթը» հիմնվել է որպես եկեղեցու հեռուստաստուդիա, այսուհետ եւս հենց այդպես էլ ընկալվելու է։ Իսկ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի համաձայն, կրոնական կազմակերպությունը հեռուստաընկերություն հիմնադրելու իրավունք չունի։ «Շողակաթի» փաթեթը ներկայացրեց Մանյա Ղազարյանը՝ ասելով, որ «Շողակաթը» հիմնվել է 1998 թ. Արարատյան հայրապետական թեմում՝ իբրեւ հեռուստաստուդիա, սակայն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ընդունումից հետո հեռուստաստուդիան լուծարվել է եւ երեք հիմնադիրների նախաձեռնությամբ վերակազմավորվել է որպես «Շողակաթ հեռուստաընկերություն» ՍՊԸ։ Հեռուստաընկերությունը 14 աշխատակից ունի, եւս 11 անձինք հեռուստաընկերության հետ աշխատում են պայմանագրային հիմունքներով. «Բացի ֆիլմարտադրությունից, որը առայսօր եղել է «Շողակաթի» գործունեության հիմնական առանցքը, այն արտադրում է շաբաթական 80 րոպե տեւողությամբ լրատվական եւ ուսուցողական բնույթի հաղորդաշարեր։ «Եկեղեցական կյանք» լրատվական ծրագիրն է դա, որն ամեն շաբաթ ներկայացնում է Հայ Առաքելական եկեղեցու՝ հանրապետության ուսումնական, կրթական, մշակութային կառույցներում տեղի ունեցող իրադարձությունները»։ «Շողակաթը» իրատեսական է համարում, որ շնորհիվ իր «որդեգրած ուսումնակրթական ուղղվածության՝ կկարողանա հավակնել շուկայում առկա գովազդային առաջարկի 4-5 տոկոսին»։ Որքանո՞վ կարող է «Շողակաթն» անկախ եւ ինքնուրույն լինել եկեղեցուց եւ Ամենայն Հայոց կաթողիկոսից՝ «Մեր իրավական կարգավիճակը մեզ տալիս է իրավունք ասելու, որ «Շողակաթ» հեռուստաստուդիան իսկապես անկախ է եւ չի ենթարկվում կրոնական կազմակերպության»։ 35-րդ կապուղին ստանալու հավակնորդն է նաեւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունը, որը մինչեւ անցած տարվա սեպտեմբերի 14-ի փակումն աշխատում էր հենց այդ դեցիմետրային կապուղում։ Մրցութային առաջարկը ներկայացրեց Տիգրան Հարությունյանը։ «Նոյյան Տապանը» նախատեսում է ապահովել ամենօրյա հեռարձակում, առաջին տարիներին՝ 18-20 ժամ եթերի տեւողությամբ, հետագայում՝ 24 ժամ անընդմեջ։ Հեռուստաալիքի սեփական արտադրության հաղորդումները սկզբում կկազմեն եթերաժամի 35-38 տոկոսը, լուրերի ընդհանուր ծավալը կկազմի 10-12 տոկոս, գիտակրթական եւ մշակութային հաղորդումների ծավալը՝ 8-9 տոկոսը։ Տիգրան Հարությունյանը խիստ կարեւորում է ֆինանսական անկախությունը։ Կենտրոնի զարգացման ամբողջ ճանապարհի կարճ բնութագրականն այն է, որ սկսելով 4 հոգով, կենտրոնն այսօր ունի 100 աշխատող եւ 10 տարի շարունակ գոյատեւել է գործող շուկայում. «Ներդրումներն ու անկախությունն իրոք շատ նուրբ հարց է։ Մենք կողմ ենք ամեն տեսակի ներդրումների եւ ըստ երեւույթին ներդրումներ կունենանք։ Սակայն, ներդրումները չպետք է խանգարեն լրատվամիջոցի անկախությանը։ Դա մեր սկզբունքն է, եւ եթե մեր սկզբունքը չի ընդունվում, գուցե ավելի լավ է, որ մենք գոյություն չունենանք։ Հիմա չկան քաղաքական ճնշումներ, բայց տնտեսական ճնշումները շատ լրատվամիջոցների պարագայում ակնհայտ են։ Նրանք կախված են իրենց հովանավորներից։ Մենք չենք ուզում, որ դա լինի, մենք ուզում ենք պաշտպանել հասարակության շահերը»։ Անցած 10 տարվա ճանապարհը Տիգրան Հարությունյանին թույլ է տալիս ասել, որ դա հնարավոր է։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը լսեց 35 կապուղու 3 հավակնորդներին եւ վճիռը կկայացնի ապրիլի 2-ին։ Խաբելու օրն արդեն անցած կլինի, ափսոս միայն, որ ծիծաղի օրը՝ եւս։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել