Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԻ ՏՆՈՎ ՉԵՆՔ, ԲԱՅՑ՝ ՄԻ ՀԱԼՈՎ

Հունիս 19,2002 00:00

ՄԻ ՏՆՈՎ ՉԵՆՔ, ԲԱՅՑ՝ ՄԻ ՀԱԼՈՎ Հարավ-արեւելյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ներկայիս հիմնախնդիրները լիբերալ զարգացման հեռանկարում բուլղարացի, ռումինացի, ադրբեջանցի եւ հայ երիտասարդ լիբերալները քննարկեցին Բուլղարիայի Բանսկո քաղաքում։ Սեմինարը կազմակերպել էր Ֆրիդրիխ Նաումանի անվան հիմնադրամը, անցկացրեց հիմնադրամի Բուլղարիայի մասնաճյուղը՝ կոորդինատոր Ասպարուխ Պանովի ղեկավարությամբ։ Հավաքվածները ներկայացնում էին սոցիալիստական գրեթե նույն անցյալն ունեցող հինգ երկրները, որոնք փորձում են այժմ ձեւավորել դեմոկրատական հասարակություն, ազատ շուկա եւ, իհարկե, նյութական բարեկեցություն։ Գուցե հենց այս էր պատճառը, որ ներկաներն ավելի շատ ընդհանրություններ ունեին, քան տարբերություններ։ Այնպես որ, այս կամ այն երկրի հասարակական, քաղաքական կամ տնտեսական իրավիճակի մասին զեկուցումները լսելիս, ինչպես ասաց պրն Պանովը, կարելի էր փակել աչքերը եւ պատկերացնել ինքդ քեզ սեփական երկրում։ Օրինակ, Ռումինիայի ներկայացուցիչը պատմում էր իրենց մանկավարժների ցածր աշխատավարձի (միջին աշխատավարձը երկրում 100 դոլար է, ուսուցիչներինը՝ տասնյոթ), մասնավոր բուհերի առատության եւ դրանցից միայն մի քանիսի հեղինակավոր լինելու, երիտասարդների շրջանում գործազրկության բարձր տոկոսի, նրանց ստացած կրթության ու աշխատանքի շուկայի պահանջների անհամապատասխանության մասին։ Պրն Պանովն ասաց, որ Բուլղարիայի նման փոքրիկ երկրի համար համալսարանները չափից ավելի շատ են եւ շտապ ռադիկալ փոփոխություններ են պետք այս հարցում։ «Դասախոսները ստիպում են իրենց հեղինակած գրքերը գնել, թե չէ քննություն չեն նշանակում»,- ասաց Բուլղարիայի թուրքերից մեկը։ Այս ամենը դեռ ոչինչ, բայց երբ մեկ ուրիշ բուլղարացի ասաց հետեւյալ արտահայտությունը՝ «Շատերը բուհեր գնում են միայն դիպլոմ ունենալու համար եւ գնում են (այսինքն՝ առնում են) դրանք», հասկացանք, որ «սոցիալիստական ճամբարի» հետքերը վերացնելու առումով լիբերալները դեռ շատ անելիքներ ունեն ողջ Արեւելյան Եվրոպայով մեկ։ Քննարկման թեմաներն էլ ընտրված էին ամենահրատապները՝ Լիբերալ կուսակցություններ եւ լիբերալ արժեքներ, կրթության զարգացման լիբերալ ստրատեգիան, շուկայական հարաբերությունների եւ զբաղվածության ու սոցիալական բարեկեցության համատեղելիություն, պայքար գործազրկության դեմ, սոցիալական բարեկեցության մեխանիզմների սեփականաշնորհում։ Թեմաներից ամենաբուռն քննարկմանն արժանացան իհարկե կոռուպցիան եւ գլոբալիզացիան։ Ամեն մի խումբ ներկայացրեց իր երկրին բնորոշ կոռուպցիայի մեկ՝ ամենացայտուն դեպք։ Եվ դարձյալ հնարավոր չէր օրիգինալ լինել, քանի որ, ասենք, Բուլղարիայի թուրքական համայնքի ներկայացուցչի պատմությունը՝ իր նախնական արժեքից շատ ցածր սեփականաշնորհված գինու գործարանի մասին, չզարմացրեց եւ ոչ մեկի։ Իսկ ադրբեջանցիների բողոքները այն կապակցությամբ, որ միայն իրենց նախագահ Հեյդար Ալիեւի ընտանիքին մտերիմ լինելը Ադրբեջանում որեւէ մեկի համար կարող է «գործ անելու եւ բարգավաճելու հիմք լինել», հայերիս մի քիչ մխիթարեցին։ Այդ առումով հայերս ավելի շանսեր ունենք, մեր «ցուցակն» ավելի մեծ է։ «Գործին» կօգնի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ընտանիքին մտերիմ լինելը, այլեւ Սերժ Սարգսյանին, մի քիչ էլ՝ Անդրանիկ Մարգարյանին։ Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի խորհրդական Ստեֆան Մելնիկը մի ցուցակ ներկայացրեց, որը շատ ավելի մխիթարական էր հայերիս համար։ Transparency International (բառացի թարգմանությամբ՝ Միջազգային թափանցիկություն) կազմակերպության տվյալներով, ամենաքիչ կոռումպացված երկիրը Ֆինլանդիան է, 2-րդ տեղում՝ Դանիան, 3-րդը՝ Նոր Զելանդիան։ 90 երկրների մեջ Ադրբեջանը ամենակոռումպացվածներից 7-րդն է, Ռուսաստանը՝ 10-րդը, Ռումինիան, Բուլղարիան համապատասխանաբար 22 եւ 44-րդ տեղերում են։ Ցուցակից բացակայում էր Հայաստանը։ Իհարկե, ոչ կոռուպցիայի բացակայության պատճառով. պարզապես հետազոտողների «ձեռքը չէր ընկել»։ Տարբերություններ էլ, ինչ խոսք, այս երկրները ունեն, մանավանդ շուկայական տնտեսության պայմաններում սոցիալական պաշտպանությունը մեղմելու առումով։ Լիբերալների սոցիալական քաղաքականությունը՝ կառավարության միջամտություն սոցիալական աջակցության տեսքով պահանջում է միայն այն դեպքում, եթե անհատը կամ համայնքը չեն կարողանում իրենք իրենց պաշտպանել։ Այդպիսի օրինակ կարող է ծառայել Ռումինիայի փորձը։ Այստեղ սահմանադրությունը անվճար կրթություն է երաշխավորում իր քաղաքացիների համար։ Ի տարբերություն Հայաստանի, կառավարությունը այդ անվճար կրթությունը կարողանում է նաեւ ապահովել՝ երիտասարդներին կրթության համար վաուչեր տալով։ Վաուչերը մեկ տարվա համար է, դրամի փոխվել այն կարող է միայն կրթական հաստատության կողմից, ուր դիմել է երիտասարդը։ Այսինքն, նույնիսկ փոքր բյուջեի մասին «լաց լինելը» պատճառ չէ սեփական սահմանադրությունից «երես թեքելու»։ Այսպիսի օրինակներով ամեն մեկս պատմեցինք, թե ինչ է անում կամ չի անում յուրաքանչյուրիս երկրի կառավարությունը՝ իր քաղաքացիներին տնտեսության ազատականացման ռիսկերից պաշտպանելու համար։ Մեր չիմացածներն էլ սովորեցինք։ Մասնավորապես, որ լիբերալիզմը ենթադրում է պատասխանատվություն մեկս մյուսի առջեւ։ Այնպես որ, ամեն հարցում կարելի է լիբերալ լինել, միայն թե ոչ այն ժամանակ, երբ լիբերալիզմի անվան տակ մեզ «ամենաթողություն» է հրամցվում։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Բանսկո-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել