Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակված փաստերի հետեւանքով

Հոկտեմբեր 04,2002 00:00

Հրապարակված փաստերի հետեւանքով «Մի քանի տարիների ընթացքում Ջրվեժի պարկային տնտեսությունը թվով հինգերորդ, թե վեցերորդ տնօրենն է փոխում»,- հավատացնում էին տնտեսության աշխատակիցները, երբ շրջում էինք պարկում։ Իսկ «Առավոտի»՝ կրկին արգելոցապարկային համալիր այցելելը նորանշանակ տնօրեն Վոլոդյա Աբգարյանի նախաձեռնությամբ էր։ Նշենք, որ «Առավոտն» իր 29.06.2002թ. «Խայտառակ փաստերն՝ անտեսված» եւ 24.09.2002թ. «Փաստերը շարունակվում են» հրապարակումներում անդրադարձել էր Ջրվեժի պարկային տնտեսության տարածքում կատարվող անօրինականություններին։ Առաջին հրապարակումից հետո տեղեկացանք, որ պարկի նախկին տնօրեն Վանիկ Միհրանյանն իր դիմումի համաձայն (այդպես պատասխանեցին բնապահպանության նախարարությունից, երբ փորձեցինք ճշտել, թե հրապարակված փաստերը որքանով առնչություն ունեն Վ. Միհրանյանի աշխատանքից ազատման հետ- Լ. Բ.) ազատվել է աշխատանքից։ Երկրորդ հրապարակման առիթով օրերս խմբագրություն էր եկել Վ. Աբգարյանը, որին, զարմանալիորեն, նյութում բերված փաստերից առավել «նեղացրել» էր «Տնօրենը, ինչպես մեզ հայտնեցին, կամ տեղում չէր, կամ էլ գործով նախարարություն էր գնացել» տողը։ Եվ վրդովված փորձում էր բացատրել, թե իրենք օրվա ընթացքում ՀՀ-ի քանի մարզերի դենդրոպարկերում (տնկարան) են լինում։ Իսկ ինչ վերաբերում է տնօրենի արդարացումներին, անտառտնտեսությունում կարգուկանոն հաստատելուն, պարտք -աշխատավարձերը վճարելուն կամ պարկի տարածքում ոչ դոկումենտալ թաղումները կանխելուն, փորձեցինք տեղում պարզել։ Այն, որ Ջրվեժի պարկային տնտեսությունում որոշակի փոփոխություններ են գրանցվել, փաստում էր պարկը գերեզմանոցից տարանջատող ցանկապատը։ Տնօրենի խոսքերով. «Տարածքն ընդունելիս այդ հատվածը ցանկապատել եմ, որպեսզի այսուհետեւ քաղաքացիները նորից թաղումները չշարունակեն»։ Պետք է ենթադրել, որ մինչ այժմ կատարվող թաղումները տեղացիները ինքնագլուխ չէին իրականացնում։ Պարկային տնտեսության հաստիքային աշխատողների ցուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Վ. Աբգարյանն ասաց, որ չորս պահակների հեռացրել է՝ ժամանակին աշխատանքի չգալու եւ պարկ մտնել ցանկացողներին (որոնց մուտքը պարկ, ի դեպ, արգելվում է) փողով ներս թողնելու համար։ Նյութում արձանագրված փաստը՝ արգելոցապարկային համալիրի Ջրվեժի տարածքից ջրի խողովակներ ապամոնտաժելու եւ անհայտ անձանց կողմից գողության փորձ կատարելու մասին, թույլ հսկողության եւ իր վրա դրված պարտականությունները թերի կատարելու համար անտառապահ Արմենակ Ազարյանին խիստ նկատողություն էր տրվել։ Չնայած տնօրենը պնդում էր, որ խողովակաշարն իր օրոք չի կտրվել։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել