Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծն ավելի մարդասիրական է

Հոկտեմբեր 11,2002 00:00

Նախագիծն ավելի մարդասիրական է Հարցազրույց ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության թեկնածու Արա Գաբուզյանի հետ: – Աշխատանքային խմբի կազմում Դուք աշխատել եք Քրեական օրենսգրքի նոր նախագծի վրա, այն ի՞նչ առավելություններ ունի գործող Քրեական օրենսգրքի նկատմամբ: – Առավելությունների մասին խոսելիս հարկ է նշել, որ նախագծում ավելի մանրամասն են կարգավորվում քրեաիրավական պրոբլեմները, եւ եթե մինչ այս նախագիծը դրանք տեսության մակարդակով էին լուծվում, այժմ արդեն օրենսդրական ամրապնդում են ստացել: Մյուս առավելությունը քրեական օրենսդրության տեսության զարգացման արտացոլումն է նախագծում: Նախագիծը, փաստորեն, անցումային շրջանի պետության քրեական օրենսգրքի նախագիծ է: Շուկայական տնտեսությունը, շուկայական հարաբերություններն իրենց հետ հանցավոր վարքագծի նոր ձեւեր են բերում, որոնք ավելի բազմազան են դառնում: Հետեւաբար դրանց դեմ պետք է պայքարել նաեւ քրեաիրավական միջոցներով, որի հնարավորությունն ահա տալիս է նոր նախագիծը: Եվ պատահական չէ, որ նոր նախագծի ծավալուն բաժիններից 23-րդ գլուխը՝ «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները» եւս դրական փոփոխությունների է ենթարկվել: Հայտնի է, որ մեր հանրապետությունում հռչակվել է միջազգային իրավունքի գերակայությունը ներպետական օրենսդրության նկատմամբ: Այս տեսակետից գործող Քրեական օրենսգիրքը ոչ մի քննություն չէր բռնում: Նրանում եղած շատ դրույթներ ուղղակի հակասում են ՀՀ կողմից վավերացրած միջազգային պայմանագրերին եւ ընդհանրապես միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին: Այս տեսակետից փորձ է արվել նախագիծը հնարավորինս համապատասխանեցնել օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին: Քրեական օրենսգրքի նոր նախագծում բավականին ավելացել են այն սկզբունքները, որոնք հնարավորություն են տալիս քրեական պատասխանատվությունից ազատել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձանց: Սա եւս մեծ առավելություն է: Եթե հնարավոր է անձին քրեական պատասխանատվության չենթարկել կամ նրան ազատել քրեական պատժից, ուրեմն այդ խնդիրը որոշ դեպքերում իրականացվում է: Եթե նաեւ մի փոքր քնարական ձեւակերպումների տուրք տանք, ապա կարելի է ասել, Քրեական օրենսգրքի նոր նախագիծն ավելի մարդասիրական է: – Ձեր կարծիքով նախագծում կա՞ն դատական համակարգի աշխատողներին, այսպես ասած, մանեւրելու հնարավորություններ։ – Յուրաքանչյուր օրենսգրքում էլ դրանք կան, որովհետեւ կյանքը շատ ավելի բազմազան է, իսկ օրենքներում պարզապես սխեման է նկարագրվում: – Դուք հետաքրքրվու՞մ եք «աղմկահարույց» դատավարություններով: – Այդքան էլ չէ: Իմ կարծիքով՝ դրանք պարզապես շոու են: Զրուցեց ՇՈՒՇԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել