Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԺԱՆՍԵՄԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլ 24,2002 00:00

ԺԱՆՍԵՄԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հայազգի նկարիչների փայլուն համաստեղության մեջ իր ուրույն տեղն ունի ֆրանսահայ հանրաճանաչ գեղանկարիչ Ժանսեմը, որն օրերս Հայաստան էր այցելել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության միջնորդությամբ։ Նրա հյուրընկալությունը Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում մեծ ոգեւորություն էր առաջացրել բուհի ուսանողության շրջանում։ Սա Ժանսեմի երկրորդ այցելությունն է բիբլիական Հայաստան (առաջին անգամ Հայաստան է եկել 1973-ին)։ Ժանսեմի կարծիքով, այսօրվա Երեւանը բոլորովին նման չէ տարիներ առաջ տեսած մայրաքաղաքին։ Ի դեպ, գեղանկարիչը Հայաստան էր այցելել ամենից առաջ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու ցանկությամբ։ Նա դատարկ ձեռքով չէր ժամանել Հայաստան. իր վերջին շրջանի ստեղծագործությունները, որոնցում պատկերված են հայոց ջարդերի արյունոտ տեսարանները, նկարիչը որոշել է նվիրել Հայաստանին։ Երեկ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ուրախությամբ հայտնեց նկարչին՝ նրան նույն բուհի պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհելու մասին։ Իսկ Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդ. Նալբանդյանը տեղեկացրեց, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի խնդրանքով Ժանսեմը նկարելու է Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համար Մարիամ Աստվածածնի պատկերը։ Ծագումով հայ նկարիչ Ժանսեմը համոզված է, որ թեպետ իր նկարներում հայկական տարրերն ու տարազը բացակայում են, սակայն էլի իր գործերը մնում են նույնքան հայեցի, նույնքան հայկական շունչ ու ոգի պարունակող։ Աշխարհահռչակ նկարչի կարծիքով, հայերն առավել փայլում են ճարտարապետության եւ քանդակագործության ոլորտում, քան նկարչության ասպարեզում։ Հանդիսության վերջում Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Ա. Իսաբեկյանը նկարչին նվիրեց նույն բուհի ուսանողների կերամիկական աշխատանքներից։ Ժանսեմը հայտնի է նաեւ իբրեւ ձեւավորող եւ մուլտիպլիկատոր։ Նրա լավագույն աշխատանքները ցուցադրվել են Իտալիայում, Շվեդիայում, Անգլիայում եւ ԱՄՆ-ում։ Ճապոնիայում ներկայումս բացվել է Ժանսեմի նկարների երկու ցուցահանդես, որոնցից մեկի տնօրենը նույնպես Հայաստան է ժամանել։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել