Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետմայստերը՝ սատանաների ու հրեշտակների միջեւ

Հուլիս 26,2002 00:00

Բալետմայստերը՝ սատանաների ու հրեշտակների միջեւ Բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը անհանգստացած է օպերային թատրոնի ճակատագրով։ Նրա կարծիքով, թատրոնը ստեղծագործական անկում է ապրում։ Պետությունը բավարար չի ֆինանսավորում ներկայացումները։ Պարադոքսալ է, Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում չեն դրվում ազգային ներկայացումներ։ Եվս մի ցավոտ հարց, որը բազմիցս բարձրացվել է պետական ատյաններում։ Երիտասարդ բալետի արտիստներին բանակ են տանում, որտեղ նրանք կորցնում են իրենց պրոֆեսիոնալիզմը, որակավորումը։ Արդյունքում՝ բալետային դպրոցը ավարտելուց հետո նրանք մեկնում են արտասահման։ «Շնորհալի պարողները յուրաքանչյուր երկրում մեր ժողովրդի լավ դեսպաններն են։ Ազգային փոքրամասնությունները աշխարհի հետ պետք է խոսեն արվեստի, գիտության դիրքերից»,- ասում է Մաքսիմ Մարտիրոսյանը։ 1971 թվականին Մաքսիմ Մարտիրոսյանին հրավիրեցին աշխատելու Մոսկվայի խորեոգրաֆիկ ուսումնարանում՝ որպես գեղարվեստական ղեկավար, որտեղ նա մնաց 17 տարի։ Կարեն Դեմիրճյանի խնդրանքով 1987 թվականին, ի զարմանս մոսկովյան գործընկերների, վարպետը վերադարձավ Հայաստանի օպերային թատրոն՝ որպես գլխավոր բալետմայստեր, հայրենական բալետի գործերը կարգավորելու նպատակով։ Բայց ժամանակները անբարենպաստ էին։ Սկզբում ղարաբաղյան շարժումը սկսվեց, հետո հաջորդեց սարսափելի երկրաշարժը։ Գործնականորեն աշխատանքը օպերային թատրոնում կանգ առավ, սկսվեց մեռյալ ժամանակաշրջանը։ Այդ ժամանակ բալետի վարպետը Կանադայում աշխատելու հրավեր ստացավ։ Մոնրեալում Մաքսիմ Մարտիրոսյանը կնոջ հետ միասին (նա նույնպես պարարվեստի մասնագետ է) հիմնեցին ռուսական բալետային դպրոց, որը մինչ օրս էլ գործում է։ 5 տարի աշխատելուց հետո նրանք կրկին վերադարձան հայրենիք։ Երեւանում վարպետը հիմնեց նոր բալետային թատրոն։ Այժմ բալետմայստերը պատրաստում է մեկ գործողությամբ բալետ՝ Վիվալդիի «Տարվա եղանակները» երաժշտության ներքո, երկրորդ մասը համերգային է, դիվերտիսմենտային։ Երեւանի պարարվեստի դպրոցի հիմքի վրա Մաքսիմ Մարտիրոսյանը ստեղծել է նաեւ «Պարմանի» մանկական թատրոնը։ Աշխարհում շատ քիչ մանկական բալետային թատրոններ կան։ Ա. Խաչատրյանական տարվա հետ կապված, բալետմայստերը պատրաստում է համերգային ծրագիր, աշխատում է Ա. Խաչատրյանի ջութակի համար գրված կոնցերտի վրա։ Վարպետի հիմնած դպրոցում ակտիվորեն օգտագործվում են մոդեռնի եւ նեոդասականի տարրեր։ «Հռիփսիմե եւ Տրդատ» ներկայացումը, որի պրեմիերան հաջողությամբ կայացավ, Մաքսիմ Մարտիրոսյանի բնորոշմամբ, դասականի, ժողովրդականի եւ ժամանակակիցի ներդաշնակություն է։ Ներկայացումը մեծածավալ է, որում ներգրավված է 250 մարդ։ Այն հաջողվեց իրականացնել ֆինանսական աջակցության շնորհիվ։ Դա պետպատվեր էր, բայց պետությունը խոստացված գումարի մի մասը տրամադրեց։ Հաճախ ներկայացումների գեղարվեստական ձեւավորումը հենց ինքն էր կատարում։ Շոստակովիչի 9-րդ սիմֆոնիայի խորեոգրաֆիկ ներկայացման գեղարվեստական ձեւավորումը, զգեստների էսքիզները Մաքսիմ Մարտիրոսյանն էր կատարել։ Մի ժամանակ նա աշխատել է քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հետ։ Նկարիչ ընկերները պնդում են, որ բալետմայստերը լրջորեն զբաղվի կերպարվեստով։ Արվեստագետը սիրում է գեղանկարչություն, լավ գիտե Վերածննդի շրջանի նկարիչներին, տարված է Բոտիչելիով։ Հայ նկարիչներից երկրպագում է Սարյանին, Զարդարյանին, Մինասին։ Մաքսիմ Մարտիրոսյանը ստեղծագործական մեծ ներուժ եւ երեւակայություն ունի։ Հետաքրքիր են հենց իր աշխատանքները՝ «Ադամ եւ Եվան», «Տոհմական զինանշանը» (գեղանկարչությունը խեցեգործության վրա) եւ մյուս ստեղծագործությունները։ Մաքսիմ Մարտիրոսյանը մի կողմից շրջապատել է իրեն սրբանկարների հավաքածուներով, իսկ մյուս կողմից սատանաների, որոնց ինքն է արարում եւ ապրում նրանց միջեւ։ «Սրբանկարները եւ սատանաները ստեղծում են որոշակի դրական մթնոլորտ»,- ասում է արվեստագետը։ Հայտնի է, որ եկեղեցու սպասավորները հազվադեպ են հիվանդանում, քանի որ գտնվում են սրբանկարների դրական ներազդի ներքո։ Մ. Մարտիրոսյանը նաեւ կրոնասեր մարդ է. համարում է, որ կրոնը մեծ ուժ է, գիտություն, արվեստ։ Դժվար է պատկերացնել մի ժողովուրդ՝ առանց կրոնի։ Արվեստագետի՝ սատանաների հավաքածուների շարքերում նրանց առաջնորդն է Նիկ անունով մի յուրահատուկ աֆրիկյան սատանա՝ ծխամորճով, որը բալետմայստերի եղբոր նվերն է։ Նրանց մեջ արվեստագետը տեսնում է հետաքրքիր, ծիծաղելի, զվարճալի մի բան, որոնք իր համար գործող անձինք են եւ պետք չէ նրանց մեջ փնտրել չար սկիզբ։ Սատանաների կողքին պարուհիների մանրաքանդակներն են շարժման, պլաստիկայի մեջ՝ բալետմայստերի աշխատանքները։ ԱԻԴԱ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել