Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ «ՑՆՑՎԵՑ» ԵԽ-Ն

Սեպտեմբեր 17,2002 00:00

ԻՆՉՊԵՍ «ՑՆՑՎԵՑ» ԵԽ-Ն Սեպտեմբերի 26-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կլսի Հայաստանի եւ Ադրբեջանի պարտավորությունների կատարման վերաբերյալ դիտորդական խմբերի զեկույցները։ Մինչ այդ զեկույցները քննարկվեցին սեպտեմբերի 10-ին՝ Փարիզում կայացած Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ։ Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր (ՀՅԴ խմբակցության) Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ՝ Հայաստանի մասին զեկույցում անդրադարձ կա ե՛ւ խոսքի ազատության խնդիրներին, ե՛ւ մահապատժի վերացմանը, ե՛ւ կրոնի ազատությանը։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե հատկապես ԶԼՄ-ների ազատությանն առնչվող հարցերն ի՞նչ տեղ են գտել զեկույցում, եւ արդյո՞ք «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատների հետ դիտորդական խմբի հանդիպումը ինչ-որ կերպ անդրադարձել է զեկույցի շեշտադրմանը։ ԶԼՄ-ների ազատության խնդիրներով դիտորդները խիստ էին հետաքրքրված, համենայնդեպս ԶԼՄ-ների ներկայացուցիչներիս հետ հանդիպման ժամանակ այդպես էին ներկայացնում։ Իսկ զեկույցում տեղ է գտել այնպիսի ձեւակերպում, ըստ որի, իր պարտավորությունների կատարման հարցում Հայաստանն էական տեղաշարժ է արձանագրել։ Արմեն Ռուստամյանի ներկայացմամբ, զեկույցում նշված խնդիրները հետեւյալներն են. «Առաջինը, որ Հայաստանը պետք է բարեփոխի «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը, դիտողություններ արվեցին նաեւ ԶԼՄ-ների վերաբերյալ։ ԵԽ-ն պահանջում է, որ ԶԼՄ-ների մասին օրենքը մոտակա նստաշրջանում անպայման քննարկվի եւ ընդունվի արված դիտողությունները հաշվի առնելով»։ Կոնկրետ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» մասին զեկույցում չկա՞ որեւէ անդրադարձ. «Կոնկրետ անուններ չեն տրվում, բայց անդրադարձ է կատարվում այն իրավիճակին, որ ստեղծվեց ապրիլին կապուղիների մրցույթի հետ կապված։ Զեկույցում ասվում է, որ սա հասարակության մեջ լարվածություն է առաջացրել, եւ անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ իրականացնել այն օրենքում, որն իր մեջ անորոշություններ է պարունակում։ Զեկույցում հույս է հայտնվում, որ հոկտեմբերի 25-ին անցկացվելիք մրցույթը հաշվի կառնի այս բոլոր խնդիրները, եւ այդ հաճախականությունների մրցույթը կանցնի ավելի բարձր մակարդակով»։ Մահապատժի վերացման եվրոպական պահանջը մնում է ուժի մեջ։ Պրն Ռուստամյանից փորձեցինք ճշտել՝ մոնիտորինգի խումբը զեկույցը ներկայացնելուց առաջ արդյո՞ք որեւէ կերպ չի բացատրել իր խայտառակ պահվածքը Հայաստանում, երբ հայտարարեց, թե «27»-ի ամբաստանյալների հետ հանդիպելու մտադրություն չունի, բայց հետո պարզվեց, որ ունի եւ նույնիսկ հանդիպեց։ Արմեն Ռուստամյանն ասաց, որ նման հարց չի դրվել. «Իրենց հանդիպումների ընթացքը, օրակարգը չի քննարկվում համաժողովի նիստերում, քննարկվում են ներկայացված եզրակացությունները։ Զեկույցում «Հոկտեմբերի 27»-ի մասին խոսվում է այն մասով, որ ժամանակին առաջարկվում էր լայն եւ բաց դատավարություն իրականացնել եւ հնարավորություն ստեղծել, որպեսզի ԱԺ-ն ավելի մանրամասնորեն տեղեկացված լինի գործի ընթացքին։ Զեկույցում ասվում է, որ այս ամենն իրենց դիտարկմամբ կա եւ իրականացվում է. հրապարակային դատավարություն է ընթանում, եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է, աշխատել եւ դադարեցրել է իր աշխատանքը։ «Հոկտեմբերի 27»-ի հետ կապված այլ առանձին անդրադարձ չի կատարվել։ Նշվում է, իհարկե, որ սա մեծ հարված էր պետությանը եւ այլն, բայց՝ ոչ ավելին»։ Զոհերի հարազատների հետ հանդիպման մասին ասվել է միայն բանավոր խոսքում։ Իսկ մահապատժի շուրջ խոսակցությունը շատ լուրջ է եղել, «որովհետեւ միակ խնդիրը, որը, ըստ ԵԽ-ի, Հայաստանն ունի, մահապատժի վերացման հարցն է։ Սա ԵԽ-ի համար սկզբունքային նշանակություն ունի։ Սկզբնական տեքստում պահանջը շատ խիստ էր՝ մահապատիժը պետք է վերացվի մինչեւ 2002թ. հունվարը։ Եվ չվերացնելու դեպքում պետք է դադարեցվեին ԵԽ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները։ Կարողացանք այս ձեւակերպումը փոխել եւ ժամկետը տեղափոխել մինչեւ հունիս ամիս։ Հիմնական պատճառաբանությունը որ բերվեց՝ քաղաքական շահարկումների հարցն էր։ Զեկուցողները եւս ասացին, որ Հայաստանը գտնվում է նախընտրական փուլում, եւ մահապատժի հարցը զանազան քաղաքական ուժերի կողմից օգտագործվում է որպես շահարկման առարկա։ Սա ընդդիմության ձեռքին լուրջ խաղաքարտերից մեկն է դարձել, եւ շահարկումներից զերծ մնալու համար հանձնաժողովը համաձայնեց հարցը մինչեւ հունիս հետաձգել»։ Սակայն իրավական տեսանկյունից, փաստորեն, Հայաստանում արդեն վերացված է մահապատիժը եւ խոսքը գնում է միայն 6-րդ արձանագրության վավերացման մասին։ Արված վերապահումը՝ որոշ հանցագործությունների մասով պահպանել մահապատիժը, ցնցել է ԵԽ-ն։ Զեկույցում այդպես էլ նշված է. «ԵԽ-ն ցնցված է այն որոշումով, որ մահապատիժը պետք է պահպանել որոշակի տեսակի հանցանք կատարած անձանց նկատմամբ»։ Թե ինչո՞ւ է ԵԽ-ն «ցնցված»՝ իր գործն է, սակայն, որպես, այնուամենայնիվ, ինչ-որ չափով ինքնուրույն երկիր, Հայաստանն էլ երեւի իրավունք պիտի ունենա հակառակից «ցնցվել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել