Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնագերազանցում

Հոկտեմբեր 31,2002 00:00

Ինքնագերազանցում Մամուլի ասուլիսներ անցկացնելու գործում կոփված Պարույր Հայրիկյանն արդեն սկսում է ինքն իրեն գերազանցել։ Երեկ, ընդամենը կես ժամվա ընթացքում (նախկին 1,5-2 ժամվա փոխարեն), Հայրիկյանը հասցրեց հերթական անգամ վերապատմել իր փառապանծ կենսագրությունը եւ առաջիկայում հրատարակելիք գրքույկի բովանդակությունը։ Իսկ ասուլիսի թեման էր՝ «Հայաստանի ընտրական համակարգի թերությունները եւ դրանց վերացման ուղիները»։ Նախագահական ընտրությունների նախաշեմին, Հայաստանի բացառիկ ժողովրդավարը, ամփոփելով ՀՀ քաղաքական կյանքի «զարգացումները, ձեռքբերումներն ու բացթողումները», «տխրությամբ» նկատել է, որ «մեզանում փաստորեն չկան իրական ժողովրդավարության, այսինքն՝ երկրի կառավարմանն իրավահավասար կերպով մասնակցելու մարդու իրավունքի վրա հենվող մասնագետներ»։ Եվ չնայած, բարեբախտաբար, դա «միայն Հայաստանին չի վերաբերում», սակայն Հայրիկյանին «պարտավորեցնում է ասպարեզ իջնել տեսական եւ գործնական առաջարկներով»։ Առաջարկների տեսական մասն, ինչպես արդեն նշեցինք, վերաբերում էր Հայրիկյանի ինքնակենսագրական անցյալին։ Իսկ գործնականը՝ դարձյալ, կրկին եւ նորից՝ «Ընտրական օրենսգրքին»։ Մասնավորապես՝ ոչ համամասնական ընտրակարգով ձեւավորվող խորհրդարանին, ավագանիների՝ համայնքապետերին օրենքով ենթակայեցվածությանը, քվեաթերթիկների չհամարակալվածությանը, քաղաքացիների գրանցմանը նախընտրական ցուցակներում։ Վերջին հարցի վերաբերյալ մեր՝ ազգային ժողովրդագետ-ժողովրդավարի կարծիքով, «ընտրության մասնակցելը քաղաքացիների իրավունքն է. ինչո՞ւ պետք է իշխանությունները ընտրական ցուցակներ կազմեն ու դրանցում նշելով բոլոր քաղաքացիների տվյալները՝ դրանց ստուգման անվան տակ, ի ցույց դնեն աշխարհին… Պետք է իշխանություններից վերցնել ու քաղաքացիներին հանձնել նաեւ ցուցակները կազմելու, այդ ցուցակներում ընդգրկվելու իրավունքը»։ Այս ասուլիսը մյուսներից տարբերվեց նրանով, որ ի հայտ եկան հայրիկյանական նոր, համաշխարհային որակներ. Հայրիկյանն այլեւս սպառնում է իրեն աշխարհի թիվ մեկ ժողովրդավար հայտարարել. «Աշխարհը շուտով գալու է իմ համոզմանը՝ բոլոր պառլամենտները 100% համամասնական պետք է լինեն»։ Ու այս կոնտեքստում Հայրիկյանը նեղացավ մեր ազգից. «Հայաստանում ծնված անկախության գաղափարն աշխարհով մեկ պտտվեց ու նոր ետ եկավ մեզ մոտ։ Այս պարագայում է՞լ թույլ տանք՝ պատմությունը կրկնվի»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել