Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՄ

Հոկտեմբեր 11,2002 00:00

ԵՍ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՄ Լեւոն Հարությունյանը Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու է: Թերեւս Կենտրոն համայնքից հետո այստեղ ընտրությունները բավական լարված կընթանան: Սակայն կարծում ենք, որ ոչ թե մրցակիցների ծրագրային կամ գաղափարական հավասար պայքար կլինի, այլ այս համայնքում առաջադրված որոշ թեկնածուների «մեջքին կանգնած» ուժերի կոշտ ընտրարշավ: Այս եւ ծրագրային այլ հարցերի շուրջ փորձեցինք զրուցել Լ. Հարությունյանի հետ: «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կոշտ բախումներ չլինեն, նորմալ ընտրություն լինի, սակայն եթե իմ հակառակորդներից որեւէ մեկը դիմի նման քայլերի, անշուշտ մենք էլ կդիմենք մեր քայլերին. սա ոչ միայն իմ ընտրությունն է որպես թեկնածու, այլեւ իմ համայնքի, իմ քաղաքի, իմ երկրի: Մենք էլ ուժ ունենք, որը կարող ենք կիրառել, բայց գաղափարապես եւ ծրագրով թույլն է միայն դիմում նման ուժերի: Ես կողմ եմ արդար ընտրություններին, հավատում եմ դրան եւ ժողովրդի գիտակցությանը, որին ցանկանում եմ օգտակար լինել: Այլապես չէի առաջադրվի»: – Որոշակի առումով թերեւս հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն է ձեր կապվածությունը Արաբկիրի համայնքի հետ, որքանո՞վ եք ծանոթ այս համայնքի խնդիրներին: – Երկար տարիներ եւ 1997 թվից էլ բնակվում եմ այդ համայնքում, ավարտել եմ Արաբկիրի թիվ 148 դպրոցը: Դպրոցն ավարտելուց հետո մենք բնակարան ստացանք Ավանում: Այս համայնքի խնդիրները ես կիսում եմ նախ իբրեւ այդ համայնքի բնակիչ, բացի այդ, վերջին տարիներին Երեւանի քաղաքապետարանում եմ աշխատել, եւ իբրեւ Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ միշտ առնչվել եմ այս համայնքի հետ: Ունեմ ռեալ պատկերացումներ եւ ինֆորմացիա Արաբկիրի մասին: Տարածված կարծիք կա այսօր, որ պաշտոնի հավակնողը նախեւառաջ ձգտում է անձնական բարեկեցության: Ես նման խնդիր չունեմ. ինքս եղել եմ բանվորի ընտանիքից եւ սեփական աշխատանքիս շնորհիվ իմ ընտանիքն ապահովված է, եւ չափի զգացումը, չափավոր կենցաղը համարում եմ յուրաքանչյուր պաշտոնյայի ամենակարեւոր հատկանիշներից մեկը: Ամբողջ հանրապետությունում եւ նաեւ մեր համայնքում սոցիալական բեւեռացումը հասել է մեծ չափերի, որի արդյունքում մարդիկ հուսալքվում են, արտագաղթում, վաղվա օրվա հանդեպ անտարբեր են դառնում: Իմ կարծիքով, ձեռքերը ծալած նստելը ոչ մի օգուտի չի կարող մեզ բերել: Պետք է ամեն ինչում կատարենք մեր սեփական ընտրությունը, պահանջենք մեր իրավունքները, ստիպենք տեր կանգնել տրված խոստումներին: Կանդրադառնամ համայնքի որոշակի խնդիրներին, ամբողջը հնարավոր չէ այժմ թվել: Խնդիրների մեծ մասը ընդհանրական են ամբողջ հանրապետության համար, սկսած`սոցիալական վիճակից, մինչեւ աշխատանքի բացակայությունը, գազիֆիկացման խնդիրները, ջեռուցման, ջրամատակարարման, շենքերի տանիքների վերանորոգման, բակերի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները: Համայնքի բնակիչների խնդիրներին միայն ընդունելության օրերով հնարավոր չէ ծանոթանալ, պետք է թաղամաս առ թաղամաս շրջել-տեսնել, լուծում գտնել: Համայնքում ամենակարեւոր խնդիրը աշխատանքի ճիշտ կազմակերպումն է, որը այս համայնքում բացակայում է: Առաջնային խնդիրը, որ ես պետք է կատարեմ ընտրվելու դեպքում, ավագանու հետ մեկտեղ եկող տարվա բյուջեի կազմումն է, որը մեզ թույլ կտա պլանավորել եւ կազմակերպել համայնքի աշխատանքները: Ինչպես նշել եմ իմ ծրագրում, համայնքի բյուջեն հնարավոր է կրկնապատկել: – Ինչպե՞ս, ինչի՞ հաշվին կրկնապատկել: – Դա առաջին հերթին հնարավոր է աշխատանքի ճիշտ կազմակերպմամբ, համայնքում ծագած խնդիրների լուծման ձեւերով: Որոշակի ծառայություններից եկող գումարները պարտադիր պետք է բյուջե մուտք գործեն, եւ պետք է վերջ տրվի մեծ տոկոս կազմող ստվերային շրջանառությանը: Ասեմ նաեւ, որ բյուջեի կրկնապատկումը չի նշանակում, թե բնակչությունից գանձվող գումարները պետք է կրկնապատկվեն: – Կենտրոն համայնքի ընտրություններից հետո կարծես այս համայնքի ղեկավարի ընտրություններն են բավական լարված ընթանալու: – Այսօր էլ արդեն լարվածությունը նկատելի է, ինչպես, օրինակ, որոշ դպրոցներում կարծես հրահանգի պես բան կա, որպեսզի ինձ հետ հանդիպումներ չանցկացվեն, կամ մրցակցին վարկաբեկելու համար իրականությանը չհամապատասխանող ապակողմնորոշող տեսակետներ, կեղծ ինֆորմացիաներ են շրջանառության մեջ դրվում:8230Տարածում են՝ իբր ինձ կանչել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ասել`թեկնածությունդ դիր-հեսա գալիս ենք, կամ ինձ անընդհատ փորձում են ներկայացնել իբրեւ ՀՀՇ անդամ, այնինչ ես անկուսակցական եմ: Կամ քանի որ ես աշխատել եմ քաղաքապետարանում, ժողովրդի մեջ տարածում են, թե, որպես քաղաքապետարանի աշխատակից, ես էի իրենց կրպակները հանողը, այնինչ կրպակներ հանել-չհանելը թաղապետարանների իրավասությունների մեջ է մտնում… – Ինչպես նաեւ ձեր մրցակիցները տարածում են, թե ընտրվելու դեպքում դուք թաղապետարանի ներկայիս աշխատակազմին հեռացնելու եք աշխատանքից: – Թաղապետարանի աշխատակիցներից շատերի հետ իմ նախկին աշխատանքի բերումով, ինչ խոսք, ծանոթ ենք եւ այն բոլոր լավագույն կադրերը, որոնք իմ ներկայացրած ծրագրերի մեջ կաշխատեն, բնականաբար չեն տուժի: Ավելին, այս ընթացքում եղել են մարդիկ, որոնք առաջարկել են այս ընտրարշավում իրենց օգնությունը` փոխարենը հետագայի համար ինչ-որ գործ ուզելով, եւ ես կտրականապես հրաժարվել եմ: Դա դեմ է իմ որդեգրած սկզբունքին, իմ հետագա անելիքներին: – Այս համայնքում էլ կարծես ամեն գնով իշխանություն վերցնելու երեւույթ է նկատվում, որոշակի թաքնված ուժերի պայքար է եւ ոչ թե ծրագրային պայքար: – Այո, եւ այդ իմաստով ես առայժմ այս պայքարում ինձ գաղափարական, ծրագրային մրցակից չեմ տեսնում: Եթե տեսնեի, որ կա մի թեկնածու, որն իսկապես ունի լուրջ ծրագիր, որն իրոք ուզում է աշխատել, այս ժողովրդին օգուտ տալ, իմ թեկնածությունը չէի դնի, այլ կօգնեի այդ թեկնածուին` հանելով իմ թեկնածությունը: Վստահ եմ, որ ժողովուրդը կտեսնի եւ կգնահատի իմ ծրագիրը, եւ կեղծ խոստումներով ու խոսքերով չի առաջնորդվի, այլ ինքն իր ընտրությունը կկատարի, վաղվա օրը չի վաճառի, կընտրի եւ կպահանջի: Կցանկանամ, որ ժողովրդի հավատը վերականգնվի, չմտածի, թե` մեկ է, ով էլ գա, նույնն է լինելու: Արաբկիրը միշտ ավելի մտավորական, որոշակի ավանդույթներով եւ կայուն բնակչությամբ համայնք է, եւ այս առանձնահատկության գիտակցումը պարտավորեցնող է իմ հետագա բոլոր ծրագրերում: Հարցազրույցը ՝ Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել