Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարգելի վետերաններ, ձեր վրդովմունքը լավ եմ հասկանում»

Հոկտեմբեր 11,2002 00:00

«Հարգելի վետերաններ, ձեր վրդովմունքը լավ եմ հասկանում» Ս.թ. մարտի 20-ին Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանը քննության առավ մի խումբ վետերանների հայցադիմումը՝ 17.04.2001թ. կայացած ժողովի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին։ Համայնքի վետերանները խոսում էին հիմնականում ոչ միայն անօրինական ժողովի, այլ անօրինական նախագահի՝ Սմբատ Գեւորգյանի հանցավոր արարքների մասին։ Խոսում էին նաեւ նրա «տանիք» միության խորհրդի նախագահ Պերճ Բոշնաղյանի մասին։ Ներկաները ցանկանում էին ելույթ ունենալ։ Դատավորը ստիպված միջամտում էր՝ – Հարգելի վետերաններ, ձեր վրդովմունքը լավ եմ հասկանում։ Սակայն մի մոռացեք, որ այսօր դատարանը քննարկում է միայն 17.04.2001թ. ժողովի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին հարցը։ Դատարանը վճռեց՝ ընտրությունները ճանաչել անվավեր։ Վճիռը, հասկանալի էր, դուր չեկավ Սմբատ Գեւորգյանին եւ Պերճ Բոշնաղյանին, որոնք վերաքննիչ բողոք ներկայացրին ՀՀ վերաքննիչ դատարան։ 2002թ. հուլիսի 4-ին վերաքննիչ դատարանը (կոմունիստ Ֆրունզիկ Խառատյանի աղջկա նախագահությամբ) կայացրեց վճիռ՝ «Քաղաքացիական գործի վարույթը կարճել դատարանում քննության ենթակա չլինելու կապակցությամբ»։ Հույսները չկորցրին եւ դիմեցին վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական պալատին։ Եվ ահա 2002թ. օգոստոսի 9-ին պալատի դատավորները (Ա. Մկրտումյանի նախագահությամբ) եզրակացրին. «…Շահագրգիռ անձը իրավունք ունի դիմելու դատարան՝ Սահմանադրության, օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված իր իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության համար։ Նման պայմաններում հիմնավոր է բողոքի պատճառաբանությունն այն մասին, որ վերաքննիչ դատարանը գործի վարույթը կարճել է օրենքի սխալ մեկնաբանման արդյունքում»։ Հետեւեց պալատի որոշումը. «Բողոքը բավարարել՝ բեկանել վերաքննիչ դատարանի 04.07.2002թ. վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ ուրիշ կազմով նոր քննության։ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոքարկման»։ Դատական կարուսելի պտույտի արդյունքում սեպտեմբերի 13-ին քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահությամբ՝ Ս. Անտոնյանի) քննարկեց 17.04.2002թ. վճիռը վետերանների համայնքի ժողովի ընտրությունները անվավեր ճանաչելու մասին։ Նախագահ Ս. Անտոնյանը դիմում է դիմումատուներից մեկին՝ պատերազմի հաշմանդամ, բոլորի կողմից հարգված 90-ամյա Աղասի Կարոյանին. – Ի՞նչն է ձեզ ստիպել դիմել դատարան։ Աղասի Կարոյանը պատասխանում է. – Մենք չենք ցանկանում օրինախախտումների նկատմամբ մնալ դիտորդի դերում։ Նախագահող դատավոր Ս. Անտոնյանը հայտարարեց. «Դատարանը հարգում է ձեր արդարացի պահանջը, ուժի մեջ է թողնում առաջին ատյանի դատարանի վճիռը։ Մեկ շաբաթից կստանաք վճիռը»։ Մեկ շաբաթ հետո դատավորի օգնականը վետերան Նորիկ Մեժլումյանին է հանձնում Ս. Անտոնյանի վճիռը, որի մեջ ասված է՝ «Այն հանգամանքը, որ 2001թ. հուլիսի 13-ի որոշմամբ անվավեր են ճանաչվել 17.04.2001թ. ընտրությունների արդյունքները, չի կարող հիմք հանդիսանալ դրանք դատարանի վճռով նույնպես անվավեր ճանաչելու համար։ Հետեւաբար դատարանը գտնում է, որ դատարան ներկայացված պահանջը չի բխում ինչպես «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ միության կանոնադրության պահանջներից։ 17.04.2001թ. անվավեր ճանաչելու պահանջի մասին մերժել»։ Մեզ՝ վետերաններիս զարմացրել է դատավորի երկակի խաղը. ինչո՞ւ մեզ մի բան ասաց, իսկ վճռում բոլորովին հակառակն է, որը պատիվ չի բերում դատավոր Անտոնյանին։ Մի խումբ վետերաններ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել