Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնական որոշումը պետք է տա ժամանակը»

Մարտ 30,2002 00:00

«Հիմնական որոշումը պետք է տա ժամանակը» Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի (Բաքու) Բախումնաբանության եւ միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Արիֆ Յունուսովի հետ զրույցում ներկայացվում են Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակը, ղարաբաղյան կարգավորման ընկալումներն ադրբեջանական հասարակության մեջ: -Ինչպիսի՞ն է ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանում այսօր: Իսկապե՞ս Հ. Ալիեւի առողջական վիճակի վատթարացումը խուճապային տրամադրություններ էր առաջացրել: – Ընդհանուր առմամբ այսօր Ադրբեջանում իրավիճակն այնպիսին է, ինչպես մեկ, երկու ամիս առաջ էր: Բնակչությունն այնքան է սովորել, որ Ալիեւը պարբերաբար հիվանդանում է, այնքան հաճախ է տեղեկանում, թե նրա առողջությունը ստաբիլ վատանում է, իսկ նա այնուամենայնիվ ճանապարհորդություններից հետո վերադառնում է տուն, որ այեւս լրջորեն չի վերաբերում Ալիեւի առողջության մասին ասեկոսեներին: – Այսպես թե այնպես, Ադրբեջանում հիմա շատ են խոսում արտահերթ նախագահական ընտրությունների մասին: – Կոնկրետ մեր դեպքում այդ տարբերակը քիչ է հավանական: Ըստ ամենայնի, նախագահի առողջությունը թույլ կտա նրան կառավարել ընդհուպ մինչեւ 2003 թ. նախատեսվող հերթական ընտրությունները: Իսկ իշխանությունը փոխանցել, անգամ իր որդի Իլհամին, Հեյդար Ալիեւն ակնհայտորեն չի պատրաստվում: Այդ պատճառով նախագահական արտահերթ ընտրությունների մասին բոլոր խոսակցություններն ավելի շատ քարոզչական բնույթ են կրում: – Որքանո՞վ են հավանական կտրուկ տեղաշարժերը ղարաբաղյան կարգավորման մեջ: Հնարավո՞ր է արդյոք պատերազմական գործողությունների վերսկսումը: – Ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ կտրուկ տեղաշարժերը քիչ հավանական են ոչ միայն նախագահական ընտրություններից հետո, այլեւ ընդհանրապես առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Անձամբ ես միշտ հոռետեսորեն եմ վերաբերվել Մինսկի խմբի համանախագահների բոլոր այն հայտարարություններին, թե ամենամոտ ժամանակներս խնդիրը կկարգավորվի («մինչեւ այս տարեվերջ», «մաքսիմում մինչեւ 1-2 տարի» եւ այլն): Այս կարգի մակերեսային հայտարարությունները վկայում են կոնֆլիկտի էությունը, նրա վրա ազդող խորքային գործընթացները չհասկանալու մասին: Միեւնույն ժամանակ բավական ռեալ է ճակատում պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Բայց միայն այն դեպքում , եթե իշխանության գան ընդդիմադիր ուժերը: Ներկայիս իշխանությունների ներքին քաղաքականությունը ամբողջովին տապալվել է, երկիրը խստագույն սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ է, ինչը մեծապես ծագել է ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառով: Այս պայմաններում իրավիճակի սրումը բավական կանխատեսելի է: Իշխանության գալու պարագայում ընդդիմությունը կկարողանա իրագործել այն ամենը, ինչ ուզում են շատերը, հատկապես փախստականները: – Ի՞նչն է, ըստ Ձեզ, խանգարում ղարաբաղյան կարգավորմանը: – Խնդիրը ոչ թե այն է, որ կոնֆլիկտի պատճառների եւ բնույթի մասին կողմերն ունեն տարբեր կարծիքներ: Իրականում դա նորմալ է, այդպես էլ պետք է լինի: Խնդիրն այլ է. երկու կողմերն էլ վստահ են, թե կոնֆլիկտն առանձնահատուկ է, եւ հիմնականում ելնում են դրանից: Այսօր ադրբեջանական հասարակության մեջ ավելի շատ բացասական էներգետիկա կա, եւ ըստ էության ադրբեջանցիներն ապրում են այն իրավիճակները, ինչի միջով անցել է հայկական հասարակությունը 50-70-ական թվականներին: Այսինքն՝ «բազմաչարչարության» գաղափարների պատճառով տեղի է ունենում ադրբեջանական հասարակության յուրատեսակ «հայացում»: Երբ հայերն սկսում էին կոնֆլիկտը, նրանք դուրս էին գալիս Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի մշակույթի, լեզվի պահպանման եւ այլ իրավունքների մասին պահանջներով: Ադրբեջանցիները դուրս էին գալիս իրենց «Ղարաբաղն Ադրբեջանի անքակտելի տարածքն է» կոչերով: Ինձ թվում է, որ վստահության պարագայում լիովին կարելի է համատեղել կողմերի այս պահանջները: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ երկու երկրներում սկսվեն հասարակությունների ռեալ ժողովրդավարացման գործընթացները, քաղաքացիական ինստիտուտների կայացումը: Միայն այդպես հնարավոր եղավ վերացնել Էլզասի եւ Լոթարինգիայի համար ֆրանկո-գերմանական կոնֆլիկտը: – Ո՞վ պետք է, ըստ Ձեզ, իրականում ընդունի որոշումներ Ղարաբաղի վերաբերյալ: – Ղարաբաղի հարցով հիմնական որոշումը պետք է տա ժամանակը, երբ կոնֆլիկտը կկորցնի իր սրությունը եւ կաճի կյանքի այլ չափանիշներ ունեցող սերունդը: Այդ ժամանակ մեր երկրների ղեկավարների որոշումները բնակչությունը չի ընդունի սվիններով: Իհարկե, կարգավորման գործընթացի վրա մեծ ազդեցություն ունեն նաեւ մեր ռազմավարական գործընկերները, բայց այստեղ էլ ժամանակի հետ հնարավոր են լուրջ փոփոխություններ: Իսկ գլխավորը՝ երկու ժողովուրդները պետք է «հասունանան» խաղաղության համար: ԼԱՈՒՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք Հետաքննող լրագրողների ընկերակցության www.hetq.am/russian/region էջում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել